Ուկրաինան պարտվեց, բայց նրա դաշնակից ԱՄՆ-ն հաղթեց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաշիվ է ներկայացրել Ուկրաինային` 500 միլիարդ դոլարի, որն Ուկրաինան պետք է վերադարձնի իր ընդերքի բնական հարստությունների տեսքով: Ընդամենը 10 օր առաջ Թրամփը խոսում էր հազար անգամ ավելի փոքր գումարի`500 միլիոնի մասին: ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոթ Բեսենթն այդ հայտարարությունից ընդամենը մեկ օր հետո այցելեց Ուկրաինա՝ քննարկելու ԱՄՆ-ի հասանելիքը վերցնելու գործարքի մանրամասները: Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Միացյալ Նահանգները, Արեւմուտքը, Ռուսաստանը կամ որեւէ մեկը մեզ կօգնի, թող լավ տեսեն, թե ինչ է անում Դոնալդ Թրամփն Ուկրաինայի հետ, եւ կհասկանան, որ միայն մարդկային` ներանձնական հարաբերություններում կարող են լինել անշահախնդիր օգնության դեպքեր, բայց ո՛չ միջպետական, միջազգային հարաբերություններում: Ինչպես ասում էր «Ոսկե հորթի» հերոս Օստապ Բենդերը՝ դիմելով Շուրա Բալագանովին եւ Պանիկովսկուն, «Ձեզ տված յուրաքանչյուր վիտամինի դիմաց պահանջելու եմ բազում մանր ծառայություններ», այնպես էլ ԱՄՆ-ն Ուկրաինային տված ամեն դոլարի դիմաց պահանջում է հնգապատիկ ավելին: Պարզվեց, որ 3 տարի շարունակ ԱՄՆ-ն չէր օգնում Ուկրաինային, այլ բիզնես էր անում, փող էր դնում, որ մի քանի անգամ ավելին հետ ստանա:
Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ին հանձնել 500 միլիարդ դոլարի հազվագյուտ հողային մետաղներ՝ որպես ռազմական օգնության դիմաց փոխհատուցում, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է հասանելիություն ստանա Ուկրաինայի բոլոր համաձայնեցված բնական ռեսուրսներին՝ անկախ հակամարտության ելքից, նույնիսկ եթե Ռուսաստանի հետ խաղաղություն չլինի։ «Ուկրաինացիները կարող են պայմանավորվել, կարող են չպայմանավորվել եւ գործարքի չգնալ պատերազմի ավարտի շուրջ։ Մի օր կարող է ընդհանրապես ռուս դառնան կամ էլ ռուս չդառնան։ Բայց ես ասացի, որ ուզում եմ վերադարձնել այն ամբողջ գումարը, որ մենք ծախսել ենք (նկատի ունի պատերազմի ընթացքում Ուկրաինային օգնելու համար` Ա. Բ.)»,- ասել է Թրամփը՝ հասկացնելով, որ իրեն Ուկրաինայի կամ ուկրաինացիների ճակատագիրը չի հետաքրքրում, իրեն հետաքրքրում է ԱՄՆ ֆինանսական շահը, չէ՞ որ ինքն էր ասում «ԱՄՆ-ն` ամենից առաջ»։
Հիմա արդեն չեն լսվում այն մարդկանց ձայները, ովքեր ընդամենը մի ամիս առաջ ասում էին, թե նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագիրն ԱՄՆ-ի համար պարտություն է կամ խայտառակություն: Նույնիսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ծպտուն չհանեց, երբ նախորդ օրը Թրամփը հեռախոսային շատ ջերմ զրույց ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի հետ: Մինչդեռ, երբ նման բան էին անում Հունգարիայի, Սլովենիայի կամ նույնիսկ Գերմանիայի ղեկավարները, Ուկրաինայում մի իսկական քարոզչական ցունամի էր բարձրանում նրանց դեմ՝ պրոպուտինյան դիրքորոշում ունենալու, «մարդակեր հրեշի» հետ համագործակցելու համար: Բայց գաղութային ադմինիստրացիան չի կարող բողոքել մետրոպոլիայի ղեկավարի գործողությունների դեմ:
Թրամփի խաղաղության ծրագիրը, իհարկե, պարտություն է Ուկրաինայի եւ ուկրաինացի ժողովրդի, բայց ոչ` ԱՄՆ-ի համար, իսկ դրանք տարբեր բաներ են: Սրա մասին գրում եմ նաեւ այն պատճառով, որ նույն սցենարն աշխատել է Հայաստանում` 2020 թվականին, երբ Հայաստանը 44-օրյա պատերազմում պարտություն կրեց, բայց Արեւմուտքը` ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, նաեւ՝ Ռուսաստանը, հաղթանակ տարան, քանի որ ոչինչ չկորցրին, բայց ձեռք բերեցին ավելի մեծ ազդեցություն Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ: Ուկրաինայի տարածքի 23 տոկոսն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ, բայց չէ՞ որ 77 տոկոսը շարունակում է մնալ Ուկրաինայի, այսինքն՝ ԱՄՆ հսկողության տակ: Արեւմուտքն Ուկրաինայի աջակցության վրա ծախսել է 175 միլիարդի չափ գումար, Զելենսկին ասում է, որ դրանից 75-ն է հասել Ուկրաինա: Այդ գումարի մեծ մասը դուրս գրված եւ ժամկետանց ռազմական տեխնիկա էր, որն իրենք առավելագույնը կարող էին օգտագործել որպես մետաղի ջարդոն, իսկ ռազմամթերքի ուտիլիզացիայի վրա հավելյալ միջոցներ պետք է ծախսեն: Գումարի մնացած մասը ներդրվել է ԱՄՆ ռազմական արդյունաբերության մեջ, վճարվել է աշխատավարձ եւ հարկերի տեսքով նորից հետ է գնացել բյուջե: Եվ դրա դիմաց ԱՄՆ-ն ստանում է Ուկրաինայի ընդերքը՝ տասնյակ տրիլիոնների հարստությունը շահագործելու իրավունք, այդ թվում` կրիտիկական նշանակություն ունեցող ապրանքներ` հազվագյուտ հողային մետաղների հանքավայրեր, լիթիում, ուրան, երկաթ, գազ եւ նավթ:
Ուկրաինան Եվրոպայի ամենամեծ բերրի սեւահողերի սեփականատերն է, սեփականատերը՝ չակերտների մեջ, քանի որ դրա մեծ մասն արդեն ամերիկյան տերերին է պատկանում: Պատերազմի արդյունքում այդ սեւահողերի վրա ապրող մարդկանց մի մասը զոհվեց, մյուսները` փախան, մնացել են ծերերը, հաշմանդամները եւ կանայք, իսկ Ուկրաինան կամ այն, ինչ մնաց Ուկրաինայից, դարձավ հակառուսաստան: Առանց պատերազմի նման արդյունքի դժվար էր հասնել. հիշո՞ւմ եք, որ երբ մինչեւ պատերազմը Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի իշխանությունը հողի նկատմամբ օտարերկրացիներին սեփականության իրավունք տալու մասին օրենք ընդունեց, Ուկրաինայում ինչ աղմուկ բարձրացավ, բողոքում էին հիմնականում ուկրաինացի ազգայնականները, թե` մեր հողն օտարին չենք տա: Իսկ հիմա ո՞ւր են նրանք. նրանց մեծ մասը զոհվել է ռազմի դաշտում՝ խառնվելով այդ սեւահողին, մյուսները դեռ կռվում են, բայց պարտվածներն այլեւս դիմադրություն ցույց չեն տա:
Ահա թե ինչպիսին է լինում հաղթանակը, երբ ուրիշի ձեռքով պատերազմ ես վարում, տիրանում ես իբրեւ թե բարեկամների բազմատրիլիոնանոց ունեցվածքին, առանց որեւէ կորստի, առանց էական ջանքի ու պատերազմի մեջ անմիջական ներգրավվածության: Սա է իմպերիալիզմի իսկական արյունոտ դեմքը, որը միշտ թաքնված է խաղաղասիրության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրության շղարշով:
Կարծիքներ