Գյումրու քաղաքապետի թեկնածուների կարգախոսները․ ով ում է ընդօրինակել

Գյումրու քաղաքապետի թեկնածուների կարգախոսները․ ով ում է ընդօրինակել

2025թ․ մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ թվով 373 ավագանու թեկնածուներով։
3  օր է՝  Գյումրիում ընտրական գործընթացը պաշտոնապես մեկնարկել է։ Քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող թեկնածուները տարբեր մոտեցումներով ազդարարեցին նախընտրական քարոզարշավի սկիզբը։ Ոմանք նախընտրում են թաղ առ թաղ պտույտը, ոմանք էլ դահլիճային հանդիպումներ են կազմակերպում։
Թեև մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, թեկնածուներից ոմանց պաստառները փակցված էին Գյումրու փողոցներում, այսօր արդեն քաղաքն ամբողջությամբ պաստառներով է ողողված։Ուշագրավ են թեկնածուների կարգախոսները։ 

Քվեաթերթիկի 1-ին համարը զբաղեցնում է ՔՊ-ն, քաղաքապետի թեկնածուն Սարիկ Մինասյանը կարծես թե նախկին կարգախոսից հրաժարվել է․ «Մեր Սարիկը»  «Սարի պես` Գյումրու թիկունքին» է դարձել։ ՔՊ-ականներն իրենց թեկնածուի կարգախոսը փոխեցին թեկնածուներից Ռուբեն Մխիթարյանի հետ համացանցային պայքար սկսելուց հետո։Հիշեցնենք, որ Մխիթարյանը ՔՊ-ին, ՔՊ-ն էլ  Մխիթարյանին էր մեղադրում կարգախոսը գողանալու մեջ։

2-րդ համարը ներկայացնող «Կոմունիստական կուսակցության» թեկնածուն՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան էլ ընտրել է նախորդ ընտրապայքարի իր կարգախոսը՝ « Ե՛վ հույս, և՛ հավատ, և՛ սեր» ։ Նրա կարգախոսը, թերևս, տրամաբանական է, քանի որ սովորական զրույցները անգամ Ղուկասյանը համեմում է Աստվածաշնչյան մեջբերումներով եւ իրեն համարում է հոգևոր մարդ ։

3-րդ համարը «Ապրելու երկիր» կուսակցությունն է, թեկնածուն իրավաբան Կարեն Մալխասյանն է։ Նա ընտրել է իր անձին հարիր մի համեստ կարգախոս՝ « Միասին հանուն Գյումրու»:

4-րդ համարի  «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածուն Կարեն Սիմոնյանն էլ համարձակ կարգախոսով է հանդես եկել ՝ «Միացի՛ր, որ փոխենք»: Ի դեպ, այս դաշինքը Սիմոնյանի մասնակցությամբ  մի երգի տեսահոլովակ է նկարահանել , որն այս օրերին Գյումրիում հիթ է դարձել:

Երգիչ, դերասան, իրեն Կարեն ԴԵմիրճյանի գաղափարները կրող համարող «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» թեկնածուն՝ Արտյոմ Թումանյանը,  քվեաթերթիկի 5-րդ համարն է զբաղեցնում :  Նրա կարգախոսն է  «Գյումրեցու որոշում»-ը:

Քվեաթերթիկի 6-րդ համարում Եվրադաշինքն է, թեկնածուն Ժուռնալիստների ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է:  Եվրամետներն էլ  փորձել են տուրք տալ պատվին ու արժանիքին եւ կարգախոս են հնարել՝   «Գյումրու արժանապատվության ընտրություն»:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը 7-րդ համարն է, թեկնածուն` գործարար, մարզիկ, նախկին ԲՀԿ ավագանու անդամ  Արտյոմ Ղարաղազարյանն է: Վերջինս գյումրեցիներին առավել հայտնի է իր մականունով՝ Մուլտ: Ղարաղազարյանի կարգախոսն է՝ «Ճիշտ քաղաք»:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թեկնածությունն առաջադրած  «Մեր քաղաքը» դաշինքը քվեաթերթիկում համար 8-ն է։Այս դաշինքի կարգախոսն է՝  «Քաղաք, որին արժանի ես դու»:


Եվ վերջապես քվեաթերթիկի 9-րդ համարում  «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որի  թեկնածուն պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ Վերջինիս կարգախոսն իր հեղինակած երգից մի հատված է՝  «Ես քո Գյումրին եմ»: