Նոյեմբերի 9-ին ոստիկանները հայտնաբերել էին հետախուզման մեջ գտնվող Տիգրան Խաչատրյանին՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդուն։
Նա հայտնաբերվել էր Երեւանի իրենց առանձնատանը՝ պահարանի մեջ ներկառուցված գաղտնի սենյակում։ Տիգրան Խաչատրյանը, հիշեցնենք, հետախուզվում էր մոտ 6 ամիս առաջ Գորիսում տեղի ունեցած մի միջադեպի հետ կապված․ նա վիճաբանության էր բռնվել գորիսեցի 46-ամյա մի տղամարդու հետ, որից պետք է անվադողեր գներ: Ըստ քննչականի ավելի վաղ տարածած հայտարարության, վիճաբանությունը ծագել էր այն բանի պատճառով, որ Խաչատրյանի որդուն դուր չէր եկել, թե իրեն ինչպես են դիմել (Տիկո), եւ 46-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք էր հասցրել։
Տիգրան Խաչատրյանն այս պահին կալանավորված է։ Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել, թե արդյոք գործի նախաքննությունն ավարտվե՞լ է՝ նկատի ունենալով, որ նա միակ մեղադրյալն է, դեպքը տեղի է ունեցել 6 ամիս առաջ, հետախուզվող մեղադրյալը հայտնաբերվել է, ու 6 ամիսը լրիվ բավարար է այսպիսի կենցաղային դեպքով նախաքննությունն ավարտելու ու գործը դատարան ուղարկելու համար։
Սակայն պարզվեց, որ նախաքննությունը դեռեւս շարունակվում է։
Հետաքրքիր է, որ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հավաքների ժամանակ զանգվածային անկարգության մեջ մեղադրվող 17-ամյա արցախցու գործը քննչականը կայծակնային արագությամբ քննեց ու գործն ուղարկեց դատարան։