Զինվորի հացը գողացողն ու «մայկա-տռուսիկ» խլողը տեղ է գտել Փաշինյանի ընտրացուցակում

Զինվորի հացը գողացողն ու «մայկա-տռուսիկ» խլողը տեղ է գտել Փաշինյանի ընտրացուցակում

Փաշինյանը հաճախ է խոսում, թե «նախկիններն» ինչպես են բանակը թալանել, զինվորի հացը գողացել, սոված զինվորին առանց «մայկա-տռուսիկ» թողել, իսկ Էջմիածնում քարոզարշավի ժամանակ այսպիսի տեսարան ներկայացրեց. «Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք փող ծախսել զինվորի սննդի վրա: Իսկ որ մարդիկ գալիս էին մտնում զորամասեր, կոնֆետ էին շպրտում, զինվորները ճանկռվելով՝ այդ կոնֆետների հետեւից վազում էին, դրանից պետք է ինքդ քեզ գնդակահարեիր»: Ավելի նվաստացուցիչ բնութագիր միայն թշնամին կարող էր տալ հայ զինվորներին՝ կոնֆետի համար իրար ճանկռող զինվորներ… Մի սրտաճմլիկ տեսարան էլ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց իր՝ 2000-2002թթ․ զինծառայությունից.

«Ես ծառայել եմ Հոկտեմբերյանի զորամասերից մեկում։ Երկու տարի։ 2000 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ՊՆ նախարար էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը երկրի նախագահի պաշտոնն էր գրավում, ես ծառայում էի այստեղ։ Երկու տարի ես այնտեղից այստեղ քաղաքով քայլում էի, որովհետեւ մենք ունեինք ուտելիքի խնդիր, ջրի խնդիր։ Զինվորներին բերում էին քաղաք, որպեսզի լողանային… Մեր ծնողները գալիս էին գերեզմանների մոտ ու թաքուն մեզ ուտելիք էին բերում, որ մենք հաց ուտենք»: Փաշինյանն ու թիմն այնքան են խոսել բանակի թալանից, որ թվում էր, թե իշխանության գալուց հետո՝ 18-ին, պետք է առաջին հերթին պատասխանատվության ենթարկեին այն մարդուն կամ մարդկանց, ովքեր թալանել են բանակը, կերել զինվորի հացը՝ բանակի սննդի եւ հագուստի մատակարարման անմիջական պատասխանատուներն են եղել: Ալեն Սիմոնյանը, ով երեք տարի է՝ իշխանության առաջին դեմքերից է, պետք է հետամուտ լիներ, որ իր բանակային թշվառ կյանքի համար պատասխանատվության ենթարկվեր իր ծառայության տարիների թիկունքի պետը՝ այդ տարիներին զինվորներին սոված-ծարավ, առանց լողանալու թողնելու համար: 

Իսկ այդ տարիներին՝ 2000-2008 թվականներին, ՊՆ թիկունքի պետը եղել է գեներալ-մայոր Գագիկ Մելքոնյանը: Եվ որտե՞ղ է հիմա Մելքոնյանը, բանակը թալանալու, զինվորի հացը գողանալու, առանց կոնֆետ եւ ներքնազգեստ թողնելու համար ի՞նչ պատասխանատվության է ենթարկվել նա Փաշինյանի իշխանության օրոք… Այսօր, պարզվում է, այդ մարդը Փաշինյանի գլխավորած ընտրացուցակում է՝ զբաղեցնում է 16-րդ պատվավոր տեղը եւ հավակնում է դառնալ  ԱԺ պատգամավոր: 2008-ին Գագիկ Մելքոնյանը Մանվել Գրիգորյանի հետ ուզում էր միանալ Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժմանը: 2008-ի ապրիլի 23-ին նախագահի հրամանով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 

Փաշինյանը Մելքոնյանին պատասխանատվության չենթարկեց, որովհետեւ վերջինս շուտ կողմնորոշվեց եւ կարողացավ ժամանակին փաշինյանահաճո հայտարարություններ անել. մարտի 1-ի գործով էլ տարբեր մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին, նախկիններին մեղադրեց տարբեր հանցանքներում՝ մոռանալով, որ ինքն այդ «նախկինների» ամենակարկառուն «կերած-խմածներից» է: 2014-ին, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Մելքոնյանը գնել է «Միկա ցեմենտ» գործարանը: Նրա որդին, ով երբեմն հայտնվում է տարբեր սկանդալային պատմությունների կիզակետում, 2018-ի հուլիսին նշանակվել է Մարտունի քաղաքի ոստիկանապետ: Ժամանակին նրան համակարգից հեռացրել էր Վլադիմիր Գասպարյանը: Սակայն հեղափոխականները նորից վերադարձրին ոստիկանական համակարգ: 

Ահա, այսքան հանդուրժող է Փաշինյանը ժամանակին զինվորի հացը գողացողի, նրան անշոր ու անկոնֆետ թողնողի նկատմամբ: Ու մուրճը, որը հանրահավաքների ժամանակ թափահարում է՝ չգիտես ում գլխին իջեցնելու միտումով, փոխանակ իջեցնի հենց այդ մարդկանց գլխին, նրանց մտցրել է իր գլխավորած նախընտրական ցուցակ եւ պատրաստվում է պատգամավորական մանդատ նվիրել: