Խափանարարները

Խափանարարները

Գյումրու ընտրություններից հետո ՔՊ-ն հայտնվել է մի էկզոտիկ իրավիճակում, որի մեջ երբեք չի եղել: Այդ վիճակում հայտնվելու քաղաքական որևէ բացատրություն չկա: Ոչ մաթեմատիկան, ոչ երկրաչափությունը, ոչ ֆիզիկան, ոչ քիմիան ոչ կենսաբանությունը համապատասխան սահմանումներ ու օրենքներ չունեն, որոնցով հնարավոր լինի որևէ կերպ նկարագրել ՔՊ-ի արդի կացությունը: Վստահ եղեք՝ Նիկոլը մի բան բստրած կլիներ, եթե լիներ այդ մի փոքր հնարավորությունը, բայց սուտն էլ այստեղ չի կարող փրկել իրավիճակը: Եվ պատահական չէ, որ Նիկոլը լռում է, իսկ նրա հետ էլ լռում են բոլոր ՔՊ-շնիկները: Մինչ այս ինչ հիմարություններ դուրս են տվել՝ դուրս են տվել: Այլևս ասելիք չունեն: Իներցիայի ուժով անգամ դատախազ գլորեցին Վարդան Ղուկասյանի վրա, բայց դա էլ ավելի բարդացրեց դրությունը: Գործին խառնվեց նաև կրիմինալը, որ մինչ այդ համբերատար հետևում էր իրավիճակին ու պարզ դարձավ, որ Վարդան Ղուկասյանին մերկ ձեռքերով բռնել ՔՊ-ին չի հաջողվի:

Գյումրին ինքնին մեգապոլիս չէ, մոտավորապես 110 հազար ընտրող ունի, բայց ՔՊ-ի խայտառակությունն այստեղ տիեզերական է… Ասես՝ մի ամբողջ համաստեղություն է անհետացել երկնակամարից: Եվ այո, այդ հարվածից ՔՊ-ում շշկռված են, կարելի է ասել՝ մեռած են, թաղած չեն: Թե բա՝ մեր Սարիկը բոլորից շատ ձայներ է հավաքել… Դե շնորհավորեք Սարիկին, ինչո՞ւ չեք շնորհավորում: Խեղճ Սարիկն ավելի զարմացած է: Ստացած ձայներից հանում է իր մոտիկների ձայներն ու տեսնում է՝ տակը բան չի մնում՝ մի երկու քոսոտ քվե՝ էն էլ նիկոլական պրովինցիալ նամենկլատուրայից: Բա ո՞ւր է ՔՊ-ի խոստացած ոչխարաքվեն, և ինչո՞ւ է այսօր ամեն ինչ կախված Մարտունից:
Ի դեպ՝ ընդդիմությունը նույնպես զարմացած է: Բացի Վարդան Ղուկասյանից այստեղ բոլորը պայքարում էին անցողիկ շեմը հաղթահարելու համար, ու մեկ էլ այսպիսի հաջողություն: Վարդան Ղուկասյանը և ևս 3 ընդդիմադիր ուժ ոչ միայն հայտնվեցին ավագանու կազմում, այլև միասնաբար հաղթեցին ՔՊ-ին և իրավունք ստացան քաղաքապետ նշանակել: Ու թերևս այս անսպասելի և անակնկալ հաղթանակն էր պատճառը, որ ընդդիմադիրները չկարողացան արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում: Պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու նրա շրջապատն իրենց ո՞ր երազում էին տեսել, որ Գյումրու քաղաքապետի ճակատագիրը իրենցից է կախված լինելու: Ու փոխանակ Մարտունին այդ հաջողության համար շնորհավորեն, խորհուրդ տվեցին, շատ ներողություն, պոչ խաղցնել, պարտիզան-պարտիզան խաղալ՝ էսօր կսեմ, վաղը կսեմ, էգուց կսեմ…Վերջապես` ասաց, բոլորը թեթեւացած շունչ քաշեցին...

Ընդդիմության շարքերում ծայր առած այդ թեթև քաշքշուկը, սակայն, ոչ մի կերպ չի փարատում ՔՊ-ի խայտառակությունը: Իշխանությունների ունեցած պատիվ-հարգանքը, ինչպես ասում են, դրանից չի ավելանում: ՔՊ-ի նշաձողն այնքան է իջել, որ Գյումրիում նրան այլևս ոչ ոք և ոչինչ օգնել չի կարող: Վարդան Ղուկասյանին կբռնեն, ընտրությունները հեչ կանեն, թե՞ մի ուրիշ խառնակչություն կմոգոնեն, միևնույն է, Գյումրիում ոչ ՔՊ անունով կուսակցություն կա, ոչ էլ Նիկոլ անունով վարչապետ: Եթե այդքան դուխ ունեն, թող կրկին փորձեն: Սարի՞կն էր մեղավոր, թող ՔՊ-ի առաջին համար դնեն Աննա Հակոբյանի մորքուրի թոռանը և գնան նոր ընտրությունների՝ ՔՊ-ի անունով: Մի երկուսը կային ՔՊ-ում, որ պարծենում էին՝ մենք միակ ուժն ենք, որ Գյումրիում մեր անունով ենք հանդես գալիս: Ի՞նչ ասեմ, տղա՞ եք՝ կրկին փորձեք: Հենց անցողիկ շեմը ՔՊ-ով հաղթահարեք, կգաք՝ կխոսենք:

Այս օրերին ՔՊ-ի փոխարեն և ՔՊ-ից ավելի շատ խոսում էին առանձին ՔՊ-ամերձ շրջանակներ՝ այսպես կոչված փորձանքագետներ, որոնք փորձում էին շանտաժի ենթարկել գյումրեցիներին՝ ասելով, որ Գյումրին մոտ է կառավարման ճգնաժամի, որ բյուջեն և շատ կարևոր որոշումներ կարող են չհաստատվել ավագանու կողմից: Եթե նման հայտարարություններ անեին ընդդիմադիր դաշտից, սպառնային տապալել քաղաքի համար կենսական նշանակության որոշումների ընդունումը, դեռ կարելի կլիներ ինչ-որ կերպ մեկնաբանել, բայց երբ տեսնում ես, որ նման բան է ասում մերձիշխանական «բարձրախոսը» և այն էլ իշխանության ցուցումով, այլ բան չի մնում անելու, քան հիշել այդ նույն իշխանությունների խափանարարությունները Վանաձորում, Ալավերդիում, Գորիսում, ինչու ոչ, հենց Գյումրիում՝ Բալասանյաններից իշխանությունը խլելու օրերին:

Խափանարարներ՝ ահա ՔՊ-ին ու ՀՀ գործող իշխանություններին գյումրեցու տված վերջին գնահատականը: