Ասում են սուր խոսք, դա սուր խոսք չէր` սադրանք էր

Ասում են սուր խոսք, դա սուր խոսք չէր` սադրանք էր

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

- Երեկ ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո կարծիքներ հնչեցին, որ Հայկ Մարությանի թիմը բավականին կրավորական կեցվածք ունի, անհաղորդ է, ոչ մի բանի չի խառնվում: Ինչո՞ւ են ոմանք այդպես կարծում:

- Եթե ծեծկռտուքը նկատի ունեք, ապա շատ նորմալ է, որ մեր թիմից և ոչ ոք չի խառնվել դրան, որովհետև յուրաքանչյուր ծեծկռտուք սկսվում է, երբ կոնկրետ անձինք իրար հետ կոնկրետ խնդիր ունեն: Ամեն դեպքում մեր թիմը կրավորական կեցվածք չի ընդունել և անտարբեր չէ: Այսօր ևս մեր խմբակցության ղեկավարը մեր թիմի կարծիքը հայտնեց: Ընդդիմադիր գործընկերների հետ ևս քննարկել ենք տեղի ունեցածը: Այն, ինչ տեղի ունեցավ` անընդունելի է:

- Լսելով այսօրվա ելույթները կարող ենք ենթադրել, որ ավագանու գզվռտոցները շարունակական բնույթ կարող են ունենալ:

- Ես դժվարանում եմ հստակ բան ասել այդ մասով: Մարդիկ, ովքեր սկսեցին այդ ամենն, առաջին դեպքը չէ: Նախորդ անգամ էլ միջադեպեր եղան: Ասում են` սուր խոսք, բայց դա սուր խոսք չէր, սադրանք էր, անձնավորված հարձակում մարդկանց վրա: Նման ելույթները հանգեցնում են ընդհարումների: Չեմ բացառում, որ հաջորդ անգամ ևս այդ մարդիկ չեն կարողանա ինքնատիրապետումը պահել: Մարդը կամ ինքնատիրապետում ունենում է, կամ չի ունենում: Չես կարող անվերջ սաստել մեկին: Ամեն դեպքում, եթե նման միջադեպ նորից տեղի ունենա` նույն անձանց մասնակցությամբ, ապա պետք է հարց դրվի, որպեսզի այդ մարդիկ վայր դնեն ավագանու մանդատը: Կամ էլ պետք է պատժիչ միջոցներ կիրառվեն: Այսօր Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ հաջորդ անգամ կպատժվեն, եթե նման բան տեղի ունենա, բայց ամեն դեպքում հուսանք, որ էլ նման բան չի լինի:

- Իսկ ինչպե՞ս են ավագանու անդամին զրկում մանդատից: Ի տարբերություն ԱԺ-ի, ավագանին չունի Էթիկայի հանձնաժողով:

- Հարցն այն է, որ, այո, Երևանին ավագանին չունի Էթիկայի հանձնաժողով: Կա կանոնակարգ, որը նախորդ տարի էինք մշակել, այն վերաբերում է քաղաքապետարանին ենթակա կառույցներին` աշխատակիցներին և պաշտոնյաներին, բայց ոչ ավագանու անդամներին…. Ավագանու անդամների մասով նման կանոնակարգ չկա: Հենց այդ պատճառով էլ ավագանու անդամներն իրենց ազատ են զգում, գիտեն, որ չկա ոչ մի պատասխանատվության հարց:

- «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը նախորդ անգամ էլ Ձեզ հետ ընդհարվեց: Ասաց` չհամարձակվեք իրենց կուսակցության մասին քննադատական խոսք ասել:

- Ես մշտապես ասել եմ, հիմա էլ կասեմ, ես խուսափում եմ նրա հետ բանավեճի մեջ մտնել, հասկանալով նրա բնավորությունը: Նա ոչ միայն իմ հանդեպ է նման բան թույլ տվել, այլև ուրիշների: Դեպք է եղել, որ ավագանու անդամներից մեկին ասել է` «Դուրս արի, արա, դուրսը կխոսանք»: Մարդու մեջ, եթե նման բաներ կան, կապ չունի, թե խոսքը որ ուժի մասին է: Ամեն անգամ մեկի հետ լինում է մի նման դեպք: Խմբակցությունը նախ պետք է կարողանա իր անդամին հորդորել, որպեսզի նման վարքագիծ չցուցաբերի: