Գուցե ձեր երկրում լրատվամիջոցների հետ խոսելու նման պրակտիկա է ընդունված, բայց ոչ մեր երկրում

Գուցե ձեր երկրում լրատվամիջոցների հետ խոսելու նման պրակտիկա է ընդունված, բայց ոչ մեր երկրում

Այսօր մենք հարցեր էինք ուղղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Երեք հարց։ Հետաքրքրվել էինք․ ընդունե՞լ է արդյոք դեսպանը հայազգի անձանց այս օրերին, հանդիպե՞լ է արդյոք ռազմագերիների հարազատների հետ, ի՞նչ է քննարկել եւ վերջին հարցը՝ լուրեր են շրջանառվում, որ պրն Կոպիրկինը հնարավոր է հեռանա դեսպանի պաշտոնից, ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ։

Այս երեք հարցին Հայաստանում ՌԴ դեսպանությունից մեզ անչափ «սպառիչ» պատասխան են ուղարկել․

«Առանց մեկնաբանությունների»՝«Мы оставим их без комментариев»։ Ի դեպ, անցյալում էլ մեր բոլոր հարցումներին նմանօրինակ պատասխաններ ենք ստացել ՌԴ դեսպանությունից։ Այս պատասխանն ուղարկվել էր հարցերն ուղարկած լրագրողին, որից հետո մենք էլեկտրոնային փոստով գրություն ստացանք, որը հետագայում պարզեցինք, որ տեղադրվել է նաեւ դեսպանության պաշտոնական կայքէջում։

Ահա այն․

«Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթին հետաքրքրող մի շարք հարցերի վերաբերյալ մեկնաբանություն տրամադրելու հարցմանը՝ հայտնում ենք հետևյալը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանութունը միշտ եղել և մնում է բաց զանգվածային լրատվության միջոցների հետ փոխգործակցության համար, ինչի հաստատումը կարող են ծառայել ինչպես դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարության, այնպես էլ դրա աշխատակիցների բազմաթիվ մեկնաբանությունները, հարցազրույցները և մամուլի ասուլիսները: Մենք միշտ պատրաստ ենք աշխատել նրանց հետ, ովքեր իրենց մասնագիտական գործունեության մեջ առաջնորդվում են օբյեկտիվ, ազնիվ, անկողմնակալ լրագրության սկզբունքներով, լիարժեք պատասխանատվություն են ցուցաբերում տեղեկատվությունը մշակելիս և ստուգում են հրապարակվող նյութերի հավաստիությունը:

Չենք բացառում նաև «Հրապարակ» օրաթերթի հետ տեղեկատվական փոխգործակցության հնարավորությունը, բայց միայն վերը նշված սկզբունքների հիման վրա։ Այս կապակցությամբ կցանկանայինք ուշադրություն դարձնել ս.թ. հունվարի 21-ին Ձեր ինտերնետային կայքում հրապարակված «Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից» հոդվածին, որը զրպարտչական հերյուրանքներ է պարունակում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հասցեին։ Հոդվածում շարադրված տեղեկատվության համոզիչ ապացույցների առկայության դեպքում խնդրում ենք տրամադրել մեզ դրանք: Հակառակ դեպքում պահանջում ենք հրապարակել պաշտոնական հերքումը։ Այլապես, համագործակցության մասին ոչ մի խոսք չի կարող լինել»։

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ հոդվածի մասին է խոսքը մեջբերենք նաեւ այն․

«Շատերը կարծում են, որ այսօր Հայաստանում իշխանափոխությունը կախված է բացառապես Ռուսաստանից։ Սակայն ռուսական իշխանության մեջ այս հարցում տարբեր տեսակետներ կան․ եթե ուժայինները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա, ապա արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս պահին դրան դեմ է։ Իսկ ՀՀ իշխանամերձ շրջանակներում փսփսում են, որ վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա։ Հիմա Հայաստանի ընդդիմադիր ուժերը որոշակի դժգոհություն ունեն Փաշինյանի «կյանքը երկարաձգող» ռուսական պաշտոնական օղակներից եւ մասնավորապես՝ Հայաստանում ՌԴ դեսպանից, որը սերտ կապերի մեջ է հայաստանյան մի շարք կուսակցությունների հետ եւ անգամ հովանավորում է դրանցից մի քանիսին, նաեւ խրախուսում է արտահերթ ընտրությունների անցկացումը, որի կազմակերպիչը գործող իշխանությունն է լինելու։ Ընդդիմությունը փորձում է հասնել նրան, որ դեսպան Կոպիրկինին հետ կանչեն, եւ ՌԴ բարձր իշխանավորները համոզվեն՝ Փաշինյանի հեռացումը բխում է բոլորի շահերից, այդ թվում՝ Ռուսաստանի։ Իսկ նրա կողմից ընտրությունները կազմակերպելը իր վերարտադրվելու գրավականն է»։

Այժմ վերադառնանք դեսպանատան «ուլտիմատումին»․

Մենք հասկանում ենք, որ 2020 թվականին իրավիճակ է փոխվել եւ Ռուսաստանը, ըստ այդմ նաեւ՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն իրեն իրավիճակի տերն է զգում մեր երկրում եւ դրանով է բացառապես պայմանավորված այս գրության տոնը, ոճը, պահանջատիրոջ կեցվածքը։ Հասկանում ենք նաեւ, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին միջամտելը ռուսական կողմից այլեւս իրողություն է եւ ոմանք նաեւ ստիպված են լինելու հաշտվել դրա հետ, բայց անշուշտ՝ ոչ լրատվամիջոցները եւ մասնավորապես «Հրապարակ» օրաթերթը։

Հարգելի դեսպան եւ դեսպանատան աշխատակիցներ, որոնք մտահղացել են այս գրությունը․ մենք ձեզ համագործակցություն չենք առաջարկում, մենք ընդամենը հարցեր ենք ուղարկել եւ դուք՝ որպես դիվանագիտական ներկայացուցչություն կարող եք պատասխանել կամ չպատասխանել մեր հարցերին՝ ձեր իրավունքն է։ Ինչպես մեր իրավունքն է տեղեկատվություն փոխանցել մեր հասարակությանը այն ամենի մասին, ինչը նպատակահարմար ենք գտնում։ Իսկ մենք նպատակահարմար ենք գտնում ներկայացնել հայաստանյան ներքաղաքական իրողությունները, ինչպես նաեւ՝ քաղաքական ուժերի վերաբերմունքը ձեր պետության, ձեր պետությունը ներկայացնող դեսպանի կամ մեկ այլ պաշտոնյայի նկատմամբ։

Եթե մեր աղբյուրները վկայում են, որ Ռուսաստանի դեսպանի գործունեության հետ կապված ՀՀ քաղաքական ուժերի շրջանում դժգոհություններ են կուտակվել, մենք պարտավոր ենք գրել այդ մասին, սակայն պարտավոր չենք ձեզ հաշվետու լինել եւ «համոզիչ ապացույցներ» ներկայացնել, մանավանդ՝ չենք պատկերացնում, թե ձեր կարծիքով որոնք են «համոզիչը», եւ որոնք են «ապացույցները»։

Եթե կարծում եք, որ ձեր իրավունքները ոտնահարված են, ազատ եք դիմելու օրենքով չարգելված բոլոր միջոցներին, սակայն մեր ազատ խոսքի իրավունքը սահմանափակել չեք կարող։

Գուցե ձեր երկրում լրատվամիջոցների հետ խոսելու նման պրակտիկա է ընդունված, սակայն Հայաստանում նման պրակտիկան համարվում է վատ տոն եւ ժողովրդավարության կանոնների խախտում։

«Հրապարակ»