Վահագն Խաչատուրյան, գոնե տանդ դեմի փոսի հարցը լուծի

Վահագն Խաչատուրյան, գոնե տանդ դեմի փոսի հարցը լուծի

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը գրանցված է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, բայց ապրում է Զաքյան փողոց 5 հասցեում։ Նրան ուղեկցող կորտեժը՝ 5-6 մեքենայից կազմված, ամեն օր առավոտյան՝ մեծ շուքով գալիս է այստեղ, հանդիսավորությամբ վերցնում նրան եւ տեղափոխում Բաղրամյան 26։ Երեկոյան՝ նույն շուքով ու հանդիսավորությամբ էլ նրան հետ են բերում իր տուն։

Թե ինչ օգուտ է տալիս այս անձը եւ նրա պաշտոնը մեր երկրին, որի վրա տարեկան ահռելի պետական միջոցներ են ծախսվում, դժվար է ասել եւ այս հրապարակումն էլ դրա մասին չէ։ Այլ այն մասին, որ պետական թանկ մեքենաները, պետության թիվ 1 պաշտոնյայի եւ նրան ուղեկցողների հետ միասին, օրական երկու անգամ գալիս են այս հասցեն եւ թփփալով ընկնում Զաքյան փողոցում՝ Խաչատուրյանի շենքի մոտ մոտ մեկ տարի առաջ գոյացած փոսը։ 

Մի նախագահ, որ մեկ տարվա մեջ մի փոս անգամ չի կարողանում նորոգել տալ, որ իրեն ուղեկցող մեքենաները չփչանան այդ փոսն ընկնելով եւ շենքի բնակիչներն էլ հասկանան, որ իրենց երկիրը նախագահ ունի, այլեւս ի՞նչ արդյունավեության մասին կարող է խոսք լինել։ Եւ փոսը լցնելն էլ հաստատ չէր դիտվի պետական պաշտոնյայի կողմից ճոխություն՝ դա իր անձնական բնակարանի նորոգում չէ, այդ ճանապարհից օգտվում են մեծ թվով մարդիկ, ՀՀ քաղաքացիներ։

Արեգ Մարգարյան