Ձեր շանսը բաց մի թողեք
Ամեն մեկին Աստված մեկ, իսկ ընտրյալներին մի քանի շանս է տալիս՝ մեծ գործ անելու, պատմության ընթացքը փոխելու, պատմության մեջ մնալու, իրենցից հետո հետք թողնելու, կարեւոր խոսք ասելու համար: Մարդկանց մեծ մասը բաց է թողնում պահը` չգիտակցելով, չզգալով այն: Միայն մարդկանց փոքր մասն է ճիշտ որսում պահը` բաց չթողնելով իր շանսը: Առհասարակ, դեպքերի, պատմության ընթացքը, ըստ իս, հիմնականում պատահականություններից է կախված, այլ ոչ թե օրինաչափություններից եւ շատ հազվադեպ է վաղօրոք մշակված սցենարով ընթանում, որքան էլ մենք հակված լինենք դավադրապաշտական տեսություններին:
Ասենք, եթե 2017 թվականին Սերժ Սարգսյանը սխալ որոշում չկայացներ եւ իշխանությունը հանձներ, օրինակ, Կարեն Կարապետյանին, 2018-ի ապրիլյան դեպքերը չէին լինի: Կամ` եթե Ռադիոտան ներխուժման պահին Վովա Գասպարյանն ինքնուրույն որոշում կայացներ եւ ճիշտ կողմնորոշվեր, հիմա ստիպված չէր լինի դատարաններում օրեր մթնեցնել: Ինչո՞ւ հիշեցի Ռադիոյի դեպքերը․ երեկ բոլորիս զարմացրեց Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակումը, որտեղ նա իր գնահատականն է տվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը եւ ունկնդիրներից ներողություն խնդրել անհաջող հարցազրույցի համար:
Այն Խումարյանը, ով 2019-ի ապրիլի 3-ին Ռադիոյի տնօրեն ընտրվելուց հետո ձայն չէր հանել եւ որեւէ կերպ չէր արտահայտել իր վերաբերմունքը կատարվող դեպքերի հետ կապված, համարձակություն էր գտել իր մեջ իրերն իրենց անուններով կոչելու: Իհարկե, ոմանք փորձեցին նսեմացնել նրա արարքը` նկատելով, որ ժամկետը լրանում է, դա է խոսելու պատճառը, բայց մենք հարյուրավոր հեռացողներ ենք տեսել, որոնք քծնալի տեքստեր են հրապարակել` խորին շնորհակալություն հայտնելով իրենց նկատմամբ ցուցաբերված վստահության համար:
Կարծիքներ