Արմեն Աշոտյանը վաղուց կորցրել է ռոմանտիզմը եւ սպասելիքներ չունի դատական նիստից

Արմեն Աշոտյանը վաղուց կորցրել է ռոմանտիզմը եւ սպասելիքներ չունի դատական նիստից

«Եկել եմ աջակցելու Արմեն Թավադյանի դեմքով մամուլի ազատությանը»։ Այս մասին այսօր Երեւանի Վերաքննիչ դատարանի բակում  լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

Աշոտյանը նշեց՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այս իշխանություններն, իրոք, նոր գրոհ են սկսում ազատ խոսքի նկատմամբ. «Չկա քաղաքական գործունեությունը առանց ազատ խոսքի, առանց այլակարծության, եւ Արմեն Թավադյանն այսօր իր վրա է կրում այդ ռեժիմի ռեպրեսիվ ապարատի ամբողջ ծանրությունը»։

Նրա խոսքով՝ վաղուց կորցրել է ռոմանտիզմը եւ սպասելիքներ չունի դատական նիստից. « Հույսը դնել դատական իշխանության փսեւդո անկախության վրա, ավաղ, չի լինում: ՀՀ-ում պետական ինստիտուտները վերածվել են խոցված ստամոքսների: Թող այս դատարանում ինձ զարմացնեն եւ ես օրվա վերջում ներողություն կխնդրեմ, եթե հանկարծ վճիռը լինի արդար»:

Արմեն Աշոտյանը կոչ արեց չզարմանալ, որ ՀՀԿ-ականները եկել կանգնել են Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող մարդկանց կողքին. «Մենք մի թիմ ենք եւ ոչ միայն իրենց հետ, բազմաթիվ քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասին բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Հայաստանում ժողովրդավարությանը, ՀՀ ներկա ճգնաժամին, ապագայի տեսլականին»։

Հիշեցնենք՝ Ա․ Թավադյանը ձերբակալել էՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։