Կատարում տհաճ անակնկալ են մատուցել Գերմանիայի նախագահին

Կատարում տհաճ անակնկալ են մատուցել Գերմանիայի նախագահին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Կատար կատարած պաշտոնական այցի ընթացքում Դոհա ժամանելուն պես բախվել է անսպասելի ուշացման հետ: 

Նրան ստիպել են մոտ 30 րոպե սպասել ինքնաթիռում, քանի որ Կատարի ոչ մի պաշտոնյա նրան չի դիմավորել օդանավակայանում, հաղորդում է Deutsche Welle-ն։

Միաժամանակ տեղում եղել է պատվո պահակախումբը։ Գերմանիայի նախագահը սպասել է մոտ կես ժամ, մինչև Կատարի արտաքին գործերի պետական ​​նախարար Սուլթան բեն Սաադ Ալ-Մուրայհին ժամանել է օդանավակայան՝ ողջունելու կարևոր հյուրին։

Հիշեցնենք, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել էր Կատար՝ բանակցություններ վարելու Կատարի էմիր Շեյխ Թամիմ Ալ Թանիի հետ, ով հանդիսանում է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև կարևոր միջնորդ։

Չնայած տհաճ միջադեպին՝ Կատաարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպումն անցել է ըստ նախատեսվածի։ Կողմերը քննարկել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գործող համաձայնագրի շրջանակներում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը: