Ինձ հասցնում են ինքնասպանության․« Տարվա լավագույն ուսուցիչ» մրցանակին արժանացածը հայտնվել է ծուղակում

Ինձ հասցնում են ինքնասպանության․« Տարվա լավագույն ուսուցիչ» մրցանակին արժանացածը հայտնվել է ծուղակում

Գեղանիստ համայնքի դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցիչ Տիգրան Ենգիբարյանը հայտնվել է ծուղակում․ նա այս տարի փետրվարին ԿԳՄՍ նախարարի կողմից որպես տարվա լավագույն ուսուցիչ մրցանակ է ստացել՝ բազմաֆունկցիոնալ նոութբուք։ Մայրիկի մոտ առաջացած առողջական խնդիրների պատճառով որոշել է վաճառքի հանել մրցանակը՝ List.am կայքի միջոցով։ Նոութբուքով հետաքրքրվել է Անուշ Ավետիսյան անունով կինը, հանդիպել են, եւ, ըստ մեր զրուցակցի՝ սկսվել է խարդախության գործընթացը։

«Զանգահարեց Անուշն ինձ, առաջարկեց՝ նոութբուքի գնի կեսը տալ հիմա՝ այսինքն օգոստոսին, մյուս կեսն էլ՝ սեպտեմբերին, ինձ քանի որ գումարը շտապ էր պետք, համաձայնվեցի, գործարքը պետք է նոտարով լիներ, որպեսզի վստահ լինեի։ Ես համակարգիչը իրեն վաճառելու էի 480 հազար դրամով։ Իմ աշակերտներից մեկի հետ նոութբուքը վերցրինք, գնացինք նոտար։ Հանդիպմանն ինքն ինձ այլ բան ասաց՝ պայմանագրում նշել՝ գումարի մի մասը տալ մինչեւ օգոստոսի 31-ը, մյուսը՝ սեպտեմբերի վերջին։ Ասեցի՝ շատ լավ։ Օգոստոսի 31-ին ես զանգում եմ իր համարին, բայց համարն անջատված է, չի գործում։ Ինտերնետում որոնեցի՝ Անուշ Անուշավանի Ավետիսյան, պարզվում է, որ այս կնոջ վրա նախկինում էլ, հիմա էլ բազմաթիվ դատական գործեր կան։ Ու իրեն դատի տված մարդկանցից մեկի հետ ես կարողանում եմ կապ հաստատել, որն էլ Անուշից մեկ այլ համար է փոխանցում։ Ես զանգում եմ իրեն եւ ասում եմ՝ ինձ պետք է գումար տաս, չի հիշում, թե որ Տիգրանն է իրեն զանգում։ Երկար իմ բացատրությունից հետո ինձ տեղն է բերում, ասում է՝ իմ համարը վառվել է եւ այլն։ Ասում է՝ գումարը չի լինի, մի քիչ ուշ նոր կզանգեմ»,-պատմում է Տիգրանը։

Նրա խոսքով՝ գտել է Անուշի գործողություններից տուժած մի շարք անձանց՝ 30 հոգու, ցանկ է կազմել, իրեն տուժածներն ասել են՝ մոռացիր, որ ապրանքդ կամ գումարդ կտա․ «Ինքը քաղաքացիական գործարք է անում, որ ոստիկանությունը չզբաղվի այդ հարցով, ուղարկվի դատարան, դատարանում էլ երկար գործընթաց գնա, վերջում էլ կտեսնեն, որ իր անունով ոչինչ չկա։ Իրենք ամբողջ ընտանիքով այդ գործի մեջ են։ Ապրում են Սարի թաղում»։

Տիգրանը մի քանի ամիս է, ինչ սպասումների մեջ է, երեք ամիս է, նրա խոսքով, Անուշ Ավետիսյանը ժամանակ է ձգում, ասում է՝ մի քանի օր ժամանակ տուր, որից հետո էլի ժամանակ է պահանջում։ 

Բացի սրանից, ուսուցիչը ենթարկվում է նաեւ հոգեբանական բռնության․ «Ինքն անընդհատ հեքիաթներ է պատմում, ես իրենցից ամեն ինչ սպասում եմ, որ կարող է ինձ էլ վնաս տան։ Ինձ սպառնում է, թե կգամ քո դպրոց, քեզ խայտառակ կանեմ։ Ի դեպ, ես մի բան էլ նշեմ՝ լուրեր են ինձ հասել, որ նախկինում Անուշը գնացել է մի քանի դպրոցներ, ներկայացել որպես առաջին տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամից անձ, լուսանկարներ է ցույց  տվել Աննա Հակոբյանի հետ համատեղ եւ ասել, որ դպրոցը որոշ չափով իրեն պետք է գումար տա, որպեսզի դպրոցի համար ինչ-որ բաներ անեն․․․․»։

Տիգրանը նյութի հրապարակումից հետո դիմելու է ոստիկանություն, հաղորդում է տալու հանցագործության մասին․ «Ես դիմելու եմ եւ ասեմ, որ այս մարդն ինձ հասցնում է ինքնասպանության, որ ինքն աշխատում է մարդկանց հոգեբանության վրա, եւ սա խաբեբայություն է, խարդախության դեպք է։ Ես լիքը փաստեր ունեմ, որ սա քաղաքացիական գործ չէ»։

Մենք զրուցել ենք նաեւ Անուշ Ավետիսյանի հետ, նա մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիրներ է ունեցել՝ դրա համար էլ խախտել է պայմանագրի կետերը․ «Մենք համաձայնության եկանք, բայց ինքը չի համաձայնում։ Ես տենց մարդ չեմ հաստատ, ասում եմ՝ իր ամբողջ գումարը կվճարեմ, նույն իր ապրանքից ես խանութից կառնեմ, կբերեմ, կտամ, ես ուզում եմ իր գումարը տամ, թող սպասի մինչեւ պայմանագրի ավարտը, ես իր գումարը կտամ։ Ինձ էլ են գումար պարտք, այդ մարդը խոստացել է, որ մեզ վճարելու են։ Ապրում ենք մի երկրի մեջ, թող էդ ծայրահեղ քայլին չգնա (նկատի ունի՝ լրատվամիջոցով հանրայնացնելը)»։

Տիկինը հերքեց, որ իր գործողություններից որեւէ այլ անձ տուժել է։

Նշենք, որ Datalex.am դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Անուշ Անուշավանի Ավետիսյանի դեմ տասնյակ քաղաքացիական հայցեր կան՝ գումարի բռնագանձման պահանջով։

ՀԳ․ Շարադրվածի բովանդակությունը Տիգրանը մեզ պատմել էր սեպտեմբերի 8-ին, մինչեւ երեկ Անուշ Ավետիսյանը նրանից պարբերաբար ժամանակ է խնդրել՝  գումարը վերադարձնելու համար, սակայն մինչ օրս երիտասարդ ուսուցչին ոչ գումարն է հասել, ոչ էլ նոութբուքը։ Մենք մեկ ամիս առաջ նյութը չենք հրապարակել Տիգրանի խնդրանքով, քանի որ հույս ուներ՝ ետ է վերադարձնելու իր ապրանքը։ 

Նշենք, որ պայմանագրի ժամկետը ամբողջովին լրացել է։