Գլխավոր ճարտարապետն այն մարդը չէ, որի վրա դնես ողջ պատասխանատվությունը

Գլխավոր ճարտարապետն այն մարդը չէ, որի վրա դնես ողջ պատասխանատվությունը

Երեւանի Արաբկիր համայնքում՝ ՍԱՍ սուպերմարկետից 400 մետր հեռավորության վրա՝ Գրիբոյեդով փողոցի միջնամասում, 23,000 քմ հողատարածքի վրա նախատեսվում է կառուցել Գրիբոյեդով պարկ՝ բազմաֆունկցիոնալ ընտանեկան բնակելի համալիր։ Նախագծի շինարարության սկիզբ նշված է 2020-ի հուլիսը, իսկ ավարտը՝ 2022-ի դեկտեմբերը։ Նորակառույց թաղամասն ունենալու է 6 մասնաշենք, 9300 քմ մակերեսով այգի՝ հանգստի գոտիներ, խաղահրապարակներ, խաղադաշտ, 2 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի։ 

Նախագիծը, սակայն, մասնագիտական շրջանակներում այնքան էլ դրական արձագանք չի ստացել՝ որակվելով որպես հերթական բանտային ճարտարապետության նմուշ։ 

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը կարծում է, որ քաղաքի այդ հատվածի համար 14 հարկանի հսկա շենքը շատ մեծ է։ «Նախ՝ տեղին չէ իր կոմպոզիցիոն կառուցվածքով, 2-րդ՝ ճակատները շատ ագրեսիվ են եւ ոչ պրոֆեսիոնալ։ Լավ կլիներ, որ իմանայինք, թե հեղինակն ով է, եթե խորհրդի կարիք ունի, խորհուրդ տանք, որովհետեւ կարեւոր տեղ է։ Ինչ վերաբերում է հատակագծային լուծումներին, ոչինչ չեմ կարող ասել, չեմ տեսել, բայց քանի որ հարկայնությունը շատ բարձր է, կարծում եմ՝ շատ անդուր միջավայր կստեղծվի այնտեղ»,- ասում է Պողոսյանն ու նշում, որ վերջին տարիներին միտումն այնպիսին է, որ կարծես ճարտարապետը կապ չունի նախագծերի հետ, եւ միայն ֆիրմայի անունն են գրում, մինչդեռ ընդունված է ճարտարապետի անունը նշել, որպեսզի մարդիկ իմանան, թե ով է հեղինակը․«Ես առաջարկել եմ, որ բոլոր շինությունների վրա, անկախ նրանից՝ նախագիծը լավն է, թե վատը, գրված լինի, թե ճարտարապետներն ովքեր են։ Հիմա ինկոգնիտո ինչ-որ բան են հնարել, որտեղ ճարտարապետը չի էլ երեւում»։

Թե նման դեպքերում ինչ նորմատիվներ են գործում, Հ․Պողոսյանը կարծում է, որ ճաշակին նորմատիվ դժվար է դնել, իսկ բարձրության դեպքում հնարավոր է որոշ նորմատիվներ սահմանել, եթե նախագծման կանոնները պահպանվեն։ «Քաղաքի գլխավոր ճարտարապետնը այն մարդը չէ, որի վրա դնես ամբողջ պատասխանատվությունը։ Մի մարդու ճաշակի վրա չի կարելի հենվել, դրա համար պետք է լինեն կառուցապատման նախագծեր, որը հիմա գոտեւորման նախագիծ է կոչվում։ Դա պետք է արվի, հաստատվի, որի մեջ երեւում է թե՛ հարկայնությունը, թե՛ շենքերի կառուցվածքը։ Սովետական տարիներին այդ պրակտիկան կար, իսկ մեզ մոտ հիմա դրա վրա ուշադրություն չեն դարձնում»,- ասում է ճարտարապետն ու ընդգծում, որ նախկինում քաղաքաշինական բոլոր նախագծերը սկզբում քննարկվում էին Ճարտարապետների միությունում, որից հետո պետական կառույցները՝ քաղաքապետարան, պետշին, ընդունում էին նախագիծը քննարկման՝ ունենալով արդեն Ճարտարապետների միության կարծիքը․«Հիմա մնացել է միայն քաղաքապետարանի ճարտարապետական խորհուրդը, գոնե նրանք պետք է նայեն ու եզրակացություն տան, բայց դա էլ արվում է, թե ոչ՝ չգիտեմ»։ 

Ճարտարապետ Հակոբ Մանսուրյանն ասում է, որ չի ցանկանում կենտրոնանալ տվյալ նախագծի վրա, որովհետեւ այս կարգի նախագծերը վերջին շրջանում համատարած են, այստեղ կարեւորն այն միտումն է, որ հիմա բոլորն են այդպես նախագծում։ Այդուհանդերձ, լուսանկարները նայելուց հետո առաջին խնդիրը, ըստ նրա, որ կարող է առաջանալ` ինսոլյացիոն հարցերն են, արդյոք բոլոր բնակարաններում հավասարաչափ ապահովվա՞ծ է արեւի ներթափանցումը։

Ճարտարապետը կառուցապատողների մոտ մի միտում է նկատում։ «Բոլորը, իբր, գնում են էժանության, այսինքն՝ արագ նախագծվող, մինիմալ նորմերն ապահովող եւ հեշտ կառուցվող ճարտարապետության, դրա համար էսթետիկ առումով այսպիսի մինիմալ տեսք է ստացվում։ Ակնհայտ է, որ շենքի էսթետիկայի եւ տեսքի վրա ժամանակ ու էներգիա ծախսված չեն, բայց դա չի նշանակում, որ չի կարելի անել էժան ու էսթետիկ: Աշխարհում կան նման օրինակներ, այս պահին Ալեխանդրո Արավենային եմ հիշում, ում սոցիալական բնակարանները հենց դրանով են հայտնի` միաժամանակ ե՛ւ էժան են, ե՛ւ էսթետիկ ու հասանելի մարդկանց։ Իսկ այս դեպքում դուրս է գալիս՝ ճարտարապետությունը մտածված է էժան, բայց իրականացումնը էլի թանկ է լինելու»,- ասում է նա ու հավելում, որ պետք է օրենքով կառուցապատողին ստիպել, որ մի քիչ ավելի հետաքրքիր ճարտարապետություն պատվիրի․«Եթե համեմատում եմ խրուշչովկաների հետ, դրանց բնակարանները թեկուզ մարդկանց համար փոքր են նախագծված, բայց միջավայրի եւ հասարակության հանդեպ արհամարհական չեն, հանրային շփման համար ավելի մարդկային են»։
Նման իրավիճակներում մեղքն ո՞ւմն է՝ ճարտարապետի՞նը, ում պատվիրում են «արագի մեջ» նախագիծ անել, թե՞ պատկան մարմիններինը, ովքեր աչք են փակում թերի նախագծերի վրա։ «Երկու մոտեցումն էլ կա: Ես չեմ մեղադրում, որ կառուցապատողն ուզում է անել արագ ու էժան, ուղղակի իրեն պետք է վերահսկեն պատկան մարմինները, եթե չթույլատրվի նման որակի նախագիծ, պարզ է, որ կգնա կասի՝ չէ, տղերք, չեն թույլատրել, մի քիչ հետաքրքիր բան արեք, այսինքն` չի վազի արագի ու էժանի հետեւից»։ 

Ըստ նրա, մի կողմից ուրախալի է այս միտումը, որ արագ տեմպերով նախագծեր են գծվում ու նույնքան էլ արագ շինթույլտվություններ տրվում, ինչը նշանակում է, որ դրա պահանջարկը կա, տնտեսության մեջ ինչ-որ զարգացում կա, բայց մյուս կողմից էլ՝ առկա է վատ միտում՝ կապված պատկան մարմինների եւ մասնագիտական խնդիրների հետ, որոնք հետագայում կանդրադառնան տնտեսության վրա` ավելի ծանր հետեւանքներով, որովհետեւ քաղաքաշինական խնդիրները հաշվի չեն առնվում։ «Կառուցապատողը գնում է հողատարածք եւ որտեղ ուզի, ոնց ուզի, կարող է կառուցապատել, այսինքն՝ չկա քաղաքապետարանի կողմից քաղաքի գլխավոր հատակագծի վերահսկողություն, որ այստեղ չի կարելի այսքան հարկայնությամբ կառուցապատում, նույնը՝ տրանսպորտի կանաչ տարածքների հարցում։ Հետո՝ այդ մակերեսները հաշվելիս մի շարք նորմեր կա՛մ հին են, կա՛մ հաշվի առնված չեն, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող մարդուն հրդեհի ժամանակ -5 հարկի նկուղից ո՞նց են հանելու վերեւ: Մասնագիտական ոլորտը պատկան մարմիններում կաղում է, հեղափոխությունից հետո գուցե շատ բաներ փոխվել են, բայց միտումն այն է, որ չմերժեն եւ բյուրոկրատիան արագ անցկացնեն, արագ սարքեն, մարդիկ տուն ունենան, շինարարության հաշվին աշխատատեղ ապահովվի, բանկային վարկային համակարգը զարգացնեն, տնտեսությունը զարգանա, որը, անշուշտ, դրական է, բայց ավելի շատ՝ քաղաքական եւ այսրոպեական տնտեսական մոտեցում, իսկ մասնագիտականն անտեսված է»։

Մեր երկրի համար ոչ պակաս կարեւոր խնդիր է նաեւ սեյսմանվտանգության հարցը․«Եթե երկրաշարժի դեպքում այս ամենը փլվեց, ինչպե՞ս են մոտենալու այդ շենքերին, բոլոր ճանապարհները փակվելու են, հակահրդեհային նորմերը նվազեցված են կամ կոպտորեն խախտված, խոսքը ոչ թե կոնկրետ կառույցների մասին է, այլ ընդհանուր քաղաքաշինական մասշտաբի»:

Թե որքանով են նմանօրինակ բարձրահարկ շենքերը համապատասխանում ընտանեկան բազմաֆունկցիոնալ թաղամասի մոդելին, ապա․«Մեզ մոտ միայն անվանումն է այդպիսին, այստեղ հստակ միտումը՝ ավելի շատ քառակուսի մետրն ավելի հարմար գնով վաճառելն է։ Այդ ընտանեկան անվանումն ավելի շատ բանկային ծրագրերի անվան տակ է մտնում եւ ոչ թե սոցիալական շփման։ Իհարկե, ինչ- որ մինիմալ բաներ կան, բայց նախագծից դուրս կիրականացվեն, թե ոչ՝ հարց է։ Օրինակ՝ տանիքների կանաչապատումը․ այնպիսի ծառեր են նախագծում, որ նույնիսկ գետնին հողի մեջ այդպես չեն աճի, ուր մնաց` տանիքում։ Ամբողջ խնդիրը հենց քաղաքապետարանի կողմից հողհատկացումների կազմակերպման մեջ է, մեզ մոտ կառուցապատողին հողատարածքի սահմանափակումներն ավելի շուտ հայտնում է ճարտարապետը, ու պատվիրատուի` ավելի շատ ֆինանսական շահ ստանալու ճնշման տակ մինիմումի են հասցվում դրանք։ Եթե, օրինակ, Լիոնի հետ համեմատենք, ապա կառուցապատողն արդեն օնլայն՝ քաղաքապետարանի կայքից ծանոթանում է հողհատկացումների գոտիների պահանջներին, որտեղից հստակ երեւում են թե՛ հարկայնության, թե՛ կառուցապատման տոկոսային սահմանափակումները, այսինքն՝ պատվիրատուն հենց սկզբից կարող է փնտրել իր ախորժակներին համապատասխան հողատարածք»։ 

Նախագծող կազմակերպությունն «Արբակ եւ որդիներ» ՍՊԸ-ն է։ Նախագծի գլխավոր ճարտարապետը՝ Ցոլակ Մհերյանը։ Վաճառքի բացառիկ իրավունքը պատկանում է «ՌԵԴԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին, որի բիզնես զարգացման տնօրեն Էդուարդ Ապրիյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հարկայնության հետ կապված՝ քաղաքապետարանում քննարկումներ են ունեցել․«Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակիցները խնդրեցին, որ մենք այն սարքենք աստիճանաձեւ, ինչը չմերժեցինք եւ նախագիծը սարքեցինք շերտավոր՝ դրանով լրացուցիչ անգամ ապահովելով բակային հատվածի լուսավորությունը, որը մի քիչ խեղճացած էր լուսավորությունից։ Օրենքով ինչ պահանջվում է, բոլոր նորմերը պահպանված եւ բոլորի հետ համատեղ աշխատանքով գնում ենք առաջ»։

Թե ինչ ընթացակարգով են անցել, ապա հողի սեփականատերը դիմել է քաղաքապետարանին՝ ասելով, որ ուզում է տվյալ տարածքում իրականացնել կառուցապատման աշխատանքներ․«Տարածքում ունենք Հյուսիսային պողոտայից ավելի մեծ լայնություն ունեցող բարեկարգված բակ, որտեղ լինելու է ե՛ւ կանաչապատ այգի, ե՛ւ բնակիչների համար առանձնացված հատվածներ, նաեւ հեծանվաուղիներ եւ ֆուտբոլային դաշտ, այսինքն՝ կենցաղային հարմարություններն առավելագույնս ապահովել ենք»։

Բնակարանների քանակին համապատասխան նախատեսված են նաեւ ավտոկայանատեղիներ․«Բակային տարածք մեքենաների մուտքը սահմանափակ ռեժիմով է լինելու, 370 մեքենայի համար փարքինգ է նախատեսված 2 հարկով, հետո՝ ամբողջ բակային հատվածը որ կա, շուրջ մեկ հեկտար նախատեսված է փարքինգի համար», -ասում է Է․Ապրիյանն ու վստահեցնում, որ հաշվի են առել անվտանգության բոլոր միջոցները, հակառակ դեպքում թույլ չէին տա կառուցապատել։