«Հրապարակ». Դատախազը մտահոգ է Ֆուլեր տնաշինականի եւ այլ ձգձգված վարույթներով
Գլխավոր դատախազի հաղորդագրությունները դիվանագիտական պրեսռելիզներ են հիշեցնում։ Երկու օր առաջ էլ դատախազը պահանջել էր արագացնել Գյումրու սուբվենցիոն ծրագրերին վերաբերող վարույթները, «բծախնդիր, անզիջում, արդյունավետ եւ առանց ձգձգումների» քննություն ապահովել։ Այսքան էպիտետների փոխարեն գոնե մի ծրագրի անվանում կարելի էր գրել, որն իրավապահների ուշադրության կենտրոնում է։ Բայց՝ ոչ։ Ոչ մի կոնկրետություն։ Ինչ վարույթներ են, ինչ ծրագրեր՝ դատախազության հանրային կապերի վարչությունում չեն ասում։ «Հարցը գրավոր ուղարկեք»,- պատասխանեց համապատասխան պաշտոնյան։ Նույն պաշտոնյան բոլ-բոլ լուսանկարներ է տարածել, ոստիկան-դատախազների ժպտացող դեմքեր, ում շնորհավորեց Աննան, ով էր մարզի պաշտոնյաներից եկել նրան հանդիպելու, եւ այլն։
Իսկ այցի թեման եղել են պետական բյուջեի միջոցներով, օրենքի խախտմամբ, իրականացված ծրագրերը, որոնք Շիրակի մարզում վերջին տարիներին դարձել են քննության առարկա։ Ըստ Շիրակի մարզպետարանից ստացված մեր տվյալների՝ ծրագրերից մեկը, որոնցով եղել է ձգձգված վարույթ, վերաբերում է Սարատակ համայնքի 5-րդ փողոցին։ Ըստ ծրագրի՝ այն պետք է հիմնանորոգված լիներ դեռ 2020 թվականին, սակայն կառավարության օժանդակությամբ ասֆալտապատվել է ոչ թե Սարատակ գյուղի 5-րդ փողոցը, այլ՝ 4-րդը, որտեղ համայնքապետի տունն է։ Վերջինս հերքել էր՝ ասելով, որ սխալը փաստաթղթում է եղել` ոչ թե 5-րդ, այլ 4-րդ պետք է գրեին։ Այդպես էլ չհասկացվեց, թե որտեղ է սխալը։ Շիրակի մարզի դատախազությունը 2020 թվականին քրեական գործ հարուցեց, վարույթն ուղարկվեց Հակակոռուպցիոն կոմիտե։
Գլխավոր դատախազն այս ծրագիրը պատահական չէր հիշել։ Նոյեմբերին շփոթմունքի մասին խոսել էր վարչապետը՝ կառավարության նիստի ժամանակ։ Մարզպետարանի վարչության պետերից Խաչատուր Խնձրցյանն ասում է․ «Ստուգել են այդ ճանապարհի մասով։ Որեւէ չարաշահում չկա, պարզապես շփոթմունք է՝ փողոցների ու համարների։ Այս պահին ոչ մի ճանապարհաշինական գործի շուրջ քննություն չի գնում»։ Մյուս ծրագիրը, որը հաստատվել է երկու տարի առաջ, Շիրակի մարզի Արփի համայնքում 2 430 մետր խմելու ջրագիծ կառուցելուն է վերաբերում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 13 մլն 576 հազար դրամ է, գումարի 63 տոկոսը հատկացնում է պետությունը, 37-ը՝ համայնքը։ Նախատեսվում էր, որ այս ծրագրի շրջանակներում Արդենիս բնակավայրում կկառուցվի 1730 մետր նոր ջրագիծ, Աղվորիկում կնորոգվի 700 մետր ջրագիծ։ Սկզբնական միացման կետում կառուցվելու են աղբյուրակապեր՝ փականային հորով, կտեղադրվեն դիտահորեր։
Ենթադրվում էր, որ սրանով բնակավայրերում կկարգավորվի խմելու ջրի մատակարարման որակը։ «Այս գործը, եթե չեմ սխալվում, արդեն մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել»,- մեզ տեղեկացրեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Նա ասաց նաեւ, որ մի երկու գործեր էլ նոր են ընդունվել վարույթ։ «Սրանք փաստացի այն ծրագրերն են, որոնցով նախագծից շեղումների, հատկացված գումարի ու փաստացի կատարված աշխատանքի անհամապատասխանություններ են եղել։ Մեկ-երկու դեպքով էլ անգամ մարզպետարանից է ուղարկվել դատախազություն, որպեսզի քրեական գործ հարուցվի։ Մի երկու ծրագիր տնաշինության ոլորտում է։ Դրանցից մեկը կապված է անօթեւանների տնաշինության հետ։ «Ֆուլերի» ծրագիրն է»,- ասաց Շիրակի մարզպետը։
Հիշեցնենք․ 2020թ. մայիսին կառավարությունը սահմանել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացածների բնակապահովման պետական աջակցության միջոցառումները, որոնք վերաբերում էին Շիրակի մարզի 7 բնակավայրերի 27 տների շահառուներին: Որոշման կատարումն ապահովելու նպատակով Շիրակի մարզպետարանի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական ՀԿ-ի միջեւ կնքվեց տների կառուցման շինարարական աշխատանքների կազմակերպման պայմանագիր։ Պետության կողմից հատկացվեց 437 մլն դրամ: Հետագայում դատախազությունը գործ հարուցեց «Ֆուլեր» տնաշինականով։ Այն ժամանակ դատախազությունը պարզել էր, որ Շիրակի մարզպետարան են ներկայացվել կատարված աշխատանքների վերաբերյալ ընդհանրական տվյալներ պարունակող հաշվետվություններ, որոնցում բացակայել են աշխատանքի քանակական ու որակական բնութագրիչները: Բացի այդ, մարզպետարանի պաշտոնատար անձինք չեն ստուգել իրականացվող աշխատանքները։ Գործը հարուցվեց ու ձգվեց հավերժ։
Կարծիքներ