Աննա Հակոբյանը մի պաշտոնական այցից մյուսն է շտապում

Աննա Հակոբյանը մի պաշտոնական այցից մյուսն է շտապում

Օրեր առաջ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն: Այցը կմեկնարկի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանը կայցելի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, որտեղ հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների հետ: Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միլան եւ այլն: 

Սակայն երեկվանից Նիկոլ Փաշինյանի այցին հետեւողները նկատել են, որ տիկինը ներկա չէր ոչ Վենետիկի այցին, ոչ Սուրբ Ղազար կղզում ընդունելությանը, ոչ Միլանում պաշտոնական հատվածին ու համայնքի հետ հանդիպմանը։ Միայն երեկոյան նա հայտնվեց Միլանի Լա Սկալա հանրահռչակ օպերայում, որտեղ վարչապետն ու տիկինը ունկնդրում էին «Եգիպտական Ելենա» օպերան։ 

Բանն այն է, որ տիկին Աննան արդեն սեփական օրակարգն ունի եւ այն հաճախ չի համընկնում ամուսնու օրակարգին։ Նա նոյեմբերի 18-ին մեկնել է Լիտվա, որտեղ հանդիպում է ունեցել վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելյեի հետ, նրա հետ այցելել «Երեխաների ուռուցքաբանական աջակցության կենտրոն», ապա ճաշել եւ տարբեր հարցեր քննարկել։ Հետո հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսի հետ, ապա նաեւ Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեի հետ: Ի դեպ, մի քանի օր առաջ էլ նա ընդունել էր Ղազախստանի  Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:

Իսկ նոյեմբերի 19-ին Լիտվայից մեկնել է Ռեյկյավիկ՝ Իսլանդիա, որտեղ մասնակցել է «Կին առաջնորդների» ֆորումին։ Այստեղ զրույց է ունեցել Լիտվայի պաշտոնաթող նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ, ապա հանդիպել է «Կին քաղաքական առաջնորդների գլոբալ ֆորումի» խորհրդի նախագահ Հաննա Բիրնա Կրիստիանսդոթիրի հետ։ Դրանից հետո նոր մեկնել է Միլան՝ միանալու վարչապետ ամուսնու պաշտոնական այցի պատվիրակությանը։ 

Այս հաճախակի դարձած ուղեւորությունները, ենթադրաբար, ֆինանսավորվում են  պետբյուջեից եւ նրա ղեկավարած հիմնադրամներին հանագանակված գումարներից։ Սակայն ուշագրավ է, որ Աննա Հակոբյանը «կին լիդերների» համաժողովին ներկա լինելը գերադասել է ամուսնու կողքին լինելուց։ Գուցե այլեւս նախկինի նման չի՞ կարոտում նրան, իսկ գուցե՝ առաջնորդ դառնալու ծրագրե՞ր է մշակում եւ գնում է այն ճանապարհով, որով գնաց Իլհամ Ալիեւի կինը՝ Մեհրիբան Ալիեւան։ 

Հ․Գ․ Վերը նշված բոլոր փաստերը վերցված են պաշտոնական հաղորդագրություններից։ Վերջին պարբերությունը մեր վերլուծությունն է, որը բխում է նշված փաստերից։ Հուսով ենք՝ տիկին Հակոբյանը հերթական անգամ մամուլին չի մեղադրի իր, իր ընտանիքի ու ամուսնու մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։