Թե ինչպես են «անհեռատես» Կոմանդոսի քթի տակ մի խումբ սպաներ պահել

Թե ինչպես են «անհեռատես» Կոմանդոսի քթի տակ մի խումբ սպաներ պահել

Հայտնի Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը, օրերս սենսացիոն բացահայտում էր արել՝ կապված այն բանի հետ, որ մինչեւ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ արտակարգ դրության հայտարարվելը, դեռ փետրվար ամսից ՊՆ մի շարք սպաներ գիշերել են ԴՕՍԱԱՖ-ի շենքում, որի տնօրենն էլ հենց ինքն է։ Նա ասել էր, որ այդ զինվորականներն իր մոտ էին եկել առանց թղթի ու ստորագրության եւ ասել, որ այդտեղ պետք է մնան։ Միայն բանավոր ասել են, որ ՊՆ-ից հրաման ունեն, ինքն էլ ցանկացել է օգնել նրանց։ Ճշտող հարցին, թե իր մոտ հարցեր չէի՞ն առաջանում, պարոն Տեր-Թադեւոսյանն ասել էր, որ նրանք  ամեն ինչ գաղտնի էին անում՝ առավոտյան գնալով, երեկոյան գալով, ինքն էլ, ինչ ճիշտն է, ճիշտը՝ հարցեր չէր տալիս։ Հիմա է հասկանում, թե նրանց իր մոտ թողելով ինչ սխալ է արել։ Թվում էր, թե այսպիսի ապաշխարանք եւ վերջ։ 

Երեկ մենք կապվեցինք լեգենդար Կոմանդոսի հետ եւ հարցրինք․ «Բայց Դուք զինվորական եք, ինչպե՞ս կարող էին Ձեր մոտ հարցեր չառաջանալ»։ Նա հարցից անկհայտորեն ջղաձգվեց եւ նյարդային տոնով նկատեց․ «Դա ի՞նչ հարց է՝ գիտեի, չգիտեի, իմ ի՞նչ գործն է․․․  ինձ պետք չէր այն ժամանակ հետաքրքրվել, ես, առհասարակ, քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում։ Մենք զինվորներ ենք, եւ յուրաքանչյուր դեպքում զինվորը պետք է հեռու մնա քաղաքականությունից։ Զինվորին չի կարելի՝ ո՛չ ինձ, ո՛չ իմ կուրսանտներին»։

Այս իրարամերժ տրամադրությունների առնչությամբ մեջբերենք մի հատված պարոն Տեր-Թադեւոսյանի 2014 թվականի մի հարցազրույցից։ Հարց․ «Պարոն Թադեւոսյան, բայց մենք ունեցանք Մարտի մեկ, տասը զոհ, որին ներգրավված էին զինվորականներն ու բանակը»։ Պատասխան․ «Մարտի մեկը մեզ ոչ բնորոշ իրավիճակ էր: Սխալ բան է եղել, հիմա ուզում ենք իմանալ՝ով է արել, դա էլ չենք կարողանում իմանալ, մենք հեռատեսություն չունենք: Մարտի մեկ մեզ մոտ այլեւս չի լինի»։

Ինչեւէ, Արկադի Տեր-Թադեւոսյանը մեզ հետ զրույցում կրկին նյարդայնացած հարցրեց, թե ինչու է այս հարցը հետաքրքրում մեզ, եւ հավելեց, որ այդ դրվագով պատասխանել է քննչական մարմնին, ապա ներողություն խնդրելով՝ ասաց, որ զրույցն ավարտված է։