Ճգնաժամը դեռ նոր է սկսելու

Ճգնաժամը դեռ նոր է սկսելու

Ձմեռը հեռու չէ, իսկ Արաքս, Հայկաշեն եւ Մեծամոր համայնքներում տները տաքացնելու խնդիր կա: Արմավիրի մարզի այս երեք գյուղերը, որոնցից Արաքսը սահմանակից է Թուրքիային, գազիֆիկացված չեն: Բնակիչները տարիներ շարունակ տաքացել են վառելափայտով: Փայտով են տաքացրել նաեւ ջերմոցները:

Արաքսի գյուղապետ Վարդան Գրիգորյանը հաշվել է՝ միայն իրենց գյուղը տարեկան 6000 խմ անտառ է վառում: Այդ մասին պարբերաբար դիմել է բոլոր ժամանակների կառավարությանն ու անկեղծորեն խոստովանել, որ իրենց համայնքը բնությանը մեծ վնաս է պատճառում: Խնդրել է ծառերը չկացնելու համար միջնորդել «Գազպրոմ Արմենիային», որ գազիֆիկացնեն գյուղը: Կառավարությունից հուսադրող պատասխան չեն ստացել:
«Գազպրոմին» դիմել են նաեւ իրենք: Ընկերությունը գյուղական բնակավայրերում ներդրում անելը ռիսկային ու ոչ նպատակահարմար է համարել: «Երեք համայնքների գազիֆիկացման ծախսերը միասին գերազանցում են 1 մլրդ դրամը: Դա է պատճառը, որ «Գազպրոմը» հրաժարվում է ներդրում անել»,- ասաց Արաքս համայնքի ղեկավարը:

Նրա տեղեկացմամբ՝ «Գազպրոմ Արմենիայից» առաջարկել են հովանավորներ գտնել: «Ասացին՝ ծախսն արեք, գազիֆիկացրեք 3 համայնքները, իսկ մենք կհաշվենք օգտագործած գազի ծավալն ու տոկոսային հարաբերակցությամբ ետ կվերադարձնենք գումարը»:
Գյուղապետը հովանավորի փնտրտուքն անիրական ու պարապ զբաղմունք է համարում: Ասում է՝ եթե չեն գազիֆիկացնելու, գոնե այլընտրանք առաջարկեն: Իսկ այլընտրանք մարզպետն է առաջարկել: Խորհուրդ է տվել արեւային ջրատաքացուցիչներ տեղադրել։ Գյուղացիները սրտնեղել են․ «Ջրատաքացուցիչները միայն կենցաղում են պետք գալիս, իսկ տունն ու ջերմոցնե՞րն ինչով ենք տաքացնելու»,- ասացին: 

Գյուղերում գազ անցկացնելու համար մարզպետարանում առաջարկել են 1 մլրդ-ի գոնե կեսը՝ 500 մլն դրամը գյուղացիները հավաքեն, մնացածը կփորձեն ներդնել սուբվենցիոն ծրագրով: Բայց վարկերի տակ կքած գյուղացիներին այդ միտքն էլ չի ոգեւորել: «Բոլորը վարկերի տակ ճռռում են, 500 մլն դրամ ո՞նց կարանք հավաքենք: Ճգնաժամը դեռ նոր է սկսվելու»:

Արաքսի գյուղապետն անտառի ոչնչացմանը դեմ է: Ծառահատման դեմ պայքարողներից մեկն էլ ինքն է: «Բայց չոր սանկցիաներով հարցը չի լուծվի: Եթե մարդը տունը տաքացնելու խնդիր ունի, ինչքան էլ սանկցիաներ կիրառեն, միեւնույն է՝ ծառը կտրելու է: Կտրելու է այնպես, ինչպես արեց անցած տարի՝ տապալելով տնամերձերի բարդիներն ու ծիրանենիները: Հիմա տնամերձներում ծառեր գրեթե չեն մնացել, գյուղացին էլ ստիպված գնելու է անտառներից բերած գերանները»:
Գերաններով բարձված մեքենաները, ի դեպ, արդեն գյուղում էին: Տեղեկացանք, որ դրանք սանիտարական հատումից էին ստացել: Խմ-ն վաճառում էին 36-40 հազար դրամով: