Նիկոլը պետք է հեռացվի․․․ ամեն գնով

Նիկոլը պետք է հեռացվի․․․ ամեն գնով

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երեկ Մոսկվայում հերթական անգամ խայտառակեց իրեն եւ Հայաստանի Հանրապետությունը: Նա գնաց շատ կոնկրետ՝ գերիների ազատման խնդրով, որոնց Իլհամը համարում է ահաբեկիչներ, ու անորոշ ինչ-որ հաղորդակցության ուղիների խնդրով: Գերիների հարցով, ինչպեսեւ սպասվում էր, Փաշինյանը տապալվեց, քանի որ դրանք դեռեւս պետք են Իլհամին՝ մեր երկիրը ներկայացնող անձին անընդհատ խեղճացնելու համար, իսկ երկրորդ խնդրի առումով դեռ պետք է կազմվեն հանձնաժողով եւ աշխատանքային խմբեր: Հայաստանում, ինչպես դժվար չէ հասկանալը, երկրորդ խնդրով զբաղվող չկա՝ բացառությամբ իշխանության, որին դա պետք է պատերազմի պարտությունն ինչ-որ ձեւով փոխհատուցելու համար:

Ասում են, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Պուտինի եւ Իլհամի հետ կայացած հանդիպումից հետո ջարդված վիճակում վերադարձել է Մոսկվայից: Երեւի հասկացել է, որ ինքը՝ որպես երկրի ղեկավար եւ Իլհամի հետ բանակցող, բանի պետք չէ: Բայց դա չի նշանակում, իհարկե, որ հենց այսօր կամ վաղը հրաժարական կներկայացնի: Նա իրեն վաղուց արդեն չի պատկերացնում առանց այդ աթոռի եւ դրա շնորհած արտոնությունների: Մենք էլ չենք պատկերացնում, թե ինչու պիտի այդ անձն անընդհատ խայտառակի մեր երկիրը: Մենք հերթական անգամ տեսանք, որ Նիկոլը բացարձակ ապաշնորհ ղեկավար է եւ անպետք բանակցող, եւ եթե ցանկանում ենք պահպանել մեր պետականությունը՝ նա պետք է հեռացվի: Հեռացվի ամեն գնով…  

Շուտով կլրանա երրորդ տարին, որ մենք մեր գլխին փորձանք բերեցինք՝ կարգելով դրան երկրի վարչապետ: Իսկ այսօր անընդհատ խոսվում է վարչապետի հրաժարականի սահմանադրականության մասին, կարծես թե վարչապետ կարգելիս որեւէ մեկը մտածում էր նույն այդ սահմանադրականության մասին: Կամ հենց ինքն էր մտածում, երբ հայտարարում էր, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե Հայաստանը, իսկապես, չունենար վարչապետ: Գոնե կիմանայինք, որ չունենք, եւ խելքը գլխին մեկին կասեինք՝ արի մեզ վարչապետ:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա մեզ անհրաժեշտ է գործունյա եւ խելացի վարչապետ, այլապես մենք մի քանի տասնյակ տարի հետո կվերածվենք կա՛մ Ռուսաստանի գուբերնյայի եւ կա՛մ Թուրքիայի վիլայեթի: Եթե չենք ցանկանում այդ երկուսից ոչ մեկը, ժամանակն է, որ խելքներս գլուխներս հավաքենք ու մի բռունցք դառնալով՝ Նիկոլին հեռացնենք: Դա պետք է լինի մեր թիվ մեկ ազգային խնդիրը, եւ եթե դա կյանքի չկոչվի, ապա թիվ 2-ի հերթը երբեք չի հասնի: Ժամանակին ՀՀ երրորդ նախագահը հայտարարում էր, որ մեր լեզուն ութ հազար տարեկան է, եւ եթե մենք ցանկանում ենք, որ այն գոյատեւի եւս ութ հազար տարի, ապա այսօր Նիկոլը պետք է հեռացվի:

Վախթանգ Սիրադեղյան