Զրո պատասխանատվություն

Զրո պատասխանատվություն

Ցանկացած փոքրիկ հիմնարկի ղեկավարի հարցրեք՝ վճռորոշ որոշումներ կայացնելուց առաջ ինչքան է մտածում, քանի մասնագետի հետ է խորհրդակցում, քանի գիշեր չի քնում, ինչ անվտանգության «բարձիկներ» է նախապատրաստում, որ ձախողվելու հավանականությունը փոքրանա։ Ցանկացած վարորդի հարցրեք, թե ավտոմեքենա վարելիս ինչպես է պահում իրեն վթարային իրավիճակներում, ինչպես է փորձում անվնաս դուրս գալ այդ իրավիճակներից։ Իսկ եթե հանկարծ վթարի է ենթարկվում, հետո ինչքան է գցում-բռնում, իր սխալները վերլուծում։ Աստված չանի՝ որեւէ մարդու վնաս պատճառելուց, առավել եւս՝ մահվան ելքով վթարներից հետո ինչքան ժամանակ խելքի չի գալիս, ինչքան է զղջում, իրեն մեղավոր զգում, ցավ ապրում, որ մարդուն, թեկուզ ոչ միտումնավոր, կյանքից է զրկել

Ցանկացած նորմալ համայնքապետի հարցրեք, թե ինչ պատասխանատվություն է զգում իր ղեկավարած համայնքի անդամների համար, ինչպես է կեսգիշերին արթնանում եւ մեկնում պատահարի վայր, ինչպես է իր համայնքի բնակիչների հազար ու մի հոգսով զբաղվում, երբեմն նույնիսկ իր գրպանից օգնություն տրամադրում։ Ցանկացած լավ բժշկի, ուսուցչի, փաստաբանի հարցրեք, թե ինչ պատասխանատվություն են զգում իրենց վստահված աշակերտների, հիվանդների, պաշտպանության կարոտ մարդկանց համար։ Ինչպես են դողում, որ արդարացնեն նրանց հույսերը՝ պատշաճ բուժում ապահովեն, բավարար գիտելիքներ փոխանցեն, նեղ վիճակից մարդկանց հանեն։

Հիմա տեսեք, թե ինչքան անփույթ ու անպատասխանատու է իրեն վստահված երկրի ու մարդկանց նկատմամբ այս երկրի առաջին դեմքը, որն ամենածանր որոշումները կայացնելիս ոչ մեկի հետ չի խորհրդակցում, իր գործողությունների արդյունքում զոհվածների, տուժածների համար չի ցավում, Արցախի եւ մեր կորսված երազների համար իրեն մեղավոր չի զգում։