Ինչ է ասել Սարգիս Քլոյանը սևազգեստ մորը

Ինչ է ասել Սարգիս Քլոյանը սևազգեստ մորը

Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողներից մեկի մոր միջեւ, որը Քլոյանի հարևանն է, վերջերս մի զրույց է տեղի ունեցել։ Ինչպես հայտնի է, սևազգեստ մայրերը Մարգարիտա Խաչատրյանի՝ Մառոզի գլխավորությամբ բողոքի ակցիաներ են անում կառավարության շենքի առջև՝ կառավարությունից զոհվածների ընտանիքների փոխհատուցում պահանջելով։ Նրանք նաև հարց էին ուղղել կառավարությանը․ ինչո՞ւ պետք է Մարտի 1-ի զոհերի հարազատները փոխհատուցում ստանան, իսկ իրենք, որ կորցրել են իրենց զավակներին ու ամուսիններին, անտեսված մնան պետության կողմից: Այն պետության, որի հանդեպ պարտք կատարելիս զոհվել են երիտասարդները։ 

Սարգիս Քլոյանն իրենց բակում պարզաբանում է պահանջել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողի մորից եւ հանդիմանել, որ նրանք խանգարում են իրենց՝ պետությունից փոխհատուցում ստանալուն։ Այս տեղեկությունը հաստատեց մեկ այլ սևազգեստ մայր՝ Սաթիկ Խլղաթյանը՝ ասելով, որ Քլոյանը մոտեցել և ասել է, որ կառավարությունից գումար չուզեն այլևս, որ կառավարությունում գումար չկա։ Մեր աղբյուրները նշում են, որ Քլոյանը շատ մեծ թիվ է նշել սեւազգեստ մոր հետ զրույցում, ասել է, որ ինքը 200 մլն դրամ է ստանալու, ինչը վրդովեցրել է սեւազգեստ մայրերին։ Մենք կապվեցինք Սարգիս Քլոյանի հետ։ Նա հաստատեց, որ զրուցել է սեւազգեստ կնոջ հետ, սակայն հերքեց, որ 200 միլիոնի մասին խոսել է։ Քլոյանն ասաց․ «Զոհվածի մայրն իմ հարևանն է, ես մոտեցել եմ իրեն, մենք շատ մոտիկ հարաբերություններ ունենք, ես ասել եմ, որ ինչ պահանջ ունեն, թող ներկայացնեն, ի՞նչ գործ ունեն՝ մեր անունն են տալիս։ Նա ինձ պատասխանեց, որ դեմ չեն, որ մեզ փոխհատուցում են տվել, իրենք իրենց պահանջն են ներկայացրել։ Այդքան բան»,- ասաց Քլոյանը։