Մենք պատրաստ ենք պայքարել անօրինական գործողությունների դեմ. «Այբ» հիմնադրամ

Մենք պատրաստ ենք պայքարել անօրինական գործողությունների դեմ. «Այբ» հիմնադրամ

Դատախազությունն այսօր շտապեց հայտարարել 2014-2018 թթ. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված «հնարավոր չարաշահումների» մասին՝ 8.3 մլն ՀՀ դրամի չափով։ Ընդ որում՝ խոսքը նվիրատվության մասին է, իսկ ծրագրի ընդանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ դրամ է։ Սա երկուսուկես տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է «Այբ» կրթական հիմնադրամի դեմ, և ինչպես նախկինում չի հաջողվել ներկայացնել որևէ չարաշահման հիմնավորում կամ փաստ, այնպես էլ հիմա, վստահ ենք, որ ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ։

Մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներկայացնել մեր այս պնդման հիմքերը և պայքարել անօրինական գործողությունների դեմ։ Նաև շատ բարձր ենք գնահատում, որ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների ու ակնհայտ ապօրինությունների համատեքստում դատախազությունն ուշադրության է արժանացրել 15 հազար դոլարի «հնարավոր չարաշահումը»։ Կարծում ենք, որ ԿԳ նախարարության կողմից ծրագիրը կասեցնելու որոշման հետևանքով է փոշիացվել այդ ամբողջ գումարով ձեռք բերված եզակի կրթական արդյունքը և համոզված ենք՝ վաղ թե ուշ դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ։

«ԱՅԲ» կրթական հիմնադրամ