Իշխանությունը «գործ» է անում, ժողովուրդը լուռ է ու քնած

Իշխանությունը «գործ» է անում, ժողովուրդը լուռ է ու քնած

Վճռորոշ այս ժամանակահատվածում, երբ բառի բուն իմաստով կշեռքի նժարին է դրված Հայաստան երկրի լինել-չլինելու հարցը, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մոռացել է, որ երկիր ունի, որը կորստյան եզրին է, եւ միայն ինքը կարող է տեր կանգնել իր ծնողին՝ հայրենիքին: Այս ճակատագրական օրերին, երբ Հայաստան երկիրն իր ղեկավարների ապաշնորհության պատճառով կարող է ամեն րոպե անցնել Ադրբեջանի տիրապետության տակ, ողջ աշխարհում ապրող հայությունը մատը մատին չի խփում, ոչ մի ռեալ քայլ չի ձեռնարկում՝ երկրի կործանման դեմն առնելու համար: Հայ ժողովուրդն իրեն այնպես է պահում, կարծես ոչ մի վտանգ էլ չկա` ամեն մեկը զբաղված է իր առօրեական գործով:  Անհասկանալի է, թե ուրիշ էլ ինչ պետք է լիներ, որ ժողովուրդն անհանգստանար եւ փորձեր կոնկրետ քայլերի դիմել: Մի՞թե հայրենիքից ավելի կարեւոր բան կարող է լինել... 

Ուղղակի բառեր չեմ գտնում՝ նկարագրելու համար, թե նման իրավիճակում հայտնված ցանկացած ժողովուրդ ինչ պետք է աներ` ոչ մի բանի առաջ կանգ չառնելով: Ակնհայտ է, չէ՞, որ այս ամենը կարող է ավարտվել միմիայն Հայաստանի կործանմամբ եւ Ադրբեջանի կողմից նրա գրավմամբ: Կույրին անգամ հստակ տեսանելի է այս ամենը: Սա ուղղակի տիեզերական աբսուրդ է, անգամ՝ աֆրիկյան ցեղերի մոտ նման բան չի կարող լինել, որքան էլ որ նրանք հետամնաց են: Անհասկանալի է, թե հայ ժողովուրդն այս պահին ինչով է զբաղված, ինչի է սպասում, ինչի վրա է հույսը դրել: Պարզ չէ՞, որ Ադրբեջանն ինչ պլանավորում է, արագ հասնում է դրան, եւ նա արդեն կազմել է ճանապարհային քարտեզն ու անվարան շարժվում է դեպի այն, որի դեմ հայերը փաստացի ոչ մի քայլ չեն ձեռնարկում, այլ միայն դասախոսություններ են կարդում, ստատուսներ գրում եւ բացահայտում երկրի ղեկին նստած Նիկոլ Փաշինյանի պետականակործան քայլերն ու խաբեությունները՝ հասկանալով, որ պատրաստ է անել այն ամենը, ինչ Ալիեւն է ուզում: Եկեք շիտակ ասենք, որ իշխանությունը պարտաճանաչ իր «գործն» է անում, իսկ հայ ժողովրդի մի հատվածը միայն խոսում է, մյուս հատվածն անգամ չի էլ խոսում, եւ բոլորով հետեւում ենք, թե ինչպես է Հայաստանը մաս-մաս հանձնվում։

Եվ պատահական չէր, որ ԱԺ-ն 63 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկի օրինագիծը, որը մեկ անգամ եւս հաստատեց, որ հայ ժողովուրդը միմիայն խոսում է` բացահայտ ընդօրինակելով ԵՄ-ի փուչ ներկայացումներին, որին ականատես եղանք 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ որը շարունակվում է մինչ այսօր։

Հայ ժողովուրդ, ի վերջո պետք է հասկանանք, որ ժամանակ չկա, եւ Հայաստանը փրկելն աշխարհասփյուռ հայության սուրբ պարտքն է: Այլապես Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ