Ձեռ քաշեք Մարգարիտա Սիմոնյանից

Ձեռ քաշեք Մարգարիտա Սիմոնյանից

«Հրապարակ» օրաթերթի էլ.կայքում (07.08.2020) կարդացի ռուսահայությանն ուղղված պրն Վահրամ Աթանեսյանի «Պայքարեք նմանների դեմ. Ռուսաստանի հայ մտավորականությանը» վերնագրով  հոդվածը և խոր հիասթափություն ապրեցի: Էլի նույն, հատկապես վերջին երկու-երեք տասնօրյակներին բազմիցս կրկնված գորշ ու վանող պատկերն է. զոմբի-սորոսականի մտածական և տրամաբանական կաղապարները ըստ հարկի յուրացրած ու, այսպես ասած՝ հոգեբանական աղանդավորի կերպարա-կեցվածք ընդունած, ակնհայտ կեղծ ճիգերով՝ հեղինակը արդեն որերորդ անգամ փորձում է կրծքով պաշտպանել ՀՀ վարչապետին... Մարգարիտա Սիմոնյանից: Ես հակված չեմ կարծելու, թե պրն Աթանեսյանը իրականում Փաշինյանով այդքան տարված է. ամենայն հավանականությամբ նա հանձնառության այնպիսի ծանր բեռ է իր անխոնջ ուսերին կրում, որ մոռացության է մատնել լրագրողական էթիկայի նորմը՝ գրիր այնպես, որպեսզի քո գրածում ազնիվ ու ողջամիտ ընթերցողն առնվազն գտնի ճշմարտության իր հատիկը... Սակայն այս հոդվածում գործի է դրված ընդամենը պարզունակ մի հնարք. այս գերպրպտուն պարոնը տեղեկացնելով, որ ռուս հայտնի ստահակ «գիտնական», մոլի հայատյաց Օլեգ Կուզնեցովի գիրքը վերջերս ադրբեջանական փողերով Ղազախստանում վերահրատարակվել է, այնուհետև ձեռնամուխ է լինում այդ ակնառու փաստը օգտագործելու որպես հարմար առիթ կրկին ու դարձյալ Մարգարիտա Սիմոնյանին կիսաթաքուն-կիսաբացահայտ սևացնելու, քարկոծելու համար: Եւ դրա համար մեր բազմաճկուն հեղինակը դիմել է դեմագոգիկ հանրահայտ գործելաոճին՝ քաղաքական ակտիվության այսպիսի հայաշահ-հայատոչոր կոչ ուղղելով ռուսահայությանը. 

«Ձեր կողքին, հարգարժան ռուսաստանցի հայ մտավորականներ, քաղաքագետներ, լրագրողներ եւ մշակույթի գործիչներ, բացահայտ հայատյացություն է քարոզվում: Իսկ դուք ինչ-որ երեւութական «հակառուսականություն» եք փնտրում Հայաստանում: Եթե քաջություն ունեք, դիմեք պատկան մարմիններին՝ պատասխանատվության ենթարկելու Օլեգ Կուզնեցովին, մեկ տասնյակից ավելի ռուսաստանցի փորձագետներին, վերլուծաբաններին, որ ադրբեջանական մամուլի ցանկալի հյուրն են գրեթե ամեն օր եւ քսանչորսժամյա ռեժիմով կոչ են անում, որ Բաքուն ԼՂ հարցը լուծի զենքի ուժով: Դուք նրանց մեկնաբանությունները չե՞ք կարդում: Երեւի: Փոխարենը գտնում եք (թե ձեզ Երեւանից հատուկ թարգմանում-առաքու՞մ են) վարչապետ Նիկոլ Փաշինյանի 15-ամյա վաղեմության հոդվածի համատեքստից կտրած մի մեջբերում եւ այդ հիմքով «աշխարհաքաղաքական» տեսություն կառուցում»:

Ինչպես նկատեցիք՝ ամեն ինչ տեղը տեղին է. պարոն Վահրամը ստանձնել է հնօրյա ազգային գործչի դերը՝ Փանջունու պատմական պատմուճանով: Նա իրեն ուղղակի քառատում-ճղում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 15-ամյա վաղեմության հոդվածից (Մարգարիտա Սիմոնյանի) մեջբերումը համատեքստից կտրված է»...Ինչպիսի՜ երկաթակուռ փաստարկ՝ հակառակորդին ուղղակի ջախջախող, տակնիվեր կործանող ելքով: Այնինչ 15-ամյա վաղեմության խիստ օրիգինալ մտասևեռմամբ Փաշինյանի հեղինակած հոդվածի այսօրվա վերընթերցումից հետո, ինչպես ասում են՝ նույնիսկ համոզված, մոլեռանդ աթեիստը կխաչակնքեր...Պարզից էլ պարզ է և ոչ պատահական, որ տառացիորեն մեկ օրում ողջ հայ համացանցն ալեկոծած ու հայությանը հուզմունքի դատապարտած՝ Մարգարիտա Սիմոնյանի տվյալ մեջբերման և դրա մեկնաբանության գերդիպուկ հարվածը բարոյական առումով, իրոք, մահացու էր, իսկ պրն Վահրամի վարչապետափրկիչ ջանքերը ընդամենը խարսխվել են հոդվածի տասհինգամյա վաղեմության հանգամանքի վրա։
Սրանով, սակայն, այս տխուր զվարճապատումը չի ավարտվում:

Օրեր առաջ «Հրապարակ» թերթի էլ.կայքում (04.08.2020) հրապարակվել է, ըստ երևույթին՝ ադրբեջանական մամուլի և էլ. ԶԼՄ-ների փորձագետ-տեսաբան Վահրամ Աթանեսյանի մեկ այլ՝ «Իմ առաջարկը Մարգարիտա Սիմոնյանին» վերնագրով հոդվածը, որը եզրափակված է այսպես.«Եթե մոսկովաբնակ հայ մտավորականները, գործարարները, քաղաքագետներն ու վերլուծաբանները մտահոգ են հայ-ռուսական հարաբերություններով, ապա պետք է նախաձեռնեն Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցով Դաշնային ժողովին դիմելու ստորագրահավաք եւ հետամուտ լինեն հարցը սահմանված ընթացակարգով քննարկելուն: Շատ կուզենայի այդ հանրագրի տակ առաջինը տեսնել Մարգարիտա Սիմոնյանի ստորագրությունը»:

Քաղաքական ահա այսպիսի խեղճուկ ձեռնածություն...Լավ, սա ի՞նչ քաղաքական մտածելակերպ է, մի՞թե կարելի է միջպետական տարածքներին վերաբերող լրջագույն քաղաքական հիմնախնդիրը պատերի տակ սիրողական խմբերի քչփչոցի մակարդակով քննարկել կամ պետական իրավասության գերխնդիր «աղունն» այսքան պողոսավարի «աղալ»...Պարզ երևում է, որ այսպիսի պրիմիտիվ քաղաքական չարչրկումները միմիայն մի նպատակ են հետապնդում՝ ամեն կերպ ու ամեն գնով՝ ցանկացած ստով ու կեղծիքով վատաբանել ու անվանարկել Մարգարիտա Սիմոնյանին, միմիայն այն բանի համար, որ նա հանդգնել է իր ազգակիցներին ասել դառը ճշմարտությունը՝ մատնացույց անելով հայոց փրկիչ վարչապետի «աչքի վրայի հոնքը»...

Վերոնշյալ կոչի հեղինակին ռուսահայության անունից որպես պատասխան ես առաջարկում եմ հետևյալը.«Պրն Աթանեսյան,նկատի ունենալով ամեն կերպ օրվա իշխանությանը ծառայելու Ձեր գիտակցա-բնազդային մշտառկա մարմաջը, ինչպես նաև ելնելով Ձեր կողմից շրջանցված այն խիստ կարևոր քաղաքական կողմնորոշիչ իրողությունից, որ Նախիջևանի և ԼՂ-ի հիմնախնդիրը բացառապես միջպետական հարաբերությունների միջոցով լուծվելիք հիմնահարց է, ուստի առաջարկում եմ սույն հիմնախնդրի լուծման նպատակով Ձեր նախաձեռնությամբ ՀՀ-ում կազմակերպել ստորագրահավաք՝ դիմելու ՀՀ իշխանություններին՝ խնդրո առարկան դարձնելով պաշտոնապես օրակարգային և դիմել ՌԴ ղեկավարությանը՝ այս հիմնախնդրին ընթացք տալու համար: Այդ դեպքում, հարյուր հազարավոր մեր հայ հայրենակիցների պես ես նույնպես համոզված եմ,որ Մարգարիտա Սիմոնյանի կազմակերպական ջանքով ողջ ռուսահայությունը մեծ խանդավառությամբ անվերապահ կստորագրի այդ փաստաթուղթը...Դե, Ձեզ տեսնեմ,հայկական մաքիավելիականության մերօրյա կարկառուն ներկայացուցիչ պրն Աթանեսյան...

Հենց նույն օրը ստացա պրն Աթանեսյանի արձագանքը, որը մեջբերում եմ ամբողջությամբ.«Պրն Հովյան, ես ձգտում եմ նման դեպքերում կոռեկտ լինել: Եթե Դուք Հայաստանի իշխանության հետ խնդիր ունեք՝ Ձեր իրավունքն է, կարող եք օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով արտահայտվել, պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Ես ապրում եմ Արցախում եւ չեմ կարող միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին: Նմանապես եւ առավել եւս՝ Մարգարիտա Սիմոնյանը, որ թեեւ հայ է, բայց ՌԴ քաղաքացի է: Սա է իմ ասածի իմաստը, որ, երեւում է, չեք ցանկացել տեսնել: Ձեռնպահ եմ մնում վերագրումները փոխադարձելուց: Բայց տեսեք՝ ինչպես են ԱՄՆ-ում հայերը ճնշում գործադրում Կոնգրեսի վրա, ինչպես են պաշտպանում Հայաստանի շահը: Դժբախտաբար, նույնը չէի ասի ռուսաստանցի հայերի մասին: Հասկանալի է, Ռուսաստանն ԱՄՆ չէ, ավտորիտար երկիր է, բայց եթե Մարգարիտա Սիմոնյանը պատմական հայրենիքի համար ոչինչ դրական անել չի կարող, ապա թող գոնե չխառնվի Հայաստանի ներքին գործերին»:

Հաշվի առնելով պրն Աթանեսյանի այս արձագանքի կիրթ ու կարծես թե հաշտարար տոնը, ես որոշեցի նույն տոնով փոխադարձել եւ գրեցի.«Պրն Աթանեսյան,շնորհակալ եմ իմ անդրադարձին արձագանքելու համար: Ձեր պատասխանում ուշադրությունս առանձնապես գրավեց ամերիկահայերի և ռուսահայերի միջև քաղաքական ակտիվության արդյունավետության առումով Ձեր տարած համեմատականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքա-տնտեսական կառավարման համակարգերի մերօրյա ակնհայտ տարբերությունները: Չխորանալով այդ երկու երկրներում առկա քաղաքական կառավարման էական առանձնահատկությունների մեջ,ուզում եմ ընդգծել տվյալ պարագայում նշված հիմնախնդրի քաղաքական շրջանակում Ձեր արած համեմատության պարունակած մարտավարական նշանակալի այն նրբությունները,որոնց մասին Դուք չեք նշել կամ ավելի ճիշտ՝ ըստ էության պարզապես չեք կարևորել: Խոսքը վերաբերում է այն ակնհայտ իրողությանը, որ ամերիկահայերին և ռուսահայերին պատմականորեն ազգային ճակատագրով բաժին հասած հիմնահարցերը քաղաքագիտական տեսանկյունից ակնբախորեն տարաբնույթ են ու միջպետական հարաբերություններով պայմանավորված՝ հաղթահարման տարբեր բարդության համախումբ գործոններ են պարունակում,որոնք ,ցավոք, վճռորոշ են հատկապես արդեն հարյուրամյա միջպետական համաձայնագրերի առկայության պարագայում...Ահա այս դիտանկյունից Մարգարիտա Սիմոնյանի՝ «պատմական հայրենիքի գործերին խառնվելը» առնվազն մարդկայնորեն անազնիվ կլիներ պայմանավորել ՌԴ «կոնգրեսում և սենատում (իմա՝ Դաշնային ժողովում) կատարած պատմական հայրենանվեր աշխատանքի» արդյունավետության այս կամ այն արտաքուստ կոնկրետ աստիճանով...»:

Ինչ ուզում ես արա. ուզում ես դիվանագիտորեն զգույշ ու նրբանկատ եղիր, ուզում ես կիրթ վարվիր, ուզում ես ակնհայտ կեղծիքից, ստից, անարդարությունից մռնչա, միևնույն է, մեր անսպառ «դուխով» ու խիստ խորազնին հեղինակը չի հանդարտվի․.. Նա նորից ու նորից, թաքուն և բացահայտ հավակնոտ-խրատական, հանդիմանալից կամ կշտամբա-մեղադրական տոնով՝ դիմում է ռուսահայությանը, իհարկե, առաջին հերթին ու վերջին հաշվով՝ նկատի ունենալով հենց Մարգարիտա Սիմոնյանին:

Ահա մեր անխոնջ հեղինակի հերթական հզոր դիմում-կոչը, որը հնչում է որպես  Պայծառատեսի մաքուր մարգարեություն. «Հայ-ռուսական հարաբերություններն իրականում վտանգողները ձեր կողքին են՝ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Ռուսաստանի այլ կենտրոններում: Նրանք Բաքվից առաքվող «երեսուն արծաթի» դիմաց ռուսաստանցիներին ներարկում են սեր Ադրբեջանի, ատելություն՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ առհասարակ: Վաղը, մեկ-երկու տասնամյակ հետո այդ մարդիկ ձեզ են ռուսատյաց եւ սեպարատիստ կոչելու: Եւ հրահրելու են հայկական ջարդեր: Առնվազն՝ Մարգարիտա Սիմոնյանի ծննդավայր երկրամասում, որտեղ ադրբեջանցի էմիսարներն օրինբուն բորբոքում են կազակների արյունը՝ հայերին ներկայացնելով Կրասնոդարի երկրամասում անկախ պետություն հռչակելու «նենգ ծրագրի կրողներ»: Կարո՞ղ եք այս եւ շատ այլ բաների մասին ռուսական հեռուստալիքներով խոսել:Կարո՞ղ եք հետամուտ լինել, որ Ռուսաստանի սրտում թուրք-ադրբեջանականության գործակալ Օլեգ Կուզնեցովը ենթարկվի քրեական պատասխանատվության՝ հայատյացություն քարոզելու եւ Ռուսաստանում ազգամիջյան բախումներ կանխածրագրելու համար: Եթե չեք կարող, թողեք, որ այդ պատասխանատու եւ նաեւ Ռուսաստանի անվտանգության համար էական նշանակություն ունեցող գործը Հայաստանի կառավարությունն անի: Այլապես տպավորություն կստեղծվի, որ դուք նույնպես մասնակիցն եք ձեր պատմական հայրենիքի դեմ նյութվող դավերին: Առնվազն՝ տեղյակ լինելու, բայց լռելու իմաստով»:

Ես հայցում եմ ընթերցողի ներողամտությունը դատարկ ու երկարաշունչ այս քարոզչաբանությունը մեջբերելու համար, սակայն ընդգծեմ, որ արդեն իսկ կարելի է գլխի ընկնել, թե ինչու է հեղինակը այդպիսի «մուննաթով» հանդես գալիս ՀՀ իշխանությունների անունից (գուցե լիազորագիր ունի) և պահանջներ առաջադրում ռուսահայությանը՝ ակնհայտ քամահրանքով արտահայտվելով նրա մղած ազգանպաստ պայքարի մասին...Ավելին, ինչպես հայտնի է,ՀՀ-ում վերջերս առավել նկատելի են դարձել ՌԴ արդի քաղաքականությունից դժգոհության տրամադրությունները կամ «հակառուսականության» քարոզը, որի համար համաշխարհային հեղինակություն ու ճանաչում ունեցող «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական ցանցի հայազգի գլխավոր խմբագիրը օրեր առաջ իր հայտնի ուղերձով մեղադրեց ՀՀ օրվա իշխանություններին: Դրան ի պատասխան, ինչպես համոզվեցինք, պրն Աթանեսյանը լրագրողական գրեթե չքողարկված զանազան հնարքային վերագրումներով ու քաղաքական հորինաբանություններով՝ ըստ հրահանգի կամ հաշվենկատ շահախնդրությամբ ՌԴ և ՀՀ իշխանությունների միջև առկա այսօրվա սառնությունը համարելով «ինչ-որ երեւութական «հակառուսականություն», կապում է հատկապես Մարգարիտա Սիմոնյանի և «նրա նմանների»՝ ՀՀ ներքին գործերին «խառնվելու» գործողությունների հետ:

Ամփոփելով, ես էլ իմ հերթին կոչ եմ անում պրն Վահրամ Աթանեսյանին՝ ի վերջո ձեռ քաշեք Մարգարիտա Սիմոնյանից, թեկուզև այն պարզ պատճառով, որ եթե Դուք կարողանում եք Նիկոլ Փաշինյանի հետ համընթաց «քայլել», ապա դա չի նշանակում, որ Մարգարիտա Սիմոնյանի հետ նույնպես կարող եք նույնիսկ պուճուրիկ քայլ գցել...եվ դա, բնականաբար ոչ այն պատճառով, որ Դուք «ապրում եք Արցախում», ուստի Ձեր իսկ խոստովանությամբ՝ «չեք կարող միջամտել Հայաստանի (կարելի է ենթադրել նաև՝ Ռուսաստանի) ներքաղաքական կյանքին»: Գլխավոր պատճառը ճչացող է․ Ձեր և Մարգարիտա Սիմոնյանի թե՜ մասնագիտական, թե՜ քաղաքական և թե՜ մարդկային տրամաչափերի միջև անհաղթահարելի անդունդ կա...

ՆԱՐԵԿ ՀՈՎՅԱՆ