Ամիսներ շարունակ հաց էր բաժանում. Ով է երեկ Գյումրիում բերման ենթարկված  «քոչարյանամետ» երիտասարդը 

Ամիսներ շարունակ հաց էր բաժանում. Ով է երեկ Գյումրիում բերման ենթարկված  «քոչարյանամետ» երիտասարդը 
լուսանկարը՝ «Արմենիասպուտնիկ»-ի

Երեկ ոստիկանությունը տեսանյութ տարածեց, թե ինչպես են Գյումրիում բերման ենթարկում «Շեկո» մականվամբ 30-ամյա տղամարդուն: Նրան բերման են ենթարկել  ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա, ըստ որի՝ երեկ Գյումրիում երկու հոգի խփել են պատգամավորի ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։

Պատգամավորի խոսքերով՝ միջադեպի պատճառը կրկին իր ֆեյսբուքյան գրառումն է եղել, որը վերաբերել է դեկտեմբերի 7-ին անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ Ռոբերտ Քոչարյանի կողմից ուղարկված ծաղկեպսակին։ Ըստ Սարուխանյանի՝ ծաղկեպսակը տեղադրել են իրեն եւ ընկերոջը սպառնած անձինք, որոնցից մեկին ոստիկանությունը բերման է ենթարկել, իսկ մյուսին որոնում են: Նշենք, որ երեկ բերման ենթարկված անձը՝  Գարիկ Ուզունյանը, նույն ինքը՝ Շեկոն, Գյումրիում ճանաչված գործարար է: Դեռ 2017-ից երիտասարդ գործարարը հիմնել է «Կռունկ» բարեգործական հիմնադրամը:

Նա իր սեփական հացի փռի արտադրանքից օրական 100-150 ընտանիքի անվճար հաց էր  բաժանում: Գյումրու Սախարովի անվան հրապարակում տեղակայված «Կռունկ» խանութում ամիսներ շարունակ հերթեր էին՝ անվճար հաց ստանալու համար: Երեկվանից շահառու գյումրեցիներն անհանգստացած են: «Ափսոս Շեկոն»,-շշնջում են նրանք՝ լսելով խանութի սեփականատիրոջը բերման ենթարկելու լուրը: Մի առիթով Գարիկ Ուզունյանը նշել էր, որ կարիքավորներին օգնելու պատճառն այն է եղել, երբ տեսել է, թե  «վերասյա ու վազվրատ (հին)» հացը տանողների թիվը որքան է ավելացել: Իր խոսքերով՝ շարժվում է «դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին» ավետարանական խոսքերով:

Ուշագրավ է նաև, որ ամիսներ առաջ Գյումրիում միջադեպ էր գրանցվել Մուշի բաժնի ոստիկանապետի եւ Գարիկ Ուզունյանին պատկանող խանութի աշխատակիցների միջև:

Համացանցում հայտնված տեսագրության համաձայն՝ ոստիկանները ներխուժել էին գործարարի խանութ եւ հայհոյանքներով նրան էին պահանջում: Գարիկ Ուզունյանի ընկերը՝ Կարապետ Պողոսյանը, անդրադառնալով դեպքին, գրել էր, որ ընկերոջը ոստիկանները հետապնդում են քաղաքական հայացքների համար:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել՝ ընդգծելով, թե ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված տեսանյութը և միջադեպն ուսումնասիրվում են:

Նշենք, որ ուսումնասիրության արդյունքների մասին որևէ տեղեկություն դեռևս չի հրապարակվել: