Կտրոնն ի՞նչ կապ ունի, եթե 200 հոգուն 4 հոգի է սպասարկում․ էլի գցում են մարդկանց վրա

Կտրոնն ի՞նչ կապ ունի, եթե 200 հոգուն 4 հոգի է սպասարկում․ էլի գցում են մարդկանց վրա

Անձնագրային ու վիզաների վարչության գրեթե բոլոր բաժանմունքներում հերթերը շարունակվում են։ Մենք օրերս ռեպորտաժ էինք պատրաստել, որում մարդիկ նշում էին, ըստ իրենց որոնք են աննախադեպ հերթերի պատճառները։ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, թե անձնագրային և վիզաների վարչությունը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով՝ մեծ հերթերի պայմաններում, որն, ըստ ոստիկանության, մի շարք գործոնների միաժամանակյա առկայության պատճառ է։ 

«Չանդրադառնալով հերթերի կոնկրետ պատճառներին, քանի որ մի քանի անգամ արդեն զանգվածային լրատվամիջոցներով տրվել է պարզաբանում այդ մասին, ստորև ներկայացվում է 2022 թ.-ի կատարված որոշ գործարքների համեմատական վերլուծություն նախորդ տարվա հետ, որը ցույց է տալիս այս տարվա առանձնահատկությունները թվային տվյալների տեսքով։

Վերոգրյալ ցուցանիշները փաստում են, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 19-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ կատարվել է շուրջ 131.530 գործարք ավելի կամ այդքան անձ ավել է սպասարկվել ու գտնվել հերթում։

Վերը նշվածը հաշվի առնելով, կրկին հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ անձնագիր ստանալու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումներ կատարելու գործողությունները իրականացնել նախապես և ըստ անհրաժեշտության, անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, քանի որ մի քաղաքացու կողմից մի քանի կտրոն ստանալու և միայն մեկն օգտագործելու դեպքում մնացած կտրողնների չեղարկումը հետագայում լրացուցիչ ժամանակ է պահանջում, այն պարագայում, երբ այդ ժամանակահատվածում կարող է մեկ այլ քաղաքացի սպասարկվել, խնդրում ենք քաղաքացիներին ստանալ հերթի կտրոն՝ յուրաքանչյուրն իր համար, որպեսզի հնարավոր լինի ժամանակն օգտագործել օպտիմալ՝ այդ ընթացքում ավելի մեծ թվով անձանց սպասարկելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

«Կտրոնը ի՞նչ կապ ունի, եթե 200 հոգուն 4 հոգի է սպասարկում։ Էլի գցեցին մարդկանց վրա, շուտ պետք է մտածեիք՝ ինչ պետք էր անել։ Աշխատողներ ավելացնեիք։ Եթե էդ էլ մենք պտի ասենք, էլ դուք ինչի համար եք փող ստանում»,- գրում են քաղաքացիների վերոնշյալ հաղորդագրության մեկնաբանություններում։