«Երթուղային մտորումներ»՝ վարչապետի վարկանիշի շուրջ

«Երթուղային մտորումներ»՝ վարչապետի վարկանիշի շուրջ

Աղբահանության հարցը քիչ թե շատ լուծվեց, բայց հասարակական տրանսպորտը շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում։ Տրանսպորտային կոլապսը հատկապես նկատելի է երեկոյան 5-ն անց կեսից հետո։ Երեւանի մարդաշատ խաչմերուկներում՝ Երրորդ մաս, Կիեւյան, Շրջանային, երթուղայինի սպասողների կուտակումներ են, ինչպես 91 թվականին։ Տաքսի գտնելը մեծ երջանկություն է։ Վարորդներն այս պիկ ժամերին չեն համարձակվում «պասաժիր» վերցնել քաղաքային տրանսպորտի խոշոր հանգույցներից։ Օրինակ, մետրոյի «Բարեկամություն» կայարանի՝ դեպի Շահումյան ու Աջափնյակ տանող ուղղության վրա տաքսիները հինգից ութը չեն կանգնում, քանի որ մեծ է խցանման մեջ ժամեր անցկացնելու հավանականությունը։ Նույնը Կոմիտասի ու դեպի մասիվ ուղղություններում է։ Եվ հենց պիկ ժամերին էլ հոգնած, «մարշրուտկեքում» ճզմված մարդիկ հակված են քաղաքական բանավեճերի։ Այդ ժամերին երթուղայիններում մի ոտք տեղ գտածները, որոնք Նիկոլ Փաշինյանի հիմնական ընտրազանգվածն էին` «քայլող» հեղափոխության մարտիկները, հատկապես սուր են գիտակցում, որ Փաշինյանը դավաճանեց «մարշրուտկի ժողովրդին»։ Ու այդ ժամերին տրանսպորտում թեժ քաղաքական քննարկումներ են տեղի ունենում։

Երեկ, օրինակ, Կիեւյան կամրջի վրա երթուղայինի ուղեւորներից մեկը, որի դեմքը չէր երեւում մարդկանց մեջքերի ու հետույքների հետեւից, բայց ձայնը լավ լսվում էր, ասաց․ «Լավ է, լավ, իսկ Նիկոլը ինքնաթիռ ա առնում 55 մլն դոլարով, որ թռնի Ամերիկա»։ Աստիճանին ծվարած մի կին, որ կանգառում քիչ էր մնում դուրս ընկներ, վրդովվեց․ «Տրանսպորտի նախարարությունը, քաղաքապետարանը վատ են աշխատում, էլի Նիկո՞լն ա մեղավոր»։ 55 միլիոնի մասին լսելով՝ երիտասարդներից մեկը սկսեց ընկերոջ համար բարձրաձայն հաշվել․ «Ասում ա՝ մենք Եվրոպա կարանք գնանք, Ամերիկա չենք կարա։ Բայց եթե ամեն մի գնալու համար 500 հազարով ինքնաթիռ վարձի, ամենամեծ թիվն եմ ասում, դա նշանակում ա, որ 55 մլն դոլարով դու 100-110 անգամ կգնաս Ամերիկա, կգաս։ Հաստատ՝ իրա վարչապետի սռոկում էդքան չի գնա»։ «100-ը սխալ ես ասում, մի հատ Ամերիկա գնալը 5 հազար ա, հազար անգամ պետք ա գնա-գա»,- հակադարձեց ընկերը։ Զրույցի ռեզյումեն այն էր, որ Փաշինյանը պարզապես մանկության երազանքն է իրականացրել՝ ինքնաթիռ ունենալու։ Այսպես, ներքեւից, հեղափոխական զանգվածներում ձեւավորվում է Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը։

Մի թիվ էլ ավելացնենք՝ 55 մլն դոլարը հերիք էր, որպեսզի մենք բոլոր 450 հազար թոշակառուներին միանվագ օգնություն տրամադրեինք՝ յուրաքանչյուրին նվիրելով 100 դոլար, այսինքն՝ մեկ ամիս նվեր տայինք մեր բոլոր թոշակառուներին՝ կրկնակի թոշակ վճարելով։

Կառարկեք, թե հունվարի 1-ից կենսաթոշակը կբարձրանա 10 տոկոսով։ Բայց բյուջեի ավելացումն ու այդ 10 տոկոսները, որոնք նվազագույն թոշակ ստացողների համար հավասար են 3 հազար դրամի, նրանք իրենց մաշկի վրա չեն զգա, որովհետեւ այդ 10 տոկոսն արդեն խժռել է գնաճը։ Գնաճը պաշտոնապես կազմել է 4,3 տոկոս։ Մասնագետները համարում են, որ սա մեղմացված ցուցանիշ է, իրականում գնաճը 5-6 տոկոս է։ Բայց համարենք, որ այս թիվը ճշգրիտ է, եւ առաջին սպառման առարկաների գները բարձրացել են 4,3 տոկոսով։ Այդ նույն 4 տոկոսը եղել է 2018 թվականին, այս տարի ու նաեւ կլինի 2020-ին։ Սա նշանակում է, որ 3 տարում գնաճը կազմել է 12-13 տոկոս, իսկ թոշակները երեք տարում բարձրացել են ընդամենը 10 տոկոսով։ Հասկանալի է, որ ինչքան էլ գոռանք ավելացած բյուջեի մասին, այս թվաբանությունը շատ արագ անդրադառնալու է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա։