Կարեւորը՝ անկարեւորից

Երեկ էկոնոմիկայի նախարարությունում կատարվածը ոմանք լավ նախապատրաստված շոու անվանեցին, այսպես կոչված՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացված։ Մյուսները համարեցին, որ ուղղակի ներքեւի օղակներում չափի զգացումը կորցրել են եւ առանց «վերեւներին» տեղեկացնելու մեծ փողեր կերել, իսկ «վերեւները» ծանր տանում են ոչ այնքան կոռուպցիայի փաստը, որքան այն, որ իրենք տեղեկացված չեն, իրենց խաբել են ստորադասները։ Ոմանք էլ կարծում են, որ այսօր՝ կառավարության նիստում, վարչապետը մանրակրկիտ կխոսի այս թեմայով՝ անարգանքի սյունին գամելով կոռուպցիոներներին եւ աղքատ ու անգրագետ խավին համոզելով, որ «համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա՝ կան միայն հատուկենտ կոռուպցիոներներ», որոնց հերթով պատժելով գալիս են՝ չխնայելով անգամ երիտասարդ կանանց։ Ոմանք էլ գտնում են, որ սա հերթական աչքկապոցին է՝ կարեւոր հարցերից հանրային ուշադրությունը շեղելու համար։ Եվ որքան անվտանգության հարցերը լրջանում են, ու թշնամու հետ հարաբերությունները սրվում, այնքան ավելի ցցուն է դառնում «կոռուպցիայի դեմ պայքարը»։
Կոնկրետ իմ կարծիքով, երեկվա գլխավոր իրադարձությունը ոչ թե էկոնոմիկայի փոխնախարարի շուրջ կատարվողն էր, այլ Երեւանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի որոշումը, որն ընդունվել է 15 հարգարժան պատմաբանների կողմից եւ որն ինձ՝ պատմության ֆակուլտետի շրջանավարտիս, իրական հպարտության զգացում պարգեւեց։ Հստակ, գիտականորեն կշռադատված ու փաստարկված տեքստ են տարածել ԵՊՀ պատմաբանները՝ ջարդուփշուր անելով ԿԳՄՍՆ-ի հիվանդ նախաձեռնությունը՝ Հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերածելու մասին։ Նրանց վերդիկտը միանշանակ է․ «Առաջարկվող փոփոխության ընդունումն էական վնաս է հասցնելու առարկայի դասավանդմանը»։
Կարծիքներ