Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանին ե՞լք է հուշում

Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանին ե՞լք է հուշում

Երկու օր է համառ լուրեր են շրջանառվում, թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղարկում են Չեխիա՝ Հայաստանի դեսպան։ Լիլիթ Մակունցին ԱՄՆէ դեսպան ուղարկելու լուրից հետո սա միանգամայն հանգիստ կընդունվի։ Տրամաբանությունն այն է, որ Մարությանը կամովին չի հրաժարվում պաշտոնից, իսկ Նիկոլ Փաշինյանը շատ դժգոհ է եւ շատ է ուզում Հայկոյին հեռացնել, ուստի գտել են կոմպրոմիսային տարբերակը՝ Հայկոն կգնա իր երազանքների երկիրը՝ բարձր կարգավիճակով, իսկ իշխանությունները կազատվեն անցանկալի քաղաքապետից եւ իրենց նախընտրած թեկնածուին, ըստ որոշ լուրերի՝ Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանին կկարգեն քաղաքապետ։

Թե դրանից քաղաքն ինչ կշահի, իհարկե, պատմությունը լռում է, բայց գոնե կհանգուցալուծվի այս լարված եւ անոմալ վիճակը՝ երբ վարչապետն ու Երեւանի քաղաքապետն իրար հետ չեն շփվում, քաղաքապետարանն էլ կառավարության հետ չի կարողանում աշխատել։ Իհարկե, մեր երկրում այնքան բան է ավերվել այս երեք տարում ու այնքան համակարգեր են կաթվածահար ու կազմալուծված, որ սա «չնչին» խնդիր է եւ ոչ մեկը չի էլ նկատում, որ կառավարման երկու հսկա օղակ իրար հետ չեն աշխատում, բայց ներիշխանական հարցեր կան, նեղանձնական խնդիրներ կան, որ բարձր իշխանությանն անհանգստացնում են, խանգարում իր ունեցած լծակները լիարժեք կիրառել, պաշտոնավարման հնարավոր բարիքները վայելել։

Սակայն ամբողջ բանն այն է, որ մեր հետաքննության արդյունքում պարզեցինք՝ նման բան չկա։ Գոնե այս պահին՝ Հայկ Մարությանին Չեխիա դեսպան ուղարկելու ոչ մտադրություն կա, ոչ խոսակցություն, ոչ գործընթաց։ Ներիշխանական բազառներից լավատեղյակ մեկը մեզ հուշեց, որ սա թերեւս հենց Հայկ Մարությանի մշակած սցենարն է եւ ասպարեզ գցած «ուտկան»։ Սրանով Նիկոլ Փաշինյանին հասկացնում է՝ ինձ ուղարկեք Չեխիա, համ դուք կպրծնեք, համ՝ ես։ Մեր խառնակ օրերում միանգամայն հավանական տարբերակ է՝ մարդը ելք է հուշում։