Ջանըմ, Նիկոլը հրաժարական տվողը չէ

Ջանըմ, Նիկոլը հրաժարական տվողը չէ

Վերջին շրջանում, ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանն աննախադեպ քննադատական հայտարարություններ է անում Ադրբեջանի եւ Իլհամ Ալիեւի դեմ՝ մեղադրելով Արցախում ցեղասպանություն իրականացնելու մտադրության մեջ: Հայաստանի ԱԽՔ-ն էլ վախեցնում է մեզ պատերազմով, թե բա՝ հնարավոր է լայնածավալ սադրանք Ադրբեջանի կողմից: Սա ի՞նչ բան է, ԱԽՔ-ն Նիկոլին խոհեմության կո՞չ է անում, հասկացնում, որ զգուշավո՞ր լինի Ալիեւին եւ միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունների մեջ: Բայց, ներողություն, այս նույն ԱԽՔ-ն չէ՞ր, որ ամերիկաներում ու նատօներում ինչ-ինչ հանդիպումներ էր ունեցել, որից հետո ՌԴ նախագահը խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի 2 տարբերակների մասին՝ վաշինգտոնյան եւ ռուսական: Եթե այո, ապա պետք է ենթադրել, որ Արմեն Գրիգորյանը բավականին լուրջ հանգամանք ունի Հայաստանի Հանրապետության տրանսկոնտինենտալ կապերում:

Մի անգամ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Վաշինգտոն այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ եմ ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության՝ Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում»: Ի՞նչ հանդիպումներ էին դրանք, ո՞ւմ հետ է հանդիպել՝ չէր մանրամասնել: Մի բան պարզ է, սակայն, որ ԱՄՆ հատուկ ծառայություններն ու գործակալություններն իրենց դռներն ամեն մարդու առաջ չեն բացում: 
Իմացանք, որ Արմեն Գրիգորյանը հիմա էլ աշխատանքային այցով մեկնում է Հնդկաստան: Չգիտեմ, կա՛մ զենքի հետեւից է գնում, կա՛մ այդ զենքի հնարավոր մատակարարումը վիժեցնելու: Ես ավելի հակված եմ երկրորդ տարբերակին, որովհետեւ ինչ-որ չափով ճանաչում եմ Նիկոլին: Նա հենց այդ զենքը տեսավ, ոգեւորվելու է ու ավելի է սաստկացնելու հակաադրբեջանական իր ելույթները: Չի բացառվում, որ կրակելու հրաման էլ տա: Եվ այս իրավիճակում խաղի մեջ է մտնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ իր էջում գրելով. «Վարչապետ Փաշինյանին կոչ եմ արել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության բանակցությունների թափը: ԱՄՆ-ն հավատարիմ է մնում այդ ջանքերին»: Նրա այս գրառումից հստակ երեւում է, թե ԱՄՆ-ն որքան է վախենում Փաշինյանի՝ վերջին շրջանի հակաադրբեջանական եւ հակաալիեւյան կոշտ հայտարարություններից: Ուզում է ասել՝ պարոն Փաշինյան, քիչ խոսիր եւ շարունակիր թափով բանակցել Ալիեւի հետ: Ու ո՞նց չասես, որ Արմեն Գրիգորյանն ու Էնթոնի Բլինքենի աշխատակազմը պասերով են խաղում՝ «պասերով, պասերով…»:

Հիմա հանգիստ թողնենք խաղատախտակի վրա մնացած զինվորիկներին ու անցնենք ծանր ֆիգուրներին: Նոյեմբերի 22-ին Հայաստան է ժամանելու Վլադիմիր Պուտինը՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումից մեկ օր շուտ: Ըստ երեւույթին, առանձին զրույց է պլանավորել՝ Սոչիի հանդիպումից հետո մի ուրիշ տեսակ կերպարանափոխված Փաշինյանի հետ: Օրինակ, կարող է հարց տալ՝ էդ իմ ինադո՞ւ ես սկսել այդպես խոսել Ալիեւի հետ, էլի ուզում ես կռի՞վ սարքել… Բա աշխարհը չի՞ ասի, որ Պուտինը մի Ալիեւ ու Նիկոլ էլ չկարողացավ հաշտեցնել: Չի բացառվում, որ Պուտինը եւս Փաշինյանին առաջարկի նույն թափով շարունակել բանակցություններն Ալիեւի հետ եւ ժամանակ շահել, մինչեւ պարզ դառնա, թե ինչ հանգուցալուծում է լինելու Ուկրաինայում: Այնպես որ՝ Բլինքենը, կարելի է ասել, ճիշտ ժամանակին է արել իր գրառումը՝ նպատակ ունենալով կանխել ՀԱՊԿ-ի անկանխատեսելի որեւէ որոշում Հայաստանի օգտին: Ինչո՞ւ Բլինքենը նույնաբովանդակ գրառումով չի դիմել Ադրբեջանի նախագահին, թե նույն թափով շարունակիր Նիկոլի հետ բանակցությունները: Պատճառը հայտնի է: Բավական է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի բրյուսելյան կամ վաշինգտոնյան հարթակը տապալվի, եւ Արեւմուտքը կմեղադրի Նիկոլին, որ չհետեւեց Բլինքենի խորհրդին:

Ի՞նչ անի Նիկոլը, լսի Բլինքենին եւ շարունակի՞ թափով բանակցել Ալիեւի հետ Արեւմուտքում, թե՞ առաջ տանի իր նոր կեցվածքը՝ դատապարտի ագրեսոր Ադրբեջանի ու Ալիեւի վարած հակաարցախյան քաղաքականությունը: Փաշինյանի համար շատ դժվար է որոշում կայացնելը: Նա պարտվել է թե՛ Ալիեւին եւ թե՛ Արեւմուտքին: Վերջինները նրան դեմ են տվել խաղաղության մի պայմանագիր, որով Արցախը մնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, առանց ինքնորոշման հետագա հնարավորության: Փաշինյանը չի կարող նման թուղթ ստորագրել, բայց, մյուս կողմից էլ, չի կարող անընդհատ նույն թափով հանդիպել ու բանակցել Ալիեւի հետ, ով այսքան զիջումներից հետո դեռ նոր զիջումներ է պահանջում: Եթե սրան ավելացնենք նաեւ Պուտինի հնարավոր «խնդրանքը»՝ չլարել հայ-ադրբեջանական հարաբերությունները, ապա կարելի է պնդել, որ Նիկոլը հայտնվել է անելանելի դրության մեջ՝ կա՛մ ստորագրում ես  պայմանագրի արեւմտյան տարբերակը եւ կորցնում Արցախը, կա՛մ չես ստորագրում եւ Արցախի հարցի լուծման բանալիները հանձնում ես ըստ պատկանելության: Այս իրավիճակում ես հրաժարական կտայի: Դա ժամանակ շահելու լավագույն տարբերակը կլիներ:

ՀԳ. Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե օդանավակայանում ինչպես են դիմավորելու Պուտինին: Ես անհամբերությամբ եմ սպասում դրան: Չեմ բացառում, որ Պուտինի ինքնաթիռի թեւի տակ Հայաստանի պետական կամերային երգչախումբը կատարի «Боже, царя храни»-ն, իսկ Նիկոլն արտասանի՝ Օրհնվի էն սհաթը, Լադիմիր Լադիմիրովիչ ջան, որ քո ոտը մեր լիս աշխարհը մտավ: Երբ այս մասին պատմեցի իմ հարեւան Շմավոնին, նա լսեց ու ասաց․ ջանըմ, Նիկոլը հրաժարական տվողը չէ: