Թուրքի դրոշի օրը Շուշին տվեց, Մոնթեի ծննդյան օրը՝ Քարվաճառը, Արցախի հանրաքվեի օրը կապիտուլյացիան ստորագրեց

Թուրքի դրոշի օրը Շուշին տվեց, Մոնթեի ծննդյան օրը՝ Քարվաճառը, Արցախի հանրաքվեի օրը կապիտուլյացիան ստորագրեց

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց, որի հետեւանքով ունենք արցախահայության տոտալ շրջափակում, ավելի քան 200 զոհ, 400 վիրավոր եւ ծայրահեղ ծանր իրավիճակ։ Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանից հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից, եւ ստեղծված իրավիճակում փրկության ի՞նչ ելքեր կան։ «Մենք՝ բոլորս գիտենք, որ մեղքը հետեւանք է ծնում, իսկ ազգը մեղքի մեջ ներքաշվեց 2018-ին՝ ընտրելով «մեղքին»։ Մեղքն էլ գործեց իր ավերը, ժամանակին պետք է հասարակությունը ոտքի կանգներ, բայց ասում են՝ լավ է ուշ, քան ավելի ուշ։ Ելք միշտ էլ կա, Աստված մեր ազգին չի թողնելու, ճիշտ է՝ մեծ փորձություններով ենք անցնելու, բայց, ի վերջո, ինչպես միշտ եմ ասել, մենք կտեսնենք մեծ Հայաստան։ Բայց դրա համար պետք է ազգը պայքարի»։

Տեր Ահարոնը հիշատակում է այս իշխանության ձախողումների եւ հանձնումների սիմվոլիկան․ «Թուրքի դրոշի օրը Շուշին տվեց, Մոնթեի ծննդյան օրը՝ Քարվաճառը, Արցախի հանրաքվեի օրը կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրեց, Ալիեւի կնոջ ծննդյան օրը Բերձորն ու Աղավնոն նվեր տվեց եւ, ի վերջո, եկավ Սյունիք՝ Նժդեհի մահվան օրը, այն էլ՝ ճանապարհները նրա առաջ փակեցինք, եւ չկարողացավ իր ծիսակարգն իրականացնել, բայց դա չի նշանակում, որ ինքն իր նպատակներից հետ է կանգնել։ Սեպտեմբերի 21-ին էլ Եվլախում Արցախի վերջնական կապիտուլյացիան ստորագրեց, այսինքն՝ մեր բոլոր տոներն ինքը վերածեց սգի։ Էլ չասեմ, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, իսկ այդքան բանը կաներ միայն թուրքը»։

Տեր հայրը մեր ազգին հորդորում է՝ ամուր կանգնել մայր հողին, ապա կոչով դիմում է ոստիկանական ուժերին․ «Հարգարժան ոստիկանները, որոնք տեսնում ենք, թե ինչ են անում այս օրերին, թող լավ իմանան, որ այդ չարիքն իրենց ընտանիքներն էլ է մտնելու, եթե նրանք իրենց այդպես են պահում, այդ չարիքն իրենց տուն է մտնելու, եւ իրենց երեխաների վրա են դա տեսնելու։ Թող իրենք դա լավ իմանան ու սթափվեն, մի մարդ, ով այդքան ծիսակարգերով հանձնումներ է կատարում։ Թող մեր ոստիկանները լավ իմանան՝ այդ հրեշին պաշտպանելն իրենց երեխաների քթով է դուրս գալու։ Ես կոչ եմ անում ոստիկաններին՝ ոչ թե հայրենավաճառ հրեշին պաշտպանեն, այլ կանգնեն հասարակության կողքին, որպեսզի այդ հրեշին բրիտանացիները շուտ ճանապարհեն դժոխք, սատանան արդեն կրակի լիճը վառել, լավ տաքացրել է եւ սպասում է այդ հրեշին։ Մի պատմություն հիշեցի․ փալանչի Պողոսը մեռնում է, էշերն ուրախանում են, միայն մի ծեր էշ, հայացքը հառած մի կետի, տխուր կանգնած է, մյուս էշերը մոտենում են նրան, ասում են՝ երեւի չես լսել՝ փալանչի Պողոսն է մահացել, հիմա մենք ազատ ենք եւ ինչ ուզենք, ոնց ուզենք՝ կանենք։ Ծեր էշն ասում է՝ փալանչի Պողոսի տեղը մեկ ուրիշին կբերեն, ու մեջքներիդ վերքերից չեք ազատվի, փալանչի Պողոսը՝ լավ-վատ, մեր մեջքի չափը գիտեր, հիմա մի խամ մեկը կգա, ու մեջքներիդ վերքերից չեք ազատվի, դուք ոչ թե փալանչի Պողոսի մահով պետք է ուրախանաք, այլ էշությունը պետք է թողնեք։ Հիմա՝ մեր ազգը կարծես թե հասկացել է, որ այդ էշությունը պետք է թողնի եւ դուրս գա այդ իրավիճակից»,- նկատում է Տեր Ահարոնն ու անդրադառնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանին․
«Ինձ հետաքրքիր է՝ Սերժ կոչվածը հիմա որ գնա տեսնի՝ իր ծնողների գերեզմանը թուրքերը ավերել են, ի՞նչ է անելու․․․, այսպես եմ ասում, որովհետեւ սրանք երկուսով մասնակից են դրան։ Նա 2015-ին Սահմանադրությունը փոխեց ու ամեն ինչ պատրաստեց հենց այսօրվա համար, որ սա քայլելով գա ու իշխանությունը ստանա, վերջում էլ կանգնեց ասաց՝ ես սրան չեմ պարտվել, այլ ավելի հզոր ուժերի, այսինքն՝ փաստացի ասաց՝ ինքն էլ է կապիտուլյանտ։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս երկուսն էլ նույն դեւի երկու տարբեր գլուխներն են, եւ հիմա շատ ուրախ եմ, որ վերջապես պայքարի է դուրս եկել մեր ազգը, դա, այնուամենայնիվ, մի ուղի կհարթի։ Մենք աղոթում ենք դրա համար, որպեսզի Աստված իսկապես ողորմած գտնվի ու միավորի մեր ազգին։ Աստվածաշնչում մի այսպիսի պատմություն կա․ Սավուղ անունով մի թագավոր կար, որը մեծ մեղքեր գործեց Աստծու առաջ, եւ երկիրը սկսեց ջլատվել։ Պատերազմի ժամանակ վիրավորվեց, ու որպեսզի շատ մանրամասներ չպատմեմ, ասեմ, որ, ի վերջո, եկավ Դավիթ թագավորը, որին բազմիցս փորձեց  ոչնչացնել, բայց չկարողացավ։ Դավիթի գալով սկսվեցին Իսրայելի ժողովրդի հաղթանակները՝ թշնամիների հանդեպ։ Հիմա մենք աղոթում ենք, որպեսզի այս Սավուղը շուտ գնա կրակի լճի մեջ, որովհետեւ արյունը ջուր չի դառնում, եւ այսքան երեխաների գլուխն ուտել չի լինի, Աստված մի Դավիթ թագավոր հանի, որ մեր հայրենի երկիրը վերստին վերականգնվի»։

Շատերի կարծիքով, այս իրավիճակում պետք չէ ընդվզել, ցույցեր անել եւ մի բան էլ երկիրը ներսից սասանել, փոխարենը՝ հնչում են իշխանության շուրջ համախմբվելու կոչեր։ Համամի՞տ է այդ տեսակետի հետ։ «Ինքը, երբ Ալիեւի կնոջ ծննդյան օրը Բերձորն ու Աղավնոն տվեց, փաստացի Արցախը տվեց թուրքին, եւ արդեն օղակի մեջ հայտնվեց Արցախը։ Հիմա ինքը նույն վիճակը ստեղծել է Սյունիքում, ինչքան ստրատեգիական բարձունքներ կան, բոլորը տվել է թուրքին։ Կապանի օդանավակայանի վերեւում թուրքը նստած է, մի ճանապարհ է փակում, ու վերջ։ Այսինքն՝ նա արդեն փորձել է Սյունիքը հանձնել, իսկ ես գտնում եմ, որ սատանայի առաքյալի հետ նստել մի սեղանի շուրջ՝ նույնն է, թե դառնում ես իր նման մեկը։ Նրա հետ ոչ մի խոսք չի կարելի փոխանակել, որովհետեւ ինքն էությամբ սատանա է, եւ իրեն բրիտանցիներն են ճանապարհ դնելու, նրա բոլոր ճանապարհներն այլեւս փակ են։ Մի իրական պատմություն պատմեմ․ Հիսուսը հայտնվում է մի թմրամոլի, սա թողնում է այդ թմրանյութերը, դարձի է գալիս եւ մի օր ասում է՝ Տեր Աստված, ինչի՞ ինձ հայտնվեցիր․․․ Հիսուսը հայտնվում է ու ասում՝ քո պապը Տեր Կարապետն է, եւ ես նրա արցունքները երկնքում դույլերով եմ հավաքել, այլապես դու արժանի չէիր, որ ես քեզ հայտնվեի։ Հայտնության գրքում էլ նահատակները տիրոջն ասում են՝ ե՞րբ պիտի մեր վրեժն առնես… հիմա այդ ժամն է հասել արդեն, եւ պիտի օգնեն, որ հրեշը հեռանա, բայց ինքը մենակ չէ, դա էլ ասեմ, եւ այդ հանցագործությունն ինքը մենակ չէր կարող անել, նա ունի նաեւ հանցակիցներ։ Այնպես որն բոլորն էլ պետք է պատասխան տան թե՛ մեր հայրենիքի կորստի, թե՛ այդքան երիտասարդների ցեղասպանության համար»։

Տեր հայրն անդրադառնում է նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ արեց նախօրեին՝ ՄԱԿ-ի հրավիրած նիստից առաջ․ «Այդ հրեշը, որ ասում է՝ ԼՂՀ բնակչությանը վտանգ չի սպառնում Արցախում, դրանով ինքը թշնամու ասեղն է թելում, հետեւաբար, նրան պետք է օգնենք, որ հեռանա, եւ նա չպետք է գերեզման ունենա Հայաստանում, ափսոս է, որ այդ սուրբ հողը պղծվի, բայց պետք է օգնել, որ շուտ գնա, որովհետեւ ինքը Սյունիքը հանձնելու բոլոր նախադրյալները տվել է, Կապանից սկսած՝ թուրքի աչքի տակով ես գնում։ Պիտի աղոթենք, որ Աստված Սավուղին ուղարկի դժոխք եւ մի լավ Դավիթ թագավոր հանի, որպեսզի առաջիկա մեծ պատերազմում մենք մեր հայրենի հողերի տերը լինենք, բայց դրա համար մեզ իմաստուն ղեկավար է պետք։ 1047-ից սկսվել են սելջուկ-թուրքական արշավանքները, ու այդ ժամանակվանից մեզ կոտորում են, հիմա մենակ թուրքի ճորտը կասի, որ արցախցիներն այսօր անվտանգ են Արցախում։ Մեզ իսկապես պետք է իմաստուն ղեկավար, որովհետեւ առջեւում համաշխարհային պատերազմ է սպասվում, եւ միայն իմաստուն ղեկավարը կարող է քիչ թե շատ Հայաստանն անվտանգ պահել։ Մի լավ խոսք կա, ասում է՝ 2 հարուստ կռվեցին, քյասիբի ջութակը ջարդվեց։ Հիմա իմաստուն ղեկավար է պետք, որպեսզի կարողանա չեզոք պահել Հայաստանը, որովհետեւ երբ մեր պատմությանը նայում ենք, տեսնում ենք՝ երբ մեր թագավորը եղել է ուժեղ ստրատեգ, բանակն ու հայրենիքն էլ հզորացել են, եթե եղել է դավաճան՝ հայրենազրկվել ենք։ Հիմա հայրենազրկումը բավ է արդեն։ Մեր ժողովրդին ասեմ, որ դեռեւս Հազկերտն է 5-րդ դարում ասել, որ հային ճակատամարտում չես կարող հաղթել, նրան պետք է պառակտել։ Այդպես էլ եղավ՝ եկան բաժանեցին, որպեսզի տիրեն։ Հիմա հայը միավորվում է, ու դրանից էլ թուրքը վախենում է, եթե հիշում եք՝ Ալիեւն ինչքան խոսում է, ասում է՝ ռեւանշիստներ, այսինքն՝ ինքը մինչեւ հիմա էլ վախենում է հայի միավորվելուց, որովհետեւ հայի պես կռվող չկա։ Այդ պահն է հասել, որ հայը միավորվի եւ այս գլխակերին, հայրենավաճառին իր տեղը դնի։ Ապագայում մենք կունենանք մեծ Հայաստան։ Անհոգ եղեք, սիրելի հասարակություն, պայքարեք, չվախենաք, միեւնույն է, մենք հասնելու ենք այդ լուսավոր կետին»։