«Սուրբը» կար, պակասում էր «Սրբուհին»
Արդարադատության նորանշանակ նախարարը դեռ շեմ չմտած ասում է՝ ես կողմ եմ, ինչ անում է «Սուրբը»։ Ես նրա հայտարարությունը թարգմանում եմ հասկանալի լեզվով։
Տեսեք ինչ է ասում․ «Ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը «իրական Հայաստանի» վերաբերյալ և ստանձնել եմ պատասխանատվություն՝ իրականացնել ողջ գործընթացի իրավական ապահովումը»: Յոթ տարի է՝ իշխանության, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի գործընթացի իրավական ու բարոյական ապահովումը սովորույթ է է դարձել։ Ոնց որ հարսը տուն մտնելուց ոտքով ջարդում է ափսեն, ՔՊ-ականներն էլ պաշտոն ստանալուց առաջ երգում են՝ «Օ՜, Սուրբ , Սուրբը»։
«Սուրբը» կար, պակասում էր «Սրբուհին», եկավ ու երգեց։ Եկավ ու ափսեն տնավարի ջարդեց։ Հարսի նման, որ ասում է՝ հնազանդ եմ։ Ինչ ասես, գլուխս կախ անելու եմ։ Չմոռանանք, որ նա արդարադատության նախարարի պաշտոնի էր եկել ու առաջին հերթին անարդարությունից տառապող ժողովրդին պիտի ասեր՝ հնազանդ եմ։ Ինքը երդում է տալիս Նիկոլ Փաշինյանին, ասում էր այն՝ ինչ նա էր ասում՝ քաղբանտարկյալներ չկան․ «Բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հակազդեցություն»։ Դե մի բան պիտի կարեին, աղջիկ ջան, հո տկլո՞ր չէին թողնելու։ Միտինգ անելու կամ թռուցիկ կպցնելու համար, հո չէի՞ն բռնելու ու նստեցնելու։ Մի բան պիտի կարեին։ Կարի մեծ արհեստանոց ունեն։ Սրբուհին ասում է, որ պաշտոնի համար գիտակցված է իր համաձայնությունը տվել․ «Սպասելի չէր, ես զբաղեցնում էի այլ պաշտոն, բայց առաջարկը ստանալուց հետո մտածել եմ ու տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը»: Ուզում եմ հասկանալ՝ ովքե՞ր են այն պաշտոնյաները, որ պաշտոն զբաղեցնելուց անգիտակից ձևով են իրենց համաձայնությունը տվել։ Բոլորն էլ լավ իմացել են, թե ու՞մ են հարս գնում, ու՞մ են «հարսություն անելու»։ Միանգամայն համամիտ ենք, որ դու գիտակցված ես պաշտոնն ընտրել ու ինչպես դու ես ասում, որովհետև «Ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը»։ Այնքան գիտակցված ես պաշտոնի եկել, որ գտնում ես «Զանգովի արդարադատություն մեր երկրում չի գործում»։ Մնում է արձանագրել ընդամենը՝ «Սուրբը» կար, պակասում էր «Սրբուհին»։ Նա էլ եկավ։
Կարծիքներ