Մշակութային հեղափոխությունը մի տարով էլ ուշացավ

Մշակութային հեղափոխությունը մի տարով էլ ուշացավ

Հետհեղափոխական Հայաստանում՝ 2019-ին, իրադարձությունների պակաս չեղավ նաեւ մշակույթի ոլորտում, բայց առավելապես կարեւոր են այն թեմաներն ու իրադարձությունները, որոնք խոսակցություն բացեցին, խնդիրներ մատնացույց արեցին եւ, որպես հետեւանք՝ նպաստեցին դրանց լուծմանը կամ չլուծմանը։

Գրեթե ողջ տարի խմորումներ տեղի ունեցան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ․ նախ՝ տարեսկզբին մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը տնօրենի պաշտոնից ազատեց Կոնստանտին Օրբելյանին՝ վկայակոչելով նրա հայերենի չիմացությունը, երկու եւ ավելի պաշտոնների համատեղումը: Դրան հաջորդեց Օրբելյանի դատական հայցը Ղարիբյանի դեմ, որն արդեն տարեվերջին իր հանգուցալուծումը ստացավ․ Օրբելյանը շահեց դատը եւ վերականգնվեց տնօրենի պաշտոնում։ Այս խնդիրն ուշագրավ է նրանով, որ հարցը հանրային մեծ հնչեղություն ստացավ, ինչպես որ թատրոնի սահմաններից դուրս եկավ բալետի արտիստների բողոքը, որի արդյունքում թատրոնի տնօրինությունը կրճատեց բալետային խմբի ղեկավարի հաստիքը՝ այդկերպ, ըստ էության, լուծում տալով արտիստների միջեւ ծագած կոնֆլիկտին։    

Երկար «շրջազգեստով» եւ բաց մարմնով բալետի պարողներին հանրությունը շատ զգայուն արձագանքեց հատկապես անկախության տոնակատարություններից հետո․ խոսքը Գյումրու Սեւ բերդում Ռուդոլֆ Խառատյանի ներկայացրած բեմադրության մասին է, որը ստամբուլյան կոնվենցիայի, տրանսգենդերների մասին անվերջ խոսակցությունների ֆոնին սվիններով ընդունվեց պահպանողական հանրույթի կողմից։ Պարը չհասկացվեց, դարձավ թեմա, թեման վերաճեց դատ ու դատաստանի, որի ընթացքում բալետմայստերն իր հարցազրույցներում ստիպված էր պարի լեզուն թարգմանել այնպես, որ հասկանալի լինի բոլորին։       

Ընդհանրապես, ավանդապաշտ եւ պահպանողական մեր հասարակությունում կյանքի հետ անհամատեղելի եւ խիստ վտանգավոր են դառնում բեմադրել ներկայացումներ, նկարել ֆիլմեր, որոնք փոքր-ինչ կարող են սասանել մարդկանց արմատական հայացքները։ «Հուզանք ու զանգ» փերֆորմանսը եւ «Մել» ֆիլմը հանրության շրջանում բարձրացրին այդ ալիքը, բացեցին եւ ցույց տվեցին մեր հասարակության խնդիրները, վախերը, նախապաշարումներն ու անհանդուրժողականության չափը։

Պարզվեց՝ «թշնամու» դեմ պետք է պայքարել նրա վրա «զելյոնկա» լցնելով։ Հասարակության ինքնապահպանման բնազդը եւս մեկ անգամ «վտանգվեց», երբ պարզ դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունը 14 տոկոսի չափով ֆինանսավորել է սեռափոխված ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմը։ Հայտնի անեկդոտի նման՝ ամեն մեկը, ով նստում էր տաքսի, ասում էր՝ քշի Թուրքիա, այս դեպքում՝ Հոլանդիա։

Այս ամենը, ինչպես նաեւ բուհերում հայագիտական առարկաների ոչ պարտադիր լինելու հանգամանքը նպաստեցին, որպեսզի օղակը գնալով ավելի սեղմվի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ, եւ մի խումբ ուսանողներ, հիմնականում՝ ՀՅԴ երիտթեւը, պահանջեն հեղափոխական նախարարի հրաժարականը։ Ի դեպ, նախարարի շուրջ կրքերն էլ ավելի շիկացան, երբ նա հայտարարեց, որ իր նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու, սատանիզմի հիմքով համերգների չեղարկում այլեւս չի լինելու Հայաստանում․ «Մտացածին հիմքերով ինչ-որ բաների չեղարկում չի լինելու։ Արվեստը լինելու է ազատ, որովհետեւ անկախ պետության գրավականներից մեկն ազատ արվեստն է»։ Ազատ եւ չգրաքննվող արվեստի մասին նախարարի պատկերացումները, սակայն, քաղաքացիների եւ անգամ մտավորականության որոշ շերտի մոտ վախեր առաջացրին ու մերժվեցին։  

Կոմիտասի եւ Թումանյանի 150-ամյակները թեեւ նշվեցին պետական մակարդակով, բայց չդարձան համազգային երեւույթ, չմտան ամեն մարդու տուն։ Անավարտ մնաց «Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոն-թանգարան»-ի շենքը, չնայած Մաթեւոսյանից պարբերաբար ցիտատներ անող վարչապետի խոսքը թույլ էր տալիս ավելին սպասել։

Ի հակառակ Փաշինյանի եւ Մեսչյանի՝ հուշարձանի պատն ամրացնելու ցուցումներին, Արամի 23-ի հարցը ողջ տարի քննարկվեց, խոսվեց, բայց ամեն անգամ լռության պատին բախվեց։  «Ամեն ինչ անում են, որպեսզի շենքն ինքն իրեն քանդվի․ չկա շենք՝ չկա խնդիր»,- տարեվերջին իրավիճակն այսպես բնութագրեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանը։ Ի տարբերություն Արամի 23-ի, Գրապալատի շենքի հարցն այլ լուծում ստացավ։ Գեւորգ Քոչարի 21 հասցեում գտնվող նախկին Գրապալատի շենքի հատկացումը Մնջախաղի պետական թատրոնին մեծ հնչեղություն ստացավ, քանի որ տրվել էր շինթույլտվություն՝ առանց կառավարության որոշման, եւ նախագծային միջամտությունները, որ կատարվել էին շենքի հարցում, հուշարձանի շահերից չէին բխում։ Ի վերջո քաղաքացիական հասարակության ճնշման արդյունքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մեզ հետ զրույցում նշեց, որ նոր մրցույթ է հայտարարվելու, քանի որ ներկայիս նախագիծը խնդրահարույց է։     

Տարվա ընթացքում եղան մի շարք «համարձակ ձեռնարկներ» եւս, օրինակ՝ ՀՀ օրհներգը փոխելու առաջարկը կամ վարչապետի հանձնարարականը՝ գրել Jingle Bells-ին համարժեք հայկական երգ, որը, ըստ նրա, կարեւոր է մեր պետության եւ ազգային ինքնության համար, ճիշտ այնպես, ինչպես 100 հազար դոլար արժողությամբ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանքին է» կարգախոսը, որ տարվա ընթացքում տիրաժավորվեց եւ փակցվեց քաղաքի բիլբորդների վրա։ Թե ում ինչ տվեց այս կարգախոսը՝ այս առիթով հանրային քննարկումներ եւ բանավեճեր շատ եղան, սակայն մի բան ակնհայտ է, որ մշակութային հեղափոխությունը մի տարով էլ ուշացավ։