Վասակի հետ՝ Վանոյի մասին

Վասակի հետ՝ Վանոյի մասին

Երեկ մեր նորանկախ պետության ամենավառ անհատականություններից մեկի՝ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն էր։ Նրա ընկերները, ովքեր 20 տարի շարունակ ամեն նոյեմբերի 13-ին նրան շնորհավորում են, գրել էին, որ Հայաստանը մի տեսակ կիսատ եւ տխուր է առանց Վանոյի տեսակի ու խոսքի։
Մենք զրուցեցինք «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքի հեղինակ, նրա ընկեր Վասակ Դարբինյանի հետ։
 - Վանո Սիրադեղյանը ժամանակին իրեն ներկայացված մեղադրանքների մասին ասել էր․ «Բայց նրանց պետք չէր, որ դատավարությունը տրամաբանական ավարտին հասներ: Պետք էր քաղաքական թամաշա այնքան ժամանակ, որ նախագահական եւ պառլամենտական ընտրությունները հորով-մորով անեն: Արեցին, եւ արդեն ժամանակն էր, որ հատուցեին իրենց սուտ վկաներին, վկա-«ամբաստանյալներին»` արագ-արագ դատավճիռ կարդալ եւ արագ էլ կալանքից ազատել: Իսկ իմ մասնակցությունը դատավարությանը, բնականաբար, երկարաձգվում էր, որովհետեւ տասնյակ հոդվածներ էին կպցրել, հարյուրավոր «վկաներ» էին գրանցել, եւ այդ ծավալով աշխատելու դեպքում այդ շոուն կտեւեր եւս մեկ-երկու տարի․․․»։ Հիմա նոր Հայաստանում թվում է՝ նման դատավարություն լինել չի կարող։ Ուրեմն ինչո՞ւ նա այստեղ չէ, Ձեր կարծիքով։ Առաջադրված մեղադրանքների վաղեմության ժամկետն էլ անցել է։

- Մեջբերումն իսկապես բացահայտում է Վանո Սիրադեղյանի ներգրավմամբ հարուցված քրեական գործի եւ կիսատ մնացած դատավարության էությունը: Եթե մեկ բառով ասեմ՝ այդ ամենը խեղկատակություն էր: Դա Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն ամրապնդելու միջոց էր, ամբոխին մեղավոր ու զոհ մատուցելու, իբր թե արդարությունը վերականգնելու նպատակին ծառայող շատ վատ բեմադրություն: Նոր Հայաստանում, այո, նման դատավարություն չի կարող լինել: Իսկ թե ինչու հիմա նա այստեղ չէ՝ հարցը բազմաթիվ շերտեր ունի: Իմ պատասխանը կարող է լինել ենթադրական, ոչ լիարժեք:

- Գուցե Վանո՞ն չի ցանկանում հետ գալ մի երկիր, որը չասեմ՝ իրեն այլեւս օտար է, բայց գոնե անծանոթ է, որտեղ իր ընկերների մի մասը չկա՝ մահացել են, երեխաները՝ մեծացել։

- Երկիրն իրեն ամենաշատը օտար էր այն պահին, երբ հեռացավ երկրից: Բոլորի՛ս ընկերների մի մասը չկան, բոլորի՛ս համար է երկիրն անծանոթ՝ անծանոթ մարդկանցով: Ասեմ ավելին՝ անգամ շատ ծանոթ մարդիկ կան, որ այսօր դարձել են անճանաչելի, որոնք ընդամենը 2 տարի առաջ այսօրվա իրենց կերպարի հակապատկերն էին: Ինչպե՞ս տեղի ունեցավ այս մետամորֆոզը՝ առանձին թեմա է: Դե, իսկ երեխաներն էլ, ինչպես դասական քաղաքական գործիչն է խորաթափանցորեն նկատել՝ պարտավոր են մեծանալ, հո չե՞ն կարող միշտ երեխա մնալ...
Բայց սրանք, իհարկե, պատճառ չեն երկրում չգտնվելու կամ ինչ-որ տեղից չվերադառնալու:

- Նիկոլ Փաշինյանը 2006-ին Վանո Սիրադեղյանի հետ հարցազրույցում տվել էր բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրել են նրա մերձավորներին, ընկերներին։ Ինչո՞ւ նա չարձագանքեց Սիրադեղյանի ընկերներից ոմանց կոչերին, եւ չսկսվեց իրավական գործընթաց՝ ընդհուպ մինչեւ դատաքննություն։

- Հարցի հասցեատերը ես չեմ, հուսամ՝ լրագրողներից որեւէ մեկը մի օր կհարցնի Նիկոլ Փաշինյանին՝ պարոն Փաշինյան, ինչո՞ւ չարձագանքեցիք Սիրադեղյանի ընկերներից ոմանց կոչերին, ովքեր իրավական գործընթացներ էին պատրաստվում նախաձեռնել եւ այդ գործընթացներն ընդհուպ մինչեւ դատաքննություն իրականացնել։

- «ՀԺ»-ի հարցազրույցում պատասխանելով հարցին՝ «Իսկ ինչո՞վ եք զբաղված եղել այս ընթացքում: Ոմանք մտածում են, որ վեպ եք գրում, ոմանք կարծում են, որ օտար լեզուներ եք սովորում, ոմանք` հուշեր եք գրում», ասել էր․ «Գրեթե ոչ մի բանով զբաղված չեմ եղել: Վեպ չեմ գրել, հուշեր գրել չեմ ուզում, թեկուզ այն պատճառով, որ իմ հիշողությունը դիպվածային է, եթե կարելի է այդպես ասել` խրոնոլոգիականությունից զուրկ: Կարելի էր, անշուշտ, դիմանկարներով գրել, բայց անցած 2 տասնամյակին սիրելու բան քիչ է եղել, իսկ առարկան չսիրելով՝ ես չեմ կարող գրել: Սիրելիների մասին գրելն էլ անհնար է, որովհետեւ մանրամասն հիշելը ցավ է պատճառում: Ցավագին գրել չի կարելի»։ Ձեր կարծիքով՝ Վանոն չի՞ ցանկանում գրել ու ցավ զգալ։

- Էդ հարցազրույցի հրապարակումից անցել է 13 տարի: Այս տարիներին գրել է, թե ոչ, եթե այո՝ ինչ է գրել՝ տեղեկություն չունեմ: Տարիքի հետ մարդու զգացողությունները փոխվում են, հիմա կա՞ այդ զգացողությունը, թե՞ ոչ, փոխվե՞լ է, թե՞ նույնն է՝ ես չգիտեմ: Իմ պատմվածքներից մեկի տողը հիշեցի․ «Երբեք չես կարող որսալ ակնթարթը, թե երբ է ծնվում ցավը, եւ երբ է մեռնում հուշը...»: Այսուհանդերձ, լավ ճանաչելով իրեն՝ գրեթե համոզված եմ, որ այս երկարուձիգ տարիներին չէր կարող ինչ-որ բան չգրել:

- Հույս ունե՞ք, որ Վանոն կարդացել է իր մասին Ձեր գիրքը։

- «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գիրքը ես գրել եմ ոչ թե Վանոյի համար, այլ նրան ճանաչողների եւ չճանաչողների, սիրողների եւ չսիրողների, գնահատողների եւ չհասկացածների, մեծարողների ու մեղադրողների, իր սերնդակիցների եւ առավելապես՝ իրենից հետո եկողների համար... Ոմանք, առանց գիրքը բացելու, կանխակալ կարծիք են կազմում, թե այն կողմնակալ է, առանց հասկանալու, որ շուրջ երեք տասնյակ իմ զրուցակիցները, որոնք տարբեր հայացքներ, նախասիրություններ եւ կողմնորոշումներ ունեն, չէին կարող ձեն-ձենի տված՝ կողմնակալ լինել ու փառաբանել նրան: