Հայաստանն էլ Սոնայի պես վրաերթի տարար․․․

Հայաստանն էլ Սոնայի պես վրաերթի տարար․․․

2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանին օտար ուժերը բերին - դրին վարչապետի աթոռին, մարդիկ ուրախությունից խելքամաղ էին եղել։ Հենց նոր նայում էի, թե ինչ ցնծագին բացականչություններով ու ճիչերով էին մարդիկ ինքնաբուխ նշում 2018- ի այս օրը՝ Նիկոլի ծնունդը,  և մտածում, թե ինչքան սառանասրտորեն է վարվել թշնամին։ Նախկին իշխանության նկատմամբ  դժգոհությունը՝ ատելության, չարության վրեժխնդրության վերածելով, ժողովրդի ձեռքով իր պետականության գլուխ նստեցրել է մեկին, որը իրենց բաց թողած գունավոր ծխերի պես ատելության տարբեր չափաբաժիններ ու ստեր է օդում արձակել, ամենևին չանհանգստանալով, որ դրանք չի կատարելու։   

Սովորաբար խոհեմ թշնամին այդպես է վարվում՝ քեզ ոչնչացնում է քո ձեռքերով։ Մեզ հետ էլ այդպես վարվեցին։ 2018-ի այս օրը Նիկոլի թերթը՝ կնգա գլխավորությամբ, հոդված էր սպրդել․

«Այսօր ոչ միայն երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, այլ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է: Վարչապետ Փաշինյանը դարձավ 43 տարեկան:
Երեւանի Հանրապետության Հրապարակում այս պահին մեծ թվով քաղաքացիներ հավաքվել են՝ նշելու իրենց ընտրյալ վարչապետի ծնունդը: Քաղաքացիների տրամադրությունը բավական բարձր է, նրանք պարում են Հանրապետության հրապարակում»:

Երգ ու պարի ու մնացած խենթությունների մասին չեմ գրելու, որովհետև դոզայի տակ լինելը օգտագործելը, պարկեշտ բան չէ։ Դե հիմա խաբել են, խաբվել եք և հասել այս դժոխային վիճակին։ 

Հիմա նույն թերթի ոգով ուզում եմ ավելացնել՝ այսօր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ծնունդն է, այլ Սոնա Մնացականյանի ծնունդն է։ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 6։05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ Ողբերգական ավտովթարի զոհ դարձավ երիտասարդ գործարար Սոնա Մնացականյանը, որն ընդամենը 2 ամիս անց պատրաստվում էր լույս աշխարհ բերել իր առաջնեկին՝ Արիային:

Պատահականությու՞ն է, որ երկուսն էլ նույն օրն են ծնվել, թե՞ էլի ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը գործում է նշանային համակարգով։ Սոնայի ու իր չծնված երեխայի մահը ազդակ էր, որ ծաղկուն Հայաստանն ու իր ապագան նույն կերպ են խորտակելու՝ անտարբերության , անպատասխանատվության և իշխանության շարասյան սմբակների տակ։