Արթուր Թորոսյանի մայրը հիվանդ է, ապրում էին երկուսով

Արթուր Թորոսյանի մայրը հիվանդ է, ապրում էին երկուսով

Հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» մուտք գործած Արթուր Թորոսյանի մայրը շատ վատ վիճակում է: Երեկ մենք այցելել էինք Արտաշատ, որտեղ գրանցված է Արթուր Թորոսյանը։ Նրանց ընտանիքը բնակվում է հինգ հարկանի շենքի վերջին հարկում։

Մենք հասանք, երբ նրանց տնից շտապօգնության մեքենան հեռանում էր։ Մեզ ներս չթողեցին, սակայն դռան հետեւից լսվում էր մոր աղիողորմ լացի ձայնը: Թորոսյանի մոր անունը Հասմիկ է: Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ իմանալ հարեւաններից։ Նրանցից մեկը պատմեց, որ Արթուրը վերջերս բնակարանը վերանորոգել է, մայրը հիվանդ է, բնակարանում ապրում են երկուսով։
«Ես գիտեմ, որ մայրը գրադարանում է աշխատում։ Ես ուղղակի շոկի մեջ եմ, թե ոնց է եղել էդ դեպքը, ես որ հեռուստացույցով տեսա, չհավատացի։ Մայրը հիմա շատ ծանր հիվանդ է, պառկած է։ Ինչքան գիտեմ, տղան աշխատում էր, շատ խելոք տղա էր, անցներ-դառնար, բարեւ կտար, խելոք, սուսուփուս, երեսիս էլ չէր նայի, ես վատը չեմ տեսել։ Հորը չեմ ճանաչում, գիտեմ, որ շատ լավ ընտանիք են։ Իրենք երկուսով էին ապրում՝ մաման ու ինքը։ Ես իրենց տուն չեմ գնացել, ինչքան գիտեմ՝ ամուսնացած չէր։ Մայրն ահագին ժամանակ չի աշխատել, որովհետեւ հիվանդ է, վերանորոգում անելուց հետո էլ չի աշխատել, չգիտեմ՝ բարեկամներ ունի՞, թե՞ ոչ, էս վերջերս խանութում եմ հանդիպել, իր համար խելոք առեւտուր էր անում»,- ասաց հարեւանուհին։

Մյուս հարեւանուհին, որը մասնագիտությամբ բուժքույր է եւ պարբերաբար ներարկումներ է արել Թորոսյանի մորը՝ տիկին Հասմիկին, ասաց, որ մոր ձեռքերի վրա ուռուցքներ կան, թե ինչ հիվանդ է, չի ասել իրեն, երբ հարցրել է, թե դեղերի գումարները որտեղից, ասել է, որ հաշմանդամության կարգ ունի եւ թոշակ է ստանում։ Արթուր Թորոսյանի մասին ասաց, որ ճանաչել է, խելոք տղա է, նախկինում աշխատել է որպես պայմանագրային զինծառայող, վերջերս տեղափոխվել է Երեւան՝ աշխատանքի, սակայն թե որտեղ, չկարողացավ ասել: Քույրը՝ Դուխիկ Թորոսյանը, համալսարանն է ավարտել, ամուսնացած է եւ բնակվում է Ռուսաստանում։

Նշենք, որ հարեւաններից եւ ոչ մեկը չէր ճանաչում Արթուր Թորոսյանի հորը։ Մեզ ասացին, որ ներկայիս բնակարան են տեղափոխվել 4-5 տարի առաջ, հորը՝ Հովիկ Թորոսյանին, ոչ ոք չի տեսել, չգիտեն՝ ո՞ղջ է, թե՞ մահացած։ Արթուր Թորոսյանը 2 տարի հաճախել է Արտաշատի թիվ 2 դպրոց։ Դպրոցի տնօրեն Նաիրա Նիկողոսյանն ասաց, որ տնօրեն է 11 թվականից եւ անձամբ չի ճանաչում Արթուրին։ Նա պատրաստել էր Արթուրի անձնական գործերը, ինչից կարելի է ենթադրել, որ իրավապահներն արդեն այցելել են դպրոց։ Մենք խոսեցինք Արթուրի մաթեմատիկայի ուսուցչուհու հետ։

«Ինքն իմ դասերին հանդես է եկել որպես նորմալ աշակերտ, ես էսքան բանը կարող եմ ասել, թե ինչով է զբաղվել, ինչ է արել, ես չգիտեմ, ինքը 8-րդ դասարան է եղել, որ ես իրեն դասավանդել եմ, էստեղ սովորել է 2000-2002 թվականներին, նորմալ, պատշաճ հաճախում էր դասերի։ Ես իրենից վատ տպավորություն չեմ ստացել, շատ խելոք էր»։ Հիշեցնենք, որ «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով (պատանդ վերցնելը՝ 6-10 տարի ազատազրկում), 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի զենք, եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (գույքը վնասելը):