Մայր Աթոռը նման հայտարարություն չի արել

Մայր Աթոռը նման հայտարարություն չի արել

Մենք գրել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մրցույթ Հայաստանի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: «Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար»: Ծառուկյանի այս գաղափարը սկզբնական շրջանում, կարծես, եկեղեցուն այնքան էլ դուր չէր եկել: Ավելին` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արձան կառուցելու գաղափարին նշել էր, որ արձանները մեր եկեղեցու ավանդույթին հարիր չեն: «Մայր Աթոռը կքննարկի այդ հարցը, և հաղորդագրություն կտարածենք», - նշել էր Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Մի շարք այլ հոգեւորականներ եւս անդրադարձել էին Հիսուսի արձանի նախաձեռնությանը եւ մերժել էին այդ գաղափարը։ Չնայած Մայ Աթոռի ոչ այնքան դրական վերաբերունքին, ժամեր առաջ հրապարակվեց արձանի մրցութային հանձնաժողովի կազմը, որի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներառված էր Տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանի անունը: Ավելին՝ հանձնաժողովի անդրանիկ նիստում ելույթ ունենալով Տեր Ասողիկը ողջունել էր նախաձեռնությունը եւ գովաբանել Գագիկ Ծառուկյանին։ Մենք կապ հաստատեցինք վերջինիս հետ` հասկանալու համար, թե ինչպես է ստացվում, որ եկեղեցին հակասում է ինքն իրեն: Մեր այն հարցին, թե Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ նշել էր, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արձան կառուցելու գաղափարը և առհասարակ արձանները մեր եկեղեցու ավանդույթին հարիր չեն, իսկ հիմա ինչպես է ստացվում, որ Դուք ողջունում եք գաղափարը, մեր զրուցակիցը նշեց. «Մայր Աթոռը նման հայտարարություն չի արել: Ես տեղյակ չեմ: Մենք տեղյակ չենք: Նյութերն ուղարկեք, կծանոթանամ, հետո կխոսենք»: - նշեց Տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանը: