Վահե Նիկոյանի դեմ ցուցմունք չկա․ ինչու դատարանը նրան չի կալանավորել

Վահե Նիկոյանի դեմ ցուցմունք չկա․ ինչու դատարանը նրան չի կալանավորել

Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Նիկոյանի պաշտպանը։

Վերջինիս խոսքով՝ Նիկոյանին դատարանը՝ Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը կալանավորելու վերաբերյալ մերժել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

«Վահե Նիկոյանը ոչ միայն մեղադրանքը չի ընդունում, այլ դատարանն եզրահանգել է, որ հանցագործության կատարման հիմնավոր կասկածը Նիկոյանի կողմից բացակայում է»,-նշեց պաշտպանը։

Ինչ վերաբերում է Նիկոյանի դեմ ցուցմունքներին, ասաց, որ, ըստ էության, նրա դեմ ցուցմունք չկա։

Նշենք, որ Նիկոյանի հետ նույն՝ ՀՖՖ-ի գործով, մեղադրանք է առաջադրվել նաեւ կառավարության վերահսկողության վարչության նախկին պետ Գեւորգ Հակոբյանին։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նախկին քարտուղար Նաիրա Տ․-ն․ վերջինս կալանավորված է։
 
Ի դեպ, նշենք, որ Նիկոյանը ժամանակին եղել է այդ հանձնաժողովի նախագահը։
Նախաքննական մարմնից նաեւ փոխանցեցին, որ թե՛ Նիկոյանին, թե՛ Գեւորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։