Սպառնո՞ւմ է արդյոք պարենային ճգնաժամ Հայաստանին

Սպառնո՞ւմ է արդյոք պարենային ճգնաժամ Հայաստանին

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, գոնե տեսականորեն, չէր բացառել, որ որոշ, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների դեֆիցիտ ու, հետեւաբար՝ դրանց  գների թանկացում կարող է տեղի ունենալ, հաշվի առնելով հարեւան երկրներում՝ Վրաստանում ու Իրանում կորոնավիրուսի առկայությունը եւ այն, որ Իրանի հետ այսօր արդեն վիզային ռեժիմ ենք փոխում։  Նաեւ՝ մեր հասարակության մեջ «ագրեսիվ սպառողների» առկայությունը։ Տնտեսագետներն «ագրեսիվ սպառող» են անվանում այն մարդկանց, ովքեր Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման օրը գնացին ու խանութներից գնեցին պարենի աննկարագրելի մեծ պաշար՝ վախենալով, որ ստիպված կլինեն պաշարվածի նման ապրել բնակարաններում՝ առանց դուրս գալու հնարավորության։  

Իրավիճակն էլ ավելի է բարդացնում այն, որ Իրանը ոչ միայն հարեւան երկիր է, այլեւ Չինաստանի հետ այն երկրների հնգյակում է, որտեղից Հայաստանը ներմուծում է ապրանքներ։ Ըստ որում, այս հնգյակում մեր արտաքին առեւտրի մյուս կարեւոր գործընկեր պետությունն էլ Չինաստանն է։ Ռեկորդային թվով կորոնավիրուսակիրների թիվ ունեցող այս երկու երկրների՝ Իրանի ու Չինաստանի հետ Հայաստանի առեւտրային շրջանառությունը միասին կազմում է տարեկան 580 միլիոն դոլար, ինչը կազմում է մեր արտաքին ապրանքաշրջանառության 8-9 տոկոսը։ Իսկ ի՞նչ ենք մենք ներկրում Իրանից ու Չինաստանից։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի տեղեկացմամբ՝ Իրանի դեպքում պարենային եւ սnնդի էժան տեսակներ՝ նպարեղեն, մակարոնեղեն, ձեթ, միրգ, լվացքի ու ախտահանիչ տարբեր միջոցներ, փոքր սարքավորումներ։ Չինաստանից՝ հագուստ, հոսքագծեր, տեխնիկա, մեքենաներ։ Եթե հարեւան երկրում պանդեմիան այնպիսի չափերի հասնի, որ Իրանի հետ սահմանը լրիվ փակվի, կամ մեր ներմուծողները հրաժարվեն գնալ իրանական վարակված շրջաններ, ի՞նչ է լինելու վերը նշված ապրանքների հետ կապված։ Գագիկ Մակարյանը կարծում է, որ պետության կողմից լավագույն քայլն այն կլինի, որ մեր գործարարներին հրատապության ռեժիմով տեղեկացնի, թե Իրանի կամ Չինաստանի հատկապես որ նահանգներն են վարակով առավելապես բռնկված։ Իսկ Իրանին, Հայաստանի գործատուների միության նախագահի խոսքով, կարող են այլընտրանք դառնալ Ռուսաստանն ու ԵԱՏՄ երկրները։ Պայմանով, որ էժանության գործոնը հաշվի առնվի։

Այնուամենայնիվ, այս երկու երկրների ապրանքները նույն էժան գնային սահմաններում փոխարինելը, Գագիկ Մակարյանը չի բացառում, կարող է մի քիչ  երկար տեւել։ Նաեւ չի թաքցնում՝ դա կարող է տնտեսական որոշակի ազդեցություն ունենալ։ Նույնիսկ դրական սցենարի դեպքում, այսինքն՝ որ Հայաստանում լինում են կորոնավիրուսի եզակի դեպքեր, եւ սահմաններն արագ  վերականգնվում են, Գագիկ Մակարյանը կարծում է, որ իրավիճակը «կքաշի» ամբողջ գարուն։