Լիբանանահայերը ուզում են փախնել դժոխքից, իսկ կառավարությունում «հլա նոր են ցրցամ տվել»

Լիբանանահայերը ուզում են փախնել դժոխքից, իսկ կառավարությունում «հլա նոր են ցրցամ տվել»

Մի քանի զգայական մակարդակի հայտարարություններ, աջակցության ու ցավակցական խոսքեր և վերջ։ ԱԳՆ-ում Լիբանանին վերաբերող հայտարարությունը 22 ժամ առաջ էր (ժամը 2․58- ի դրությամբ), այն մասին, որ Լիբանանում՝ հարավում իրենց ծառայությունն իրականացնող խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը և վերջ։

Լիբանանում աշխատած նախկին դիվանագետներ, քաղաքական գործիչներ գրառումների, հարցազրույցների միջոցով հորդորում են կառավարությանը տեր կանգնել իրենց հայրենակիցներին ու նաև՝ կառավարության ու ՔՊ-ի ներգաղթի մասին ծրագրին։ Մանավանդ, որ Բեյրութում կազմվել է Հայաստան գալու ցանկություն ունեցողների ցուցակ։ «Լիբանանահայերը Փաշինյանին խնդրում են ինքնաթիռ ուղարկել նրանց դժոխքից փրկելու համար։ Հետաքրքիր է՝ ինչ է լինելու Փաշինյանի պատասխանը, ով երկու տարում ոչ միայն հայկական ավիացիայի հարցը չլուծեց, այլ վերջնականապես կործանեց այն։ Իսկ նրա մեղսակիցը ու իրավիճակի անմիջական հեղինակը հիմա Դանիաներում բալիկ ա կերակրում ու թքած ունի և՛ ավիացիայի, և՛ Հայաստանի, և՛ լիբանանահայերի վրա։ Բարի գալուստ նոր Հայաստան»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Յուլյա Անտոնյանը։

Հիշեցնենք, որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից մեզ տեղեկացրել էին, որ ոչ միայն ԱՄՆ-ից նախօրեին վերադարձած Սինանյանը, այլ ողջ գրասենյակը վաղ առավոտից «մշտական կապի մեջ է լիբանանահայ տասնյակ համայնքային, հոգևոր, բարեգործական շրջանակների հետ» և որ առայժմ կատարում են մեր հայրենակիցների կարիքների գնահատում։ «Կարիքներից մեկն էլ դա է, սակայն, կարիքների մասին պաշտոնական հաղորդագրությամբ գրասենյակը հանդես կգա, բայց այդ կարիքները այժմ գրասենյակի աշխատակազմի կողմից ենթարկվում են մանրամասն վերլուծության և վերլուծությունից հետո նոր գրասենյակը կկարողանա խոսել կոնկրետ աջակցության ծրագրերի մասին»։

Նշենք, որ խոսքը այն մասին է, որ մարդիկ չեն կարողանում շնչել ամոնյակային գազերի արտանետումները, իսկ հանձնակատարի գրասենյակը «հլա նոր է ցրցամ տվել»։ Ինչ պետք է աներ կառավարությունը լիբանանահայերի համար, որ չի արել։ Հարցն ուղղում ենք նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանին, ով ասում է․«Լիբանանում տեղի ունեցած դեպքերը, և ոչ միայն՝ աշխարհի տարբեր անկյուններում դեպքեր են տեղի ունենում, որտեղ ապրում են հայ համայնքներ, ինչը մեզ հուշում է մի բան, որ Հայաստանը որպես պետություն միշտ պետք է պատրաստ լինի արտակարգ իրավիճակների պարագայում օգնել իր հայրենակիցներին։ Ցավոք, այսօր Հայաստանն այդպիսի ռեսուրսներ չունի, բայց պետք է ռազմավարություն մշակվի ապագայում։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է այս աղետին, Հայաստանը կարող է որոշակի խնդիրներ լուծել, բայց Լիբանանի կառավարությունն ինքը պետք է դիմի։ Մենք ունենք հայկական համայնք, նրանք իրենց խողովակներով կարող են տեղեկացնել, թե ինչի կարիք ունեն։ Կարծում եմ՝ բժիշկների կարիք կարող են ունենալ, բացի բարոյական աջակցությունից պետք է նյութական աջակցություն ցուցաբերել, հայ ընտանիքների բնակարաններ են վնասել, պետք է հարցումներ անել և որքան հնարավոր է՝ օգնել և հավատացեք, որ մեր հայրենակիցները հայրենիքից եկած օգնությունը շատ բարձր են գնահատում։ Եվ դա նաև մեր պետության հեղինակության հարցն է »,-ասաց Ֆիրդուս Զաքարյանը։

Սիրիան, Լիբանանը մշտապես այն երկրների թվում են եղել, որ օգնել են Հայաստանին ու հայ ժողովրդին երկրաշարժի և այլ ծանր ժամանակաշրջաններում։ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը նկատում է, որ Սփյուռքի հանձանակատարի գրասենյակը, ցավոք, այն գործը չի կարող անել, ինչ նախարարության նախկին, օրինակ՝ Մերձավոր Արևելքի վարչությունը, որ ստուգված ու համապատասխան փորձ ձեռք բերած կառույց էր։ Նշենք, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր հոդվածում անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է Հայաստանի Հանրապետությունն արձագանքի Բեյրութի աղետին, առաջարկում էր մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծել կառավարական օպերատիվ շտաբ, որը կհամակարգի ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր և հասարակական այլ կառույցների գործունեությունը։ Իսկ ՀՀ Նախագահին առաջարկվել էր անցկացնել հեռավար քննարկումներ՝ հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ, ձևավորել կապի և տեղեկատվության օպերատիվ խողովակ՝ ԱԳՆ-ում կամ կառավարման օպերատիվ շտաբում՝ քաղաքացիների համար․ այսօրվա՝ պետության համար դժվար ֆինանսական պայմաններում կառավարության պահուստային ֆոնդից գումար առանձնացնել՝ աջակցության անհետաձգելի նպատակների համար, բացել հատուկ հաշիվ՝ նվիրատվությունների համար՝ Բեյրութի հայերին աջակցելու նպատակով, և այլն, և այլն։ Ոչ մի նման բան։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նաև հումանիտար աղետի մեջ գտնվող լիբանանահայերին Դաշնակցությունն իր միջոցներով զգալի աջակցություններ է ցուցաբերել։ Դեռ կորոնավիրուսի համավարակից։ «Եվ երբ ասում եք՝ Լիբանանում մեր հայրենակիցները հացի խնդիր ունեն, այդ օգնություններն ուղղված են, որպեսզի այդ խնդիրները մեղմվեն»,-ասաց դաշնակցականը։ Նա նշեց, որ Դաշնակցության դիրքորոշումը, սկսած Իրաքի ու Սիրիայի դեպքերից, այն է, որ ցանկություն ունեցողները պետք է գան Հայաստան ու կառավարությունն օգնի տեղավորել։ «Իրենք որոշելիքն է,սա մեկ, և երկու՝ մեր պետությունը ևս անելիք ունի»,-ասաց Կիրո Մանոյանը։