Արտակարգ դրության մեջ արտակարգ քայլ․ ոչ մեկը քաղցած չի մնա

Արտակարգ դրության մեջ արտակարգ քայլ․ ոչ մեկը քաղցած չի մնա

Հիմա բոլորս ,, նույն նավում ենք,,։ Գոյատևման խնդիր է։ Ամենազոր կորոնավիրուսից բացի ավելի լուրջ խնդիր կա՝ ինչքան էլ ուզենք ՛՛չտեսնելու տալ՛՛, օրավարձով  ապրող ու ստվերում աշխատող մարդկանց չենք կարող անտեսել։ Թիվն ահռելի է։ Բայց այսօր՝ «դաժան թշնամու դեմ պայքարում», վարչապետի մակարդակով ժխտվում է օրավարձով ապրող մարդկանց ռեալ գոյությունը և փորձ է արվում նրանց նույնացնել ստվերում աշխատողների հետ։ Մի պահ ընդունենք անընդունելին։ Ասենք ունենք ահռելի թվով ստվերում աշխատող մարդիկ։ Նրանց ուրանա՞նք․ ասենք՝ թող գնան ոնց ուզում են գոյատևե՞ն։ Պատկերացնու՞մ եք հետևանքները, թե ինչ կարող է լինել։ Արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ մեկուսացվում են, «կապում ոտ ու ձեռերը», պետությունը անելիք չունի՞։ Էլի նույն ե՞րգը պիտի լսենք՝ օլիգարխները, հա օլիգարխները․․․

Ավելի հեշտ միջոց կա, որ «փրկիչ իշխանությունը» պիտի իրականացնի։ Նրանք իշխանության էին եկել, իրենց ասելով, ՝ փրկելու հայ ժողովրդին։ Հիմա իսկը ժամն է հասկանալու՝ արդյո՞ք դրա համա՞ր էին եկել։ Պետական ողջ ապարատը համալրել են հիմնականում յուրային քայլիստներով, որոնցից շատերը մինչև նախարար կամ մարզպետ դառնալը, չգիտեին, թե ինչ է 100 հազար դրամը։ Հիմա միլիոններ են ստանում, պարգևատրվում։ Կողքից էլ իբր ժողովրդին լավություն են անում՝ հայտարարելով, թե իրենց մեկ ամսվա պարգևատրությունը կհատկացնեն համաճարակի հաղթահարմանը։

Առաջարկում եմ կառավարությանը՝ պետական բոլոր աշխատողների աշխատավարձը՝ մի կարգադրությամբ, համաճարակի, արտակարգ դրության  պայմաններում, սահմանել նվազագույն աշխատավարձի չափով։ Համատարած բոլորինը՝ կառավարություն, ազգային ժողով, նախարարություններ, մարզպետարաններ․․․ բացառություն՝ Բուժաշխատողներ, Բանակ, Զինված ուժեր։  Հիմա ճոխության ժամանակը չէ, երբ մարդիկ "հացի փող չունեն"։ Ավելացված գումարները, որոնք պարգևատրությունների հետ միասին, ահռելի թիվ կկազմեն՝ ուղղեն ժողովրդին, թող «ցամաք հացի փող ունենան» ։ Արտակարգ դրության մեջ արտակարգ քայլ․ ոչ մեկը քաղցած չի մնա։   Նորերը եկել էին ժողովրդին  ծառայելու, նրանց հոգսը թեթևացնելու, թող սեփական օրինակով դա ապացուցեն։ Այսօր ես հարյուրավոր ընտանիքներ գիտեմ, ովքեր քաղցած են բառիս բուն իմաստով։ Եվ անտեսելը նրանց մեղք է։ Հետևանքը անկախատեսելի։ Նման մարդիկ, երևի դեռ չեք պատկերացնում, թե ինչերին են ընդունակ՝ իրենց "քաղցած ձագերին ՛՛ կերակրելու համար։ Պատերազմ է, բոլոր պատերազմներից ամենահեղը, ցույց տվեք, որ դուք ժողովրդի համար եք եկել իշխանության։