Իրանական տիրույթում ամբողջովին հայամետ դիրքորոշումներ են․ Ահարոն Վարդանյան

Իրանական տիրույթում ամբողջովին հայամետ դիրքորոշումներ են․ Ահարոն Վարդանյան

Հայ-իրանական հարաբերությունների շուրջ «Հրապարակը» զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։

-Այսօր Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի հետ, ինչպես նաև հայտնի դարձավ, որ իրանցիներն ուժեր են բերում սահման, ադրբեջանական ԱԹՍ են խոցել, ի՞նչ տրամադրություններ են Իրանում։

-Այո՛, առավոտյան Իրանում տարածվել է տեղեկատվություն տելեգրամյան ալիքներով, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցամաքային զորքերի ծանր սպառազինություն է տեղափոխում սահման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ահաբեկչական խմբավորումները տեղակայվել են իր սահմանների մոտ և այնտեղ է նաև, ինչպես իրենց տեղեկատվության մեջ էր գրված, Էրդողանի բանակը։ Այդ ամենը հաշվի առնելով՝ իրենք անհանգստացել են և իրենց ծանր սպառազինությունը մոտեցնում են սահմանին։

-Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ ազդեցություն կունենա այս խառը իրավիճակում, պատերազմական իրավիճակում։

-Տեսեք, իրանական կողմը միշտ պնդում էր, որ եթե հանկարծ ադրբեջանական կողմը փորձի ահաբեկիչներին օգտագործել Թուրքիայի հետ միասին, ապա դա իր համար «կարմիր գիծ է», իրենք անպայմանորեն պետք է հակադարձեն դրան։ Եվ փաստորեն սա պետք է տեղավորել նշված հայտարարության տրամաբանության մեջ։ Եվ մյուս կողմից էլ բնական է, որ այդպես պետք է լիներ, քանի որ իրենց սահմանի մոտ տեղի է ունենում պատերազմ, և ցանկացած պետություն պետք է զգուշանա այդ դեպքում և որոշակի հակազդող քայլերի դիմի։ Իրանը միշտ շեշտել է, որ ահաբեկիչներն իր համար մեկ թիրախն են։ Իրանը հայտնի է տարածաշրջանում որպես հակաահաբեկչական գործողություններ իրականացնող պետություններից մեկը և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր առաջամարտիկներից մեկը։ Եվ նշում են, որ իրենց բազմաթիվ հայրենակիցներ զոհվել են ահաբեկչության դեմ պայքարում՝ Իրաքում, Սիրիայում և այլուր Մերձավոր Արևելքում, և հանկարծ ահաբեկիչները հայտնվում են նրանց քթի տակ, շատ մոտիկ են սահմանին․ սա իրենց համար անընդունելի է։


-Ըստ Ձեզ ՄԱԿ-ում կամ այլ միջազգային կառույցներում Իրանի դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի, կարելի՞ է ակնկալել հայամետ դիրքորոշում Արցախի կոնֆլիկտի հարցում։

-Իրանի դիրքորոշումը ոչ միայն ՄԱԿ-ում, ամենուր հայամետ է։ Ճիշտ է, պաշտոնապես շեշտում են չեզոք դիրքորոշում, պաշտոնապես, այսպես ասեմ, դիվանագիտական մակարդակով, չեզոք և հավասարակշռված դիրքորոշում է արտահայտվում, բայց տողատակերում ամբողջովին հայամետ է Իրանի դիրքորոշումը։ Եվ հենց լրատվական դաշտում, երբ նայում ենք, որ վերլուծաբանները, փորձագետները, կարծիք հայտնողները, հայամետ են, նույնիսկ պետական «Իրնա» լրատվական գործակալությունն էլ է հայամետ դիրքորոշում հայտնող հրապարակումներ արել։

-Իսկ Իսրայելում հայկական դեսպանատան բացումը կարո՞ղ էր բացասական ազդեցություն ունենալ կոնֆլիկտի հարցում Իրանի դիրքորոշման վրա։
 

-Չեմ կարծում, իրանական տիրույթում ամբողջովին հայամետ դիրքորոշումներ են։

Սերգեյ Առաքելյան