Իսրայելական տանկերը Դամասկոսի մատույցներում են. ի՞նչ է կատարվում
Դամասկոսից մոտ 20 կմ հեռավորության վրա իսրայելական տանկեր են նկատվել: Այս մասին հայտնում է Al Mayadeen-ը։
«Իսրայելական տանկերն առաջ են անցել Կունեյտրա քաղաքի մոտով և այժմ գտնվում են Դամասկոսի ծայրամասում»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ՑԱԽԱԼ–ի զինտեխնիկան այժմ գտնվում է Քաթնա քաղաքից 3 կմ հեռավորության վրա։
Սիրիան ներկայիս իշխանության հրահանգով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Իսրայելի ագրեսիան դադարեցնելու կոչով։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ընդլայնել է անվտանգության գոտին 1973 թվականին Ահեղ դատաստանի պատերազմից հետո սահմանված սահմանազատման գծից այն կողմ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Սիրիայի հետ Գոլանում ուժերի անջատման համաձայնագիրը կորցրել է ուժը, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը։ Նա պարզաբանել է, որ պաշտպանության նախարարի և նախարարների կաբինետի աջակցությամբ հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին գրավել սահմանազատման գոտին։
Բաշար Ասադի՝ Սիրիայի նախագահի պաշտոնից հեռանալու և զինված ընդդիմության կողմից տարածքի մի մասի զավթման ֆոնին Իսրայելն ակտիվացրել է Գոլանի բարձունքներում պաշտպանության ամրապնդումը։
Կարծիքներ