Ինչպե՞ս քանդվեց ԵՊՀ-ն

Ինչպե՞ս քանդվեց ԵՊՀ-ն

ԵՊՀ-ն սկսեցին քանդել այն օրը, երբ իշխանափոխության առաջնորդներ Հարությունյան Արայիկի, Միրզոյան Արարատի եւ Սանասարյան Դավիթի անմիջական ուղղորդմամբ, վերջիններիս հետ փոխկապակցված երիտասարդները պառկեցին ԵՊՀ վերջին ռեկտոր Սիմոնյան Արամի առանձնասենյակի դռան մոտ եւ արգելափակեցին համալսարանի աշխատանքը: Այսօրինակ միջոցառումներ էլի եղան: Նվագապետերը նույնն էին: Սիմոնյան Արամն ու ԵՊՀ-ն անդրդվելի էին: Խնդիրն այն էր, որ ցանկացած դեպքում ավելի հեշտ է դիմակայել արտաքին, տվյալ դեպքում՝ համալսարանի հետ կապ չունեցող հակառակորդին: Վերջինս, ի տարբերություն «ներսի մարդու», շատ ավելի քիչ գիտի եւ, ըստ այդմ, շատ ավելի խոցելի է: Ինչեւէ: ԵՊՀ-ի քանդման առաջին փուլում իշխանությունը պարտվեց:

Համալսարանի քանդման երկրորդ փուլն իշխանությունները սկսեցին միայն «ներսի մարդ»՝ ռեզիդենտ (լրտեսապետ) ունենալուց հետո: Այդ պաշտոնը ստանձնեց այն ժամանակ պրոռեկտոր Գեւորգյան Գեղամը: ԵՊՀ-ն այլեւս անդրդվելի չէր, իսկ Սիմոնյան Արամը չդիմացավ ճնշմանը եւ հրաժարականի դիմում ներկայացրեց: Ռեզիդենտն ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ԺՊ: Սկսվեց համալսարանի համապարփակ քանդման գործընթացը:

Գեւորգյան Գեղամի եւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Մուրադյան Գեւորգի մասին շատ եմ գրել: ԵՊՀ-ի ճգնաժամի մեջ վերջիններիս դերը դժվար է թերագնահատել: Սակայն խնդիրն այն է, որ նրանք միայնակ չէին կարող համալսարանն այսօրվա վիճակին հասցնել: Նրանց օգնականներ էին պետք, ընդ որում՝ մարդկության բարոյապես խոցելի խմբերին պատկանող օգնականներ:

Որոշ տվյալներով, ԵՊՀ պրոռեկտոր Ասրիյան Էլինան Գեւորգյան Գեղամի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Հանրամատչելի աղբյուրներից (սնանկության գործ թիվ ԵԱՆԴ/0065/04/17) պարզում ենք, որ Ասրիյան Էլինայի ամուսինը միայն ՀՀ տարբեր բանկերից եւ վարկային կազմակերպություններից ստացել է խոշոր չափի վարկ՝ շուրջ 40 մլն ՀՀ դրամ, այն չի վերադարձրել, դիմել է սնանկության դատարան եւ դատարանի վճռով սնանկ ճանաչվել: Իսկ մինչեւ սնանկ ճանաչվելն ամուսիններն ամուսնալուծվել են: Դե, որ դատարանը փոխկապակցվածություն չհայտնաբերի, եւ սնանկությունը կայանա: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ սնանկության գործընթացի դատաքննության ժամանակահատվածում ամուսնալուծված ամուսինները, ամենայն հավանականությամբ, հայաստանյան բանկերից եւ վարկային կազմակերպություններից ստացած գումարներն էին վայելում աշխարհի տարբեր վայրերում եւ իրենց երջանիկ պատկերներով նկարներ տեղադրում սոցիալական ցանցերում: Մի խոսքով, Ասրիյան Էլինան ԵՊՀ պրոռեկտոր է: Չգիտեմ, թե կհաջողվի՞ արդյոք վերջինիս սնանկացնել ԵՊՀ-ն, սակայն վստահ եմ, որ համալսարանի այժմյան ճգնաժամի համար պատասխանատու է նաեւ ինքը:

Ինչպես արդեն ասացի, Գեւորգյան Գեղամն իշխանությունների կողմից ԵՊՀ-ում ռեզիդենտ էր նշանակվել Սիմոնյան Արամի օրոք: Սակայն, երբ նա ընտրվեց ռեկտորի ԺՊ, անիմաստ եղավ ռեզիդենտի պաշտոնում վերջինիս հետագա պաշտոնավարումը: Իշխանություններին անհրաժեշտ էր նոր ռեզիդենտ: Եվ պրոռեկտորի պաշտոնում նշանակվեց հայտնի իշխանափոխական Հարությունյան Արայիկի մտերիմ Իսրայելյան Արթուրը: Բացի Հարությունյան Արայիկի ընկերը լինելուց՝ Իսրայելյան Արթուրը նշանակալի այլ ձեռքբերումներ գրեթե չունի: Խոսելով վերջինիս մասին՝ կարելի է մտաբերել միայն, որ նա, չիմանալով չինարեն, ԵՊՀ-ում համակարգում է Չինարենի կենտրոնը եւ ուշ գիշերով ԵՊՀ-ից նոութբուք տանելու անհաջող փորձ է իրականացրել: Այլ ձեռքբերում Իսրայելյան Արթուրը չունի: Մեծ հաշվով, նրա այդօրինակ նկարագիրը տրամաբանված է, քանզի ռեզիդենտի առաքելությունն անմիջական ղեկավարին տեղեկություններ հասցնելն է: Տվյալ դեպքում, դրանք կարող էին լինել ԵՊՀ-ի կազմաքանդման ծրագրի կետերի իրականացման վերաբերյալ ամփոփ հաշվետու տեղեկությունները: Կարծում եմ, որ ռեզիդենտ Իսրայելյանը պատվով է կատարել ստանձնած պարտավորությունները:

Դեռ վաղուց մարդկության խարդախ հատվածին անհրաժեշտ էր լինում մեկը, ով հարկ եղած ժամանակ պետք է պատասխան տար ղեկավարության խարդախությունների համար: Օրինակ՝ այդպիսին էր «Ոսկե հորթ»-ի հերոսներից Ֆունտը, որի առաքելությունն էր՝ պատասխան տալ այլոց խարդախությունների համար: Հիշո՞ւմ եք, որ Ֆունտը «նստել» էր բոլոր ղեկավարների օրոք: ԵՊՀ պրոռեկտոր Բարխուդարյան Ռաֆայելի վերաբերյալ կարելի է միայն ասել, որ նա համալսարանի Ֆունտն է: Դրա մասին է վկայում այն, որ Գեւորգյան Գեղամի բացակայության ընթացքում վերջինիս փոխարինում է հենց Բարխուդարյանը: Ես ամենեւին չեմ պնդում, որ վերջինս անպայման պետք է «նստի»: Ֆունտն էլ երբեմն չէր «նստում»: Ես ուղղակի արտաբերում եմ Բարխուդարյան Ռաֆայելի՝ ԵՊՀ-ում հայտնվելու իմ վարկածը: 

Անշուշտ, ռեկտորի ԺՊ-ով եւ պրոռեկտորներով չի սահմանափակվում ԵՊՀ-ի կազմաքանդման գործողության մասնակիցների ցանկը: Սա միայն առաջին՝ հարվածային էշելոնն է, որի անխափան գործունեության համար անհրաժեշտ է, օրինակ, իրավական ապահովում: Սակայն այդ եւ մնացած այլ հարցերով զբաղվում են միջին եւ ցածր էշելոնները:

Ցավով պետք է նշեմ, որ նկարագրածս անձանց գործուն մասնակցության արդյունքում ԵՊՀ-ն չունի կառավարման եւ ոչ մի մարմին: Չկա հոգաբարձուների խորհուրդ, գիտական խորհրդի լեգիտիմությունը կասկածի տակ է, չկա ռեկտոր, ռեկտորի ԺՊ-ի լիազորությունները դադարեցվել են դատարանի վճռով, եւ վերջինիս պաշտոնավարումը պայմանավորված է դատարան ներկայացրած վերաքննիչ բողոքի առկայությամբ: Ի դեպ, վերջերս Գեւորգյան Գեղամն էլ հրաժարականի դիմում ներկայացրեց, սակայն պայման դրեց, որ կհեռանա միայն մայիսի 17-ին: Ինչո՞ւ: Չգիտեմ: Երեւի անավարտ գործեր ունի: Իսկ իմ գործն է՝ ներկայացնել մայր բուհի այն պաշտոնյաներին, որոնց օրոք բուհը կազմաքանդման եզրին կանգնեց: Սա կարեւոր է ապագայի համար:

Կարեն Հեքիմյան