Փորձում են «իրենցով անել» քաղաքացիական ավիացիան

Փորձում են «իրենցով անել» քաղաքացիական ավիացիան

Քաղավիացիայի կոմիտեում եւ համակարգում առհասարակ, այս պահին բուռն քննարկումներ են գնում, թե ով է փոխարինելու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանին, որ կարողանա այս փոսից հանել հայկական ավիացիան։ Հայկական ավիացիայի «Սեւ ցուցակում» հայտնվելուց հետո խիստ կասկածելի է դարձել  Տաթեւիկ Ռեվազյանի վերադարձը, թեպետ ինքը՝ Ռևազյանը նշել էր, որ մեկնել է՝ վերադառնալու ակնկալիքով։ Մեզ տեղեկացրին, որ մի խումբ չինովնիկներ իրենց առաջ նպատակ են դրել «իրենցով անել» կոմիտեն և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն, որն այս ծառայության գլխավոր բաղկացուցիչներից մեկն է։ Ըստ մեր աղբյուրի՝ մասնավորապես շրջանառվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արսեն Մուսոյանի և նախարարությունում որպես ավիացիոն պատահարների էքսպերտ գրանցված Վարդան Չիլինգարյանի անունները։ Վերջին երկուսը կանգնած են եղել «Հայկական ավիաուղիներ» ընկերության սնանկացման ակունքներում: Հետագայում նույն հաջողությամբ նրանք հուղակավորել են «Էյր Արմենիա» ընկերությունը: Այս երեքից ոչ մեկը չունենալով ավիացիոն կրթություն պատահականության սկզբունքով հայտնվել են ավիացիայում և այժմ լուրջ դերակատարում ունեն ոլորտում։ 

Դրա համար նրանք ջանք ու եռանդ չեն խնայում: Նույնիսկ Նիկոլին սպասարկող թիվ 1 բորտի օդաչուների խցիկից արած տեսանյութն են ուղարկում ավիացիայի ոլորտը կարգավորող եվրոպական մարմիններին, նրանց ուշադրությունը հրավիրելով անթույլատրելի երևույթների վրա: Այդ պատճառով այս տարվա փետրվարին Գրիգոր Հայրապետյանը, որը վարում է թիվ 1 բորտը, ազատվեց կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետի պաշտոնից։

Մեր տեղեկություններով՝ Հակոբ Ճաղարյանի հեռանալուց հետո, հենց այս այս եռյակին է բախտ վիճակված որոշել պետական ավիացիոն քաղաքականությունը, և իրենց մոտեցումները հրամցնել Սուրեն Պապիկյանին, հետևապես և վարչապետ Փաշինյանին: ՔԱԿ-ը գտնվում է նախարարության (կարդա՝ այս եռյակի) պրեսսինգի տակ, Պետական վերահսկողական ծառայությունը թրով-սրով անցնում է կոմիտեի վրայով: Եվ այս իրավիճակում չինովնիկները ոլորտը փրկելու փոխարեն զբաղված են ՔԱԿ պետի պաշտոնը կիսելով:

Մեզ փոխանցեցին նաև, որ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արսեն Մուսոյանի երազանքն է ղեկավարել «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն, որը ժամանակին ղեկավարել է Մուսայանի հայրը՝ Էդուարդ Մուսոյանը։ «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալի հետ կապված մեր տեղեկություններին, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արսեն Մուսոյանը նշեց․ «Ես չգիտեմ՝ որտեղից են Ձեզ այդ տեղեկությունները հասել։ Դուք ինձ հիմա հարցեր եք տալիս, որոնցից ես բացարձակ տեղյակ չեմ, նույնիսկ ֆեյսբուքյան էջ էլ չունեմ։ Խնդրում եմ, ինձ նման հարցեր մի տվեք»։