Պարետատունն ընդդեմ վարչապետի կամ սիմվոլիզմի վերջը

Պարետատունն  ընդդեմ վարչապետի կամ սիմվոլիզմի վերջը

 

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո, երբ տեղափոխվում էր կառավարական առանձնատուն, ասաց, թե տուրք է տալիս սիմվոլիզմին։ «Եթե կա պետության ղեկավարի առանձնատուն, ուր մարդ չի ապրում, ուրեմն, պետության ղեկավար չկա» ,-ասել էր։

Իսկ հիմա՝ համավարակի օրերին, ստիպված ենք ամեն օր առերեսվել մեկ այլ սիմվոլիզմի հետ՝ «Մնա տանը, կոտրիր վարակի շղթան»  կարգախոսի տեսքով։ Նման վերտառությամբ վահանակներն ամենուր են՝ մայրաքաղաքի գրեթե բոլոր թաղամասերում, մարզկենտրոններում, մայրուղիներում։ Վաղեմության ժամկետն անց կոչ-կարգախոսը, ամենայն հավանականությամբ պարետատան անտեղյակության սիմվոլն է՝ իրենց անգործության, կամ որ ավելի վտանգավոր է՝ վարչապետի դեմ դավադրության մասին։

Պարետատանը հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված տանը մնալու օրերից երեք ամիս է անցել։ Հիմա տեղաշարժման սահմանափակումներ չկան։ Իսկ հակահամաճարակային հատուկ ռեժիմներ սահմանող պարետատունը դեռ հորդորում է մնալ տանն ու կոտրել վարակի շղթան։

Պարոնա՛յք, կարանտինը դուք եք հանել։ Մարդիկ, հիմա ամեն օր աշխատանքի են գնում, ազատ ացելում են ուր կամենան՝վերաբացված սրճարաններ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ․․․ Իսկ դուք դեռ պահանջում եք տա՞նը մնալ։

Մի՞թե նոր հեղափոխություն եք սկսել, և փողոց փակելու փոխարեն, պետական ու մասնավոր կառույցների աշխատանքը խափանում եք տանը մնալու կոչերով։

Այլ խնդիր էլ կա․ վահանակները մասնավոր ընկերությունների սեփականությունն են, որոնց միջոցով մարդիկ գովազդ են տարածում և փող աշխատում։ Իսկ պարետատունը երեք ամսից ավելի է՝ տիրացել է մասնավորի գույքին ու քարոզում է մի բան, որի կարիքն այլևս չկա։ Կարճ ասած՝անիմաստ ծախս է անում, վատնում պետության միջոցները։ Իսկ պետական միջոցների վատնումը կոնկրետ քրեական պատասխանատվություն ենթադրող արարք է։ Չի բացառվում, որ մասնավորն իր վահանակն անվճար տրամաադրել է պարետատանը, որ վերջինս, ի նպաստ Հայաստանի ու հայ հասարակության՝ քարոզ անի։ Բայց արդեն երեք ամիս է՝դրա կարիքը չկա, որովհետև տանը մնալու պահանջն արդեն ժամանակավրեպ է։

Ստացվում է՝ պարետը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ամիսներ շարունակ աննպատակ տնօրինել է մասնավոր ընկերության գույքն ու տարածքը՝ խոչընդոտելով վերջինիս բիզնես գործունեությանը։ Սա ևս քրօրեն հետապնդելի արարք է։ Մինչդեռ վարչապետն ասում է, որ գործարար համայնքը կառավարության թիվ մեկ դաշնակիցն է՝ Հայաստանի զարգացման գործում։

Ստացվում է՝ հեղափոխական թիմում «մի ձեռքը չի իմանում՝ինչ է անում մյուսը» , կամ էլ՝փոխվարչապետ Ավինյանը գործում է վարչապետի դեմ։ Դե իսկ «թավշյա» թիմում սիմվոլիզմն էլ հարգի է, երբ իրենց շահերից է։