100 փաստի հակառակ կողմը

100 փաստի հակառակ կողմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կապանյան ասուլիսում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունը՝ կապված ՍԴ նախագահի հետ, գրչային «հուժկու» փաստերն ու ապացույցները, դրանց հաջորդած իրադարձությունները ստվերեցին ներկայացված 100 փաստը, որոնք, ըստ վարչապետի, արտացոլում են իր կառավարության աշխատանքի արդյունքը: Փաստերից շատերն ուղղակի թվեր են, տոկոսներ, որոնք նկարվել են ե՛ւ նախորդ իշխանության, ե՛ւ իր օրոք: Դրանք մանիպուլյացիոն թվեր են եւ ոչինչ չեն ասում շարքային քաղաքացուն, ոչնչով չեն փոխում նրա կյանքը: Շարքային քաղաքացին իր կյանքում ու կենցաղում պետք է զգա փոփոխություն: Այդ դեպքում թվեր ներկայացնելու կարիք չի լինի:

Մնացյալ փաստերին ծանոթանալիս այնպիսի տպավորություն է, թե վարչապետը երկար ժամանակ մտածել, այստեղից-այնտեղից պեղել-գտել է ինչ-որ տվյալներ, իրողություններ, որոնցից շատերն անգամ կապ չունեն կառավարության գործունեության հետ, բայց «100» թիվը լրացնելու համար դրանք ներկայացրել է որպես կառավարության ձեռքբերում: Օրինակ, ի՞նչ կապ ունի ՀՀ կառավարությունը Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման ավելացման հետ, որ վարչապետը նշել է որպես ձեռքբերում 2019-ի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 2018-ի համեմատ ավելացել է 5.8%-ով:

Կամ՝ ի՞նչ կապ ունի բնական գազի եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում կորուստների մակարդակի նվազման հետ: Դա ՀԷՑ-ի եւ «Գազպրոմի» աշխատակիցների, կոնկրետ՝ էլեկտրիկների ու գազավիկների գիշերուզօր հետեւողական աշխատանքի արդյունք է: Այդ կորուստների ցուցանիշն ամեն տարի նվազում է: Մինչդեռ Փաշինյանն իր 100 փաստերից մեկով այդ նվազումը ներկայացնում է որպես կառավարության ձեռքբերում: Այդ երբվանի՞ց է կառավարությունը պայքարում «լեւի» լույսի ու գազի դեմ: Փաշինյանը, որպես իր կառավարության ձեռքբերում, նշում է նաեւ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւեր: Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ Փաշինյանն ու իր կառավարությունը, արտգործնախարարությո՞ւնն է իր լավ աշխատանքով հասել դրան, թե՞ ԱԺ մի շարք հանձնաժողովների, այդ թվում նաեւ՝ սփյուռքի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: 

100 փաստերից մեկում նշվում է. «2019-ի ընթացքում Հայաստանը հաջողությամբ նախագահել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում… 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացված գագաթնաժողովը կազմակերպության պատմության մեջ աննախադեպ է եղել իր ծավալներով»: Սա նույնպես Փաշինյանի ու իր կառավարության ձեռքբերումը չէ, ամեն ինչ ընթացել է այն հերթագայությամբ ու օրակարգով, որը հաստատված է եղել դեռեւս «սեւերի» իշխանության օրոք: Եվ ազնիվ չէ ուրիշների ձեռքբերումը վերագրել քեզ: 

Վարչապետը նշում է. «2019 թ․ հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.459.152, կամ աճը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 14.4%։ 2019 թ․ հունվար-սեպտեմբերին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը ՌԴ-ից ավելացել է 76.2%-ով, Գերմանիայից՝ 2.2 անգամ, Ֆրանսիայից՝ 2.3 անգամ, Իտալիայից` 62.8%-ով, Նիդերլանդներից՝ 98.6%-ով, Իրանից՝ 13.3%-ով, Վրաստանից` 11.7%-ով, Կանադայից՝ 43.8%-ով, Ուկրաինայից՝ 31.7%-ով, Չինաստանից՝ 42.14%-ով, ԱՄՆ-ից՝ 18.51%-ով, Իսպանիայից՝ 57.17%-ով»: Այս թվերի մեջ, չգիտես ինչու, Փաշինյանը չի նշել հնդիկներին, որոնց թիվը մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է: Ըստ մամուլի հրապարակումների, 2019-ի առաջին կիսամյակում, աշխատելու նպատակով, Հայաստան է ժամանել 15 հազար 442 հնդիկ: Ըստ օդում կախված լուրերի, ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի հետ համաձայնագիր է ստորագրել, որ Հայաստանը պարտավորվել է ընդունել ՄԱԿ-ի կողմից ներկայացված աղքատ երկրների քաղաքացիներին եւ նրանց ապահովել կեցավայրով ու սնունդով: Հայաստան եկած հնդիկներն այդ համաձայնագրի՞ շրջանակներում են եկել Հայաստան, թե՞ ոչ: Ներկայացված թվերի մեջ նրանց մասին՝ ոչ մի խոսք: Իսկ մեկ այլ կետում նշվում է, որ, համաձայն ՄԱԿ-ի Փախստականների գործերով գործակալության զեկույցի, Հայաստանը մտել է Սիրիայից ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկրների ցուցակը: Ըստ զեկույցի՝ Հայաստանն ընդունել է 14 հազար 700 փախստականի: Այս թիվը մտնում է զբոսաշրջիկների՞ թվի մեջ, թե՞ Հայաստան մշտական բնակության վերադարձածների: 

Մեկ այլ փաստով վարչապետը նշում է. «Իրականացվել է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումները ՊԵԿ հյուսիսային մաքսատուն-վարչություն տեղափոխման գործընթացը, ինչի արդյունքում երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների հոսքն աստիճանաբար վերաուղղվել է դեպի Գյումրի: 2019 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 189.018 հատ ավտոմեքենա, որը շուրջ երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը»։ Այստեղ նույնպես վարչապետն անկեղծ չէ. մարդիկ այլ տարբերակ չունենալու պատճառով են իրենց ներմուծած տրանսպորտային միջոցները տարել Գյումրի՝ մաքսազերծելու: Իսկ մարդկանց դժգոհությունների մասին՝ ոչ մի խոսք: Ներմուծվող մեքենաների թիվն ավելացել է ոչ թե այն պատճառով, որ մարդիկ սկսել են այնքան լավ ապրել, որ համատարած դրսից մեքենաներ են բերում, այլ՝ որովհետեւ 2020 թ․ հունվարի 1-ից մեքենաների մաքսատուրքն ավելացել է, դրա համար էլ շատերն աշխատեցին մինչ այդ հնարավորինս շատ մեքենա բերել՝ կա՛մ անձնական օգտագործման, կա՛մ վաճառքի համար: Ոչ մի խոսք այն մասին, որ հիմա մարդիկ այդ մեքենաների ձեռքին «շիվար» են մնացել, քանի որ դրանց թիվն այնքան է ավելացել, որ ստիպված են ավելի էժան վաճառել, քան դրանց վրա ծախսել են: 

100 փաստերից մեկում նշվում է, որ աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից «Time»-ն իր տարեվերջյան համարներից մեկում Հայաստանն անվանել է «Կովկասյան վագր»: Այստեղ Փաշինյանը կարծես թե ինքն իրենից գոհ է, քանի որ իր ատելության կենտրոն Ռոբերտ Քոչարյանի օրոք էր միջազգային տարբեր զեկույցներում Հայաստանի տնտեսությունը հռչակվում որպես «կովկասյան վագր»: Իսկ թե ինչի հիման վրա է նշված ամսագիրը եկել նման եզրահանգման, դժվար է ասել: Բայց Փաշինյանը զլացել է նշել, թե իր կառավարության մասին ինչ կարծիքներ են հրապարակում տեղական հեղինակավոր օրաթերթերն ու լրատվամիջոցները, որոնց դեմ ինքը չհայտարարված պատերազմ է սկսել…

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ եւ քննիչի աշխատասենյակում հարցաքննվել»,- նշվում է 100 փաստերից մեկում: Սակայն չի նշվում, որ առաջին անգամ քննվողը քննիչի մոտից սելֆի է արել ու հրապարակել: 

«2019-ին դատական համակարգի աշխատակիցների համար ձեռք են բերվել 320 նոր համակարգիչներ, որոնք փոխարինել են 2005-ից գործող համակարգիչներին: Այսպիսով, Հայաստանի բոլոր դատավորների համակարգիչները փոխարինվում են նորերով»,- նշվում է փաստերից մեկում: Եթե խոսք է գնում դատարանների մասին, ապա «աննախադեպ» բառի նկատմամբ հատուկ հակում ունեցող վարչապետը չի ասում, որ իր իշխանության օրոք դատարանների նկատմամբ եղավ աննախադեպ գրոհ. իր հրահանգով փակվեցին հանրապետության դատարանների մուտքերը, եւ դատավորներին թույլ չտվեցին մտնել աշխատավայր: Մեկ այլ փաստով ասվում է. «2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զինծառայության հետ կապված զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն` մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»: Մինչդեռ վերջին շրջանում բանակից հաճախ ենք լսում զինվորների մահվան բոթեր, որոնք ներկայացվում են որպես ինքնասպանություն: Համացանցը դժգոհություն արտահայտեց վարչապետի այս հայտարարության դեմ, իր համակիրներից մեկը՝ Շուշան Ղազարյանը, անգամ գրեց.

«Սուտը մեռնի՞: Դու բանակից ի՞նչ ես հասկանում, որ ստում ես:  Թե՞ քեզ թվում է՝ մենակ դու հիշողություն ունես: Եթե մահերի թիվը չի փոխվել, էդ դեպքում դու ի՞նչ գործ ունես վարչապետի աթոռին: 

Սերժիկը նստած էր, էլի: Ցավում եմ, որ Հայաստանի վարչապետի համար բանակում զինվորի մահը ընդամենը թիվ է, այլ ոչ երբեք մի ամբողջ ընտանիքի, գուցեեւ՝ մի ողջ գերդաստանի միակ արու զավակի անհատակ, անբուժելի ողբերգություն:

Ու քո նկատելի հանգստությունը՝ քո զինվոր որդին սեւ թվաքանակի մեջ չի ու, վստահ, չի էլ լինի:
Պաշտպանված է հազար պատնեշով: Ջհանդամ թե ուրիշին ինչ կպատահի:
Բանակը փոր պահելու տեղ չի, վարչապետ: Տեսնում եմ՝ քեզ այդպես են զեկուցել: Դու էլ զորամասերի խոհանոցներից դուրս չես գսլիս: 

Բանակը դաստիարակելու ու դաստիարակվելու տեղ է, վարչապետ:

Ու էդ, կեղտոտ փողի ու արյան մեջ թաթախված ձեռքերով, սերժաքոչարյանական անուղեղ ու թրքաբարո հրամանատարներով ու ներկա անբան նախարարով, անհնար է բարեփոխել բանակը:
Քեզ հազար անգամ ասացին՝ կադրային ջարդ է պետք, լսել սովորիր:
Ու էլ այդպիսի հիմարություն դուրս չտաս: Անբարոյական է: Իմ որդին իմ Հայրենիքն է: Սպանում ես որդուս, իմ մեջ սպանում ես նաեւ իմ Հայրենիքը: Ականջիդ օղ արա»։

Arevik Petrosyan․ Ինքնասպան զինվորների փաստն արդեն սեւ խարան է բանակ կոչվող կառույցի ճակատին։ 2019-ին այդ սոսկալի երեւույթն ավելի շատ կյանք է խլել, քան թշնամու գնդակը։ 

Լուիզա Աշչյան․ Հազիվ եմ ինձ զսպում, Նիկոլի սենց ինքնագոհ հայտարարությունների դեպքում… Իրավիճակը մենակ իրա համար ա փոխվել՝ ոնց տեսնում եմ… Աստված պահի քո բալեն, բա մյուսների բալե՞քը։