Կատարյալ երջանկություն

Կատարյալ երջանկություն

Բան չմնաց Նիկոլ Փաշինյանի երազանքների երկիրը դառնալուն։ Շուտով իշխանության բոլոր ճյուղերը սինխրոն ու համաձայնեցված կաշխատեն, բոլոր խոչընդոտներն ու կասկածելի կադրերը կհեռացվեն, եւ ամեն ինչ կծառայի «Քաղպայմանագրի» հարատեւմանը։ Ահա՝ գլխավոր դատախազի պաշտոնում մի անհասկանալի ու անփորձ աղջկա կարգեցին, որը կկառավարի բազմափորձ դատախազներին եւ արդեն օրինական հիմունքներով կկարգադրի, թե ինչպես կազմեն մեղադրական եզրակացությունները՝ կիրառելով կառավարության աշխատակազմում ձեռք բերած իր փորձառությունը։

Հետո կստեղծվի ներքին գործերի նախարարություն, որտեղ իշխանական սիրելիներից մեկը՝ ՔՊ գերազանցիկ Ռոմանոս Պետրոսյանը, կդառնա նախարար։ Աշնանը Տիգրան Մուկուչյանին կփոխարինեն իշխանական հերթական ուսապարկով, ասենք՝ Վահագն Հովակիմյանով։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալ- ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ կնշանակվի իր հավատարմությունը Փաշինյանին ապացուցած մի զինվորական։ Դատավորներ կնշանակվեն «Քաղպայմանագրի» համակիրները, Փաշինյանի ընտանեկան իրավաբանները կամ, ասենք, «Հանրապետություն» ու «Հանուն հանրապետության» կուսակցությունների անդամներն ու համակիրները։

Արայիկ Հարությունյանի պաշտոնը կբարձրացնեն՝ փոխվարչապետ նշանակելով։ Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար կնշանակեն հայտնի ֆեյքապետին, որն այս պահին Հարությունյանի տեղակալն է։ Ֆեյքերին ու վճարովի քոմենթչիներին, պերֆեկտթիվիներն ու սիվիկները կառավարելու համար աշխատակազմի ղեկավարի կարգավիճակ եւ լիազորություններ են պահանջվում։ Աշնանն էլ ՏԻՄ ընտրություններ են սպասվում՝ ամեն տեղ մի լխպոր ու ծառայամիտ ՔՊ-ականի կնշանակեն, եւ երջանկությունը կլինի կատարյալ։ Ո՛չ ընդդիմություն, ո՛չ ինքնուրույն քայլերի ունակ մարդ, ո՛չ սեփական կարծիք ունեցող պաշտոնյա։