«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Բայդենի եւ Հարիսի հայաստանյան բաժանմունքն է
«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է:
- ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է Դոնալդ Թրամփը, թեեւ դեռ վերջնական արդյունքները չեն հրապարակվել: Տեսակետ կա, որ Թրամփի հաղթանակը լիբերալ ֆաշիզմի պարտությունն է: Հայաստանում ընդդիմադիրներն ուրախ են, իշխանավորները` ոչ այնքան: Ի վերջո, սա մեր տարածաշրջանի, մասնավորապես` Հայաստանի համար ի՞նչ փոփոխություններ է ենթադրում:
- Հայաստանում նախքան ընտրությունների ավարտը որեւէ հետաքրքրվածություն չկար, կար կատարյալ անտարբերություն միայն, սակայն արդյունքների հրապարակումից հետո ինչ-որ քննարկումներ սկսվեցին: Հայ հասարակությունը սովորաբար սիրում է թատերական ներկայացումներ ցուցադրել այս առումով: Մեկն ուրախանում է, հրճվում, մյուսը` տխրում, բայց ոչ մի կողմում չկա անկեղծություն, ես վերապահումով եմ վերաբերվում նման կտրուկ կարծիքներին: Ես Թրամփին աջակցում եմ ոչ այն բանի համար, որ նա լավն է կամ իդեալական, այլ նրա համար, որ աշխարհում այսօր 2 թրենդ, մտածողություն կա, մեկն այլասերման ուղղությունն է` կոլեկտիվ Արեւմուտքի ուղին, որը կեղծ դեմոկրատական արժեքների անվան տակ քայքայում է ամեն բան: Օրինակը մենք տեսանք Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում: Մյուս ուղղությունն իրական դեմոկրատական արժեքների մասին է, որոնք եղել են նախքան ԽՍՀՄ փլուզումը: Մենք ճանաչում էինք այնպիսի գործիչների, ինչպիսիք էին Ռեյգանը, Թետչերը, Սմիթը եւ այն: Բոլորը լուրջ գործիչներ էին, որոնք դեմոկրատական իրական արժեքներն իսկապես կարեւորում էին: ԽՍՀՄ-ի ժողովուրդը, այդ թվում` ես, նախանձով էինք նայում, թե ինչպես են նման գործիչները ժողովուրդներին տանում իրական զարգացման ճանապարհով: ԽՍՀՄ-ի փլուզումն էլ եղավ դրա արդյունքում` մարդիկ ցանկանում էին, որ այն արեւմտյան արժեքները, որոնք այդ ժամանակ կային, լինեին նաեւ մեր տարածաշրջանում, բայց հետո ԱՄՆ-ն էլ այլասերվեց, Դեմոկրատական կուսակցությունը ԽՄԿԿ-ի վերածվեց: Դրա վառ օրինակը Մոլդովայի իշխանությունն է, Վրաստանի ընդդիմությունն ու Հայաստանի այսօրվա իշխանությունը: Ցավոք, եվրոպական մի շարք երկրներում էլ կան այդպիսի ղեկավարներ, օրինակ, նույն Մակրոնը: Նրանք՝ բոլորը, նույն արեալի մեջ գտնվող մարդիկ են, միաբջիջ եւ պրիմիտիվ, աշխատում են նույն տենդենցներով: Նրանք իրենց տեսակով տարբերվում են այն արեւմտյան արժեհամակարգից, որը կար նախքան ԽՍՀՄ փլուզումը: Այդ շրջանում, օրինակ, Թետչերը հպարտանում էր, որ պահպանվում են ավանդական ընտանիքի մոդելը, արժեքները: Այսօր ավանդական արժեքները դարձել են ամոթալի, քարոզում են տրանսգենդերների գաղափարը, ասում են, որ գեյերն ու լեսբիները պետք է մեծ իրավունքներ ունենան հանրային կյանքում, անգամ հպարտանում են, որ այս կամ այն քաղաքապետը գեյ կամ լեսբի է: Այս արժեքները կեղծ են եւ ոչ մի կապ չունեն իրական արեւմտյան արժեքների հետ: Այս ամենը կոմունիստական արժեքներն են ինձ հիշեցնում, պարզապես այն հիմա ունի «լիբերալ» անվանումը:
- Բայց մի՞թե միայն այն, որ Թրամփը համեմատության մեջ միասեռականներին ավելի քիչ տեղ է տալիս, կարող է առաջացնել Ձեր հիացմունքը: Չկա՞ն առավել կարեւոր հարցեր, օրինակ` անվտանգության հետ կապված: Ի վերջո, մարդիկ հավասար իրավունքներ ունեն` անկախ իրենց սեռական նախասիրություններից, որո՞նք են այն կարեւոր փոփոխությունները, որոնք կարող են լինել Թրամփի հաղթանակից հետո:
- Դե, քարոզի խնդիր կա: ԱՄՆ-ի ԶԼՄ-ների 90 տոկոսից ավելին գտնվում է դեմոկրատների ձեռքին: Բայց մարդիկ դեմ քվեարկեցին այդ ամենին: Մոլդովայում էլ ԶԼՄ-ների 90 տոկոսը Սանդուի ձեռքում էր գտնվում, բայց հաղթանակ կարողացավ տանել քիչ քվեաթերթիկների շնորհիվ, եթե դա կարելի է անվանել հաղթանակ: Ասում են` մոլդովական սփյուռքն է այդ ձայները տվել, բայց թե ինչպես են այդ քվեարկությունները եղել, այլ հարց է: Սա ցուցիչ է այն մասին, որ ժողովուրդների մեծ մասը վերոնշյալ արժեքներին դեմ է: Ես հարգում եմ գեյերի եւ լեսբիների իրավունքները, այնպես չէ, որ ես բռնության կոչեր եմ անում կամ դատապարտում նրանց, բայց միեւնույն ժամանակ կարծում եմ, որ նրանք չպետք է քարոզեն իրենց արժեքները հանրային մակարդակում, դա բնական երեւույթ չէ: Բնական է, երբ մարդը ծնվում է այդպիսին, չի կարելի մարդուն մեղադրել դրա համար, հավասարություն պետք է լինի այս առումով, բայց չի կարելի ասել, որ պարտադիր պետական համակարգում այսքան գեյ կամ այսքան լեսբի պետք է լինի…. Դա կեղծ դեմոկրատական մոտեցում է, կեղծ արժեքներ, որը մերժում է աշխարհը: Շնորհավորում եմ ԱՄՆ քաղաքացիներին: Բոլոր հնարավոր քարոզչամեքենաներով` դերասաններից եւ երգիչներից սկսած, աշխատել են դեմոկրատականների համար, բայց, միեւնույն է` մարդիկ կարողացել են ճիշտը սխալից տարբերել: ԱՄՆ այս ընտրությունը ողջունելի է, այն կարող է դրական ազդեցություն ունենալ այլ երկրների վրա:
- Ի՞նչ կտա այս հաղթանակը Հայաստանին:
- Հայաստանն այս իմաստով ակտիվ ազդեցության գոտում չի գտնվում, չեմ կարծում, թե ազդեցությունը շատ մեծ լինի: Անվտանգության առումով ամեն բան մեզնից է կախված, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, Հայաստանում անվտանգությունը շարունակելու է խնդիր լինել: Այդ ուժերը, որոնք մեկ տեղից են արմատացած` որտեղ ինչ խոստումներ տվել են, արել են դրա ճիշտ հակառակը: Զելենսկին ասաց` ես գալիս եմ խաղաղության հետեւից, բայց Ուկրաինան արդեն մոտ 3 տարի է՝ պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ: 750 հազար մարդ զոհվեց, հաշմանդամ դարձավ…. Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության համար է գալիս, մինչ օրս խոսում է խաղաղության մասին, բայց այնքան մարդ, ինչքան Նիկոլի ժամանակ զոհվեց, չէր զոհվել անգամ տարիներ տեւած Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Այդ մարդիկ բոլոր հարցերում են ստում: Խոսում են սոցիալական արդարության մասին, բայց ամենաանարդար քայլերն անում են, խոսում են օլիգարխներին հեռացնելու մասին, այսօրվա դրությամբ թաքնված օլիգարխիկ համակարգ է գործում: Առաջ օլիգարխները պառլամենտում էին, բոլորս տեսնում էինք, այսօր այլ տեղերում են, ավելի լկտի ձեւերով են մարդկանց խաբում: Վրաստանում նույն խմիչքները, կոնֆետները, տնտեսական ապրանքները մի քանի անգամ ավելի էժան են վաճառվում, քան Հայաստանում` ի՞նչ է դա նշանակում. օլիգարխիկ համակարգի արդյունքում է նման բան լինում: Մարդկանց ամեն հարցում խաբեցին, ասացին՝ ԽԾԲ չի լինելու, բայց հակառակը եղավ: Դատական համակարգը նախկինից ավելի վատ վիճակում է: Կարճ ասած` նախկինից եկած բոլոր արատավոր բարքերը սրանք կատարելագործեցին, դրան գումարած՝ նոր արատավոր բարքեր ավելացրին: Նույնը եղավ Մոլդովայում: Տոտալիտար երկիր է Մոլդովան, բայց իրեն դեմոկրատ երկիր է հռչակել: Ուկրաինայում եթե համարձակվեք Զելենսկուն քննադատել, անմիջապես կձերբակալեն: Պաշտոնյաների երեխաները ողջ օրը տժժում են, հասարակ երեխաները մեռնում ռազմի դաշտում, դա կոչվում է դեմոկրատիա: Բայդեններն ու հարիսները ողջ աշխարհը խառնեցին իրար եւ խոսում են համաշխարհային դեմոկրատիայից: Հայաստանի անվտանգությունը չի կարող լինել լավ վիճակում, եթե Նիկոլ Փաշինյանը մնա...
- Ի դեպ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մինչ օրս բացառապես դեմոկրատների հետ է շփվել եւ չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը Թրամփի նկատմամբ:
- Դա այս իշխանության պատկերն է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Բայդենի եւ Հարիսի հայաստանյան բաժանմունքն է: Ողջ տրամաբանությունը սա է: Նիկոլ Փաշինյանը նրանց քարտուղարն է: Հիմա ստեղծվելու է խառնաշփոթ, պետք է կարողանան նոր կապեր ստեղծել նոր իշխանության հետ:
- Բայց նույն 44-օրյա պատերազմը եղավ Թրամփի իշխանավարման շրջանում:
- ԱՄՆ-ում կա «խորքային պետություն» հասկացությունը, ինչը հաղթահարելը շատ դժվար է: Եթե այսօր Թրամփն է հաղթել, չի նշանակում, որ ԱՄՆ քաղաքականությունը փոխվելու է լիովին: Կարող են որոշակի շեշտադրումներ փոխվել, ինչը դրական է, բայց, մեծ հաշվով, որոշում կայացնողը համակարգն է, ոչ թե անձը: Առաջին անգամ ԱՄՆ-ում ե՛ւ Սենատը, ե՛ւ Կոնգրեսը, ե՛ւ նախագահը հանրապետականներից է կազմված, լիահույս եմ, որ Թրամփին կհաջողվի լուրջ փոփոխություններ մտցնել:
Կարծիքներ