Նազարբաևն առաջին անգամ պատմել է երկրորդ ընտանիքի մասին
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր «Իմ կյանքը» հուշերի գրքում պատմել է, որ ունի երկրորդ ընտանիք։ Այս մասին գրում է ղազախական Orda.kz պորտալը։
Գիրքը շուտով վաճառքում կհայտնվի, սակայն առայժմ առաջին օրինակները ստացել են քաղաքական գործիչները, փորձագետները և լրագրողները։
Նազարբաեւի հուշերը գրել է անձամբ նա։ Դրանք շոշափում են հանրապետության առաջին նախագահի կյանքի քաղաքական ու անձնական կողմը։
«Իմ կյանքը» գրքի առանձին գլուխներ նվիրված են 2019 թվականին երկրում իշխանության տարանցմանը, որտեղ հիշատակվում է նաև Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Գրքից հատվածներ պորտալին ներկայացրած քաղաքագետի խոսքով, հուշերում նոր հայտարարություններ, խոստովանություններ կամ պարզապես տեղեկություններ չկան, բայց առաջին անգամ կա խոստովանություն երկրորդ ընտանիքի՝ Ասել Իսաբաևայի և երկու որդիների մասին.
«Մենք ամուսնացանք մահմեդական սովորության համաձայն։ Ասելն ինձ երկու երեխա է պարգեւել՝ երկու փառավոր որդի։ 2005-ին ծնվել է Թաումանը, իսկ 2008-ին՝ Բայկենը»,- նկարագրել է Նազարբաևը։
Նախկին նախագահի կինը՝ Սառա Նազարբաևան, ում հետ նա ամուսնացել է 1962 թվականին, գիտեր ամուսնու երկրորդ կնոջ և նրանց երեխաների մասին։
Կարծիքներ