Անունը փոխել, անցնել առաջ

Անունը փոխել, անցնել առաջ

Որը՝ օրենքով, որը` անօրինականությամբ, այս իշխանությունն առաջ է տանում իր ծրագրերն ու կյանքի կոչում իր մտադրությունները: Այնտեղ, որտեղ խոչընդոտներ են առաջանում, այդ խոչընդոտները վերացնելու-հաղթահարելու հնարամիտ ձեւեր է մտածում: Եվ դա իրականացնում է մարդկանց հիմարեցնելով, նրանց միամտությունից ու անտեղյակությունից օգտվելով: Ասենք` մի գործընթաց է բերում ասպարեզ, հանդիպում է խոչընդոտների ու դժվարությունների եւ սկսում է մտածել, թե ինչպես այդ գործընթացն իրականություն դարձնի` շրջանցելով ծագած արգելքները: Այդ եղանակով ժամանակին ոչնչացրին անկախ Սահմանադրական դատարանը:

 

Չստացվեց Հանրաքվեով եւ վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքով, ուղղակի խորհրդարանում սահմանադրական փոփոխություններ իրականացրին, որոնք խնդիրներ ունեին օրենքի եւ օրինականության հետ, բայց «հաղթողներին չեն դատում», իսկ Վենետիկի հանձնաժողովն էլ աչք փակեց այդ ամենի վրա: Հետո հայտարարեցին, որ դատական համակարգի վեթինգ են իրականացնելու․ երբ տեսան՝ չի ստացվում, եւ միջազգային կառույցները չեն խրախուսում դա, փոխեցին մարտավարությունը` սկսեցին վեթինգն իրականացնել, բայց այդ բառը չարտաբերել:

ԲԴԽ-ի վերջին մեկ տարվա կայացրած անհիմն ու ապօրինի վարչական ակտերը հենց վեթինգ են, որով իշխանությունն ազատվում է անցանկալի դատավորներից:

 

Հետո եկավ «խաղաղության պայմանագրի» փուլը` մարդիկ արագ հասկացան, որ դրա անունն է միայն խաղաղության պայմանագիր, իրականում այն կապիտուլյացիայի, Արցախը հանձնելու, Ադրբեջանի ապօրինի պահանջները կատարելու մասին փաստաթուղթ է: Եվ այն դեռ չկնքված` վարկաբեկվեց ու հանդիպեց դիմադրության: Ի՞նչ արեց իշխանությունը` ուղղակի փոխեց փաստաթղթի անունը, այն անվանելով «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն»: